Նախորդ ռեժիմը փորձում է դիրքավորվել Արցախում և հակագրոհ սկսել. Հայությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը: Ինչո՞վ է սա պայմանավորված և ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու: Ամերիկան պետական էգոիզմի քաղաքականություն է վարում, և այս քայլն էլ դրա շրջանակներում է, Հայաստանի հետ կապ չունի: Ըստ էության, ԱՄՆ-ը միակ երկիրն էր, որ այսքան ժամանակ պետական մակարդակով օգնություն էր ցուցաբերում Արցախին: Նաև միակ երկիրն էր, որ 907-րդ բանաձև ուներ, որը վերաբերում էր Արցախին: Հիմա Ամերիկան նոր դոկտին է որդեգրել, երբ իրենք զբաղվում են բացառապես արևմտյան կիսագնդով և շատ ակտիվ չեն աշխարհի այլ տարածքներում: Թրամփը, ըստ էության, դա է անում՝ փակում է սահմանները, խստացնում է ներգաղթը և այլն: Այսինքն այստեղ խնդիրը ԱՄՆ-ի ռազմավարության փոփոխությունն է, անցումը մեկուսացման քաղաքականության: Ինչ վերաբերում է Արցախի օգնությունը դադարեցնելուն, դա ինձ շատ չի մտահոգում, որովհետև առանձնապես մեծ գումար չի տվել: Իհարկե, շատ կարևոր էր Ամերիկայի օգնությունն այդ ճանապարհով, բայց միաժամանակ տեսեք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Կոնգրեսում: Այսինքն, հայկական կողմի համար քաղաքականությունը հավասարակշռվում է: Մտահոգողը առկա իրավիճակն է, որ համառորեն փորձում են Արցախում իշխանությունները վերարտադրվել: Եթե վերարտադրվեցին, ապա հայ ժողովրդի դեմ ուղղված Սերժ-Ռոբերտ հակամարտությունը պետք է վերածեն Հայաստանի և Արցախի միջև հակամարտության: ՀՀ իշխանությունները պարտավոր են միջամտել և թույլ չտալ նման հակադրություն: Մնացած հատվածով ով ուզում է, թող ընտրվի: Սերժառոբերտական ռեժիմը չպետք է վերարտադրվի գաղտնի, թե բացահայտ: ԱՄՆ կառավարության որոշման հետ կապված Ադրբեջանում ոգևորություն է տիրում: Դե պարզ է, որ հիմա ամեն մեկն իր քարոզչական հարցերն է լուծում, բայց տվյալ պարագայում կարևորը Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Սա արմատական քայլ էր: Իսկ Արցախին օգնությունը դադարեցնելու որոշումը պետք է հստակ բացատրվի իմքնամեկուսացման քաղաքականությամբ: Տեսեք, մինչև կորոնավիրուսը նման խնդիր չկար, որովհետև ամերիկացիները սահմանափակ ձևով էլի իրենց աշխարհի խնդիրների մեջ էին տեսնում: Սա չի նշանակում, որ հիմա ամբողջովին դուրս են գալիս այդ շրջանակներից, բայց հիմա աշխարհում թևածում է պետական էգոիզմը, և ամեն մի ժողովուրդ հավաքվում է սեփական վերմակի տակ, և ոչ մեկի պետքը չէ, թե մյուսի հետ ինչ է տեղի ունենում: Մեր ժողովուրդը, որ դարավոր պրոբլեմ ունի հյուսիսի հետ կապված, պետք է իմանա, որ այդ հյուսիսը դեպի անկում է գնում, չի օգնել ու չի էլ օգնելու մեզ: Դրա համար Արցախի օգնության դադարեցումը չպետք է սրտին մոտ ընդունել, փոխարենը պետք է ամեն կերպ թույլ չտալ Արցախում նախկինների վերարտադրություն: Դրա համար հայկական երկու պետությունների մոդեռնացում պետք է իրականացվի: Այսօր ժամանակակից պետության ստեղծումը դառնում է կյանքի ու մահվան հարց: Այսօր ունենք փաստ, որ ամեն ինչ մասնավորեցված է, և պետությունը ոչ մի վերահսկողություն չունի տնտեսության նկատմամբ: Շատ բան կախված է օլիգարխների կամքից ու քմահաճույքից, դրա համար առաջարկել եմ, առիթից օգտվելով՝ երեք նախագահների ունեցվածքը պետք է ստուգվի և ապօրինի մասն ազգայնացվի: Պետք է ազգայնացվեն բանկերը, հանքերը, որպեսզի կարողանանք այս դժվար ժամանակն անցնենք, որովհետև ոչ ոք չգիտի, թե սրա ելքն ինչ է լինելու: Ոչ մի պետություն այսօր մյուսին օգնելու տրամադրություն չունի: Տեսեք, Իրանը խնդրեց մի փոքր թուլացնել պատժամիջոցներն այս իրավիճակում, սակայն ոչ մեկը դրան չի արձագանքել: Իտալիայի պես երկիրը վարի է գնում, և Եվրոպան բախտի քմահաճույքին է թողել իտալացիներին: Ուզում եմ ասել որ առաջին դերակատար են դառնում ազգ-պետությունները, որոնց գլխավոր բնավորությունը ազգային էգոիզմն է: Այս պայմաններում թույլ չի կարելի տալ, որ Արցախում կեղծիքներով ընտրություններ լինեն, ընտրակաշառք լինի, պետությունը պետք է միջամտի և չթողի նախկիններին վերարտադրվել: Հայությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած Արցախում, որովհետև նախորդ ռեժիմը, որ ամբողջությամբ տապալված չէ Հայաստանում, դիրքավորվելու է Արցախում և հակագրոհ սկսի: Իսկ այդ դեպքում Ռուսաստանի միջամտությունը կլինի վայրկյանական: Լավ բանի համար իրենք չկան, բայց վատի համար անպայման կանեն: ՀՀ իշխանությունները պետք է նեյնիմները թողնեն՝ դեմոկրատիա, Սահմանադրություն, սա թույլատրվում է, նա չի թույլատրվում, պետք է ապահովեն ժողովրդավարական ընտրություն Արցախում՝ նախկին ռեժիմը մերժելով: Հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի այսօրվա իշխանությունների վրա: Ակնհայտ երևում է, որ Արցախում նրանք դիրքավորվել են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
23-03-2020 23:19