Ոստիկանները բացահայտել են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրենի ապօրինությունները

24-03-2020 16:59

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-ից 2020 թվականներին օտարերկրյա «Համաշխարհային հատուկ օլիմպիադաներ» կազմակերպությունից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ինչպես և այլ կազմակերպություններից «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 80 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար՝ հաշմանդամային սպորտին առնչվող ծրագրերի շրջանակներում: Քննությանը հայտնի տվյալներով՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրենը հիշյալ գումարներից իր անձնական բանկային քարտին փոխանցելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 34 միլիոն 430 հազարից ավելի դրամ: Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2015-2016 թվականներին կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներից երկուսի մարզիչի՝ ՀՀ Նախագահի կողմից որպես անվանական թոշակ նշանակված գումարներից 960 հազար դրամը: Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: `

Lragir.am,
24-03-2020 16:59