Չինաստանի շախն աշխարհին. Հայաստանին առաջարկ է արվել

Կորոնավիրուսի համաճարակի օջախ Չինաստանի Ուհան քաղաքը վերադառնում է բնականոն կյանքի, գործարկվելու է քաղաքային տրանսպորտը: Այն պայմաններում, երբ կորոնավիրուսը դարձել է համաշխարհային ճարակ, բերելով ընդհուպ խելագար խուճապի դրսեւորումների, Ուհանից ստացվող տեղեկությունը հնչում է ինչպես հեգնական բարձրությունից: Իհարկե, միայն պետք է ուրախանալ Ուհանի բնակիչների եւ Չինաստանի համար, որ խստագույն միջոցառումների շնորհիվ կարողացել են հաղթահարել համաճարակը: Ներկայում Չինաստանն այլեւս օջախ չէ, եւ վարակի օջախը «տեղափոխվել» է Եվրոպա, որտեղ էպիկենտրոնն Իտալիան է: Ի դեպ, չինացի բժիշկների եւ մասնագետների խումբը Իտալիայում է: Իտալիայում կարծես թե ծավալվում է աշխարհքաղաքական այսպես ասած առողջապահական մրցակցություն՝ Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ: Այսօր նաեւ իտալացի ծանր վարակակիրներին օդանավով ընդունել է Գերմանիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, թե վարակի տարածումն արագ է, եւ պահանջվում են աշխույժ, գրոհային հակաքայլեր: Համաշխարհային պանդեմիա-ինֆոդեմիայի ֆոնին Չինաստանում կյանքի բնականոն հուն վերադարձը տպավորում է, միաժամանակ առաջացնում հանրային քննարկումների բազմաթիվ թեմաներ: Չինաստանը, ըստ տպավորության, հաղթել է ոչ միայն վարակին, այլ առայժմ հաղթում է նաեւ աշխարհին: Կորոնավիրուսը թողնում է աշխարհին արված չինական շախի տպավորություն, եւ միջազգային հանրությունն այժմ ջանում է խուսափել մատից: Համենայն դեպս ակնառու է, որ վարակի առիթով ծավալվում է համաշխարհային շախմատային մի մեծ դիմակայություն: Պեկինը առայժմ ստացել է որոշակի դիրքային առավելություն, թեեւ Չինաստանի ԱԳՆ պաշտոնյան օրինակ ամերիկյան զինվորականներին էր մեղադրել վարակը Ուհան հասցնելու համար: Այդ մեղադրանքին հետեւեց ԱՄՆ կոշտ արձագանքը: Ով էր հասցրել վարակը, պարզ չէ, եւ պարզ չէ, թե ինչպես կավարտվի պարտիան, կամ մրցամարտը ընդհանրապես, որը կամ աշխարհի «թագի համար» պայքար է, կամ բոլորին բերելու է պայմանավորվածության՝ համաշխարհային կյանքի կազմակերպման սկզբունքների շուրջ: Նախօրեին Չինաստանը Երեւանի ուշադրության կենտրոնում էր: Այստեղ հանդիպում էր եղել Հայաստանի նախագահի ու Չինաստանի դեսպանի միջեւ, եւ նաեւ տեսակապ՝ դեսպանի ու Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի միջեւ: Պեկինը պատրաստակամ է բժշկական պարագաների օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը հույժ կարեւոր է: Միեւնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում Պեկինի օգնությունը ստանում է շատ ավելի լայն նշանակություն եւ շերտեր: Հայաստանը պատրա՞ստ է լինել կարեւորագույն կովկաս-մերձավորարեւելյան ռեգիոնում պեկինյան շերտերի լեգիտիմության հենման կետ: Չինաստանն այդ իմաստով Երեւանին առաջարկն արել է դեռեւս 2019-ի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի Պեկին այցի ընթացքում, երբ նախագահ Սի Ծինպինը աննախադեպ անդրադարձ էր ունեցել հայկական հարցին: Սակայն ի՞նչ պայմաններ է դիտարկում Չինաստանը, Երեւանին իր առաջարկի համատեքստում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
24-03-2020 21:19