Ծառուկյանը դա ասաց՝ կտրեք բժիշկների, զինվորների փողը, բանակի փողը, վառելիքը տանկերից հանեք, ծախեք, իմ կազինոյի աշխատավարձը տվեք

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Պարոն Արշակյան, նախօրեին լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է հարցին, թե արդյոք վճարելու է իր ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարապուրդի են մատնված՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է ինքը վճարի, պետությունը պետք է վճարի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, երբ ԲՀԿ առաջնորդը ամբողջ պատասխանատվությունն ու բեռը դնում է պետության վրա: Նախ՝ թյուրիմացություն է, որ պարոն Ծառուկյանն այդպիսի ունեցվածք ունի: Քաղաքացիական պարտքի մասին նման գիտակցություն ունեցող մարդը պետք է սոցիալապես նպաստառու լինի, որ մտածի՝ պետությունը պետք է ինձ տա, պետությունը պարտավոր է ինձ կերակրել, բուժել, կրթել և այլն: Ինքը դա է, քաղաքացիական նկարագիրն է դա: Սա լյուստրացիա է: Իսկ որ ինքը շատ փող ունի, դա հիվանդության հետևանք է: Այն, ինչ մենք հիմա անվանում ենք քրեաօլիգարխիկ, կոռումպացված, կոռուպցիոներներ, քրեականներ, օլիգարխներ, այդ բոլորը հավաքված են այդ մարդու մեջ: Նա չգիտի, որ աղետի ժամանակ ամեն մարդ տալիս է այն, ինչ ունի: Մեկն իր մանսագիտությունն է նվիրում անվարձահատույց, զինվորը իր արյունն է նվիրում, բժիշկն իր ծառայությունն է մատուցում, մանկավարժն իր գործն է անում, մեծահարուստն էլ իր բաժին ներդրումը պետք է կատարի: Ինքը չգիտի, որ դա իրենը չի, դա մերն է, Հայաստանի Հանրապետության ունեցվածքն է: Ինքը դա միայն տնօրինում է: Ո՞վ էր իր լեզվից քաշում, որ ինքն իրեն այդպես բացահայտի: Նա պետք է թաքնվեր, ծպտվեր, ասեր՝ այո, 100 էլ կտամ, 1000 էլ կտամ, բոլորը ձեզ, ես այնպիսի ունակություններ ունեմ, որ նորից կդառնամ այն, ինչ որ կամ: Այ դա է ճիշտը: Նա պետք է ասեր՝ ես ունեմ, տալիս եմ, հենց որ տնտեսությունը կվերականգնվի, ես նորից կվերականգնեմ այն իմ աշխատանքով, իմ գիտելիքներով, իմ հմտություններով, իմ խելքով ես նորից կհարստանամ: Այ դա կլիներ հարուստ մարդու պատասխան: Նկատի ունեք, որ նա բացահայտեց, թե բարերարի համբավի տակ ո՞վ է թաքնված: Ինքը բարերար չէ, ինքը մոմ վառող է: Բարերարները սովորաբար ծպտվում են, իսկ նա առևտուր է անում: Նույնիսկ բարեգործության վրա է առևտուր անում, դիվիդենտներ շահում: Քաղաքական, տնտեսական դիվիդենտներ է շահում, արդարադատության աչքերն է փակում: Դա սովորական պոպուլիզմ է: Ինքն իր մասին ավելի լավ ասաց, ինքը սոցիալապես նպաստառու մարդ է իր նկարագրով, իր դղյակներով, նազիր-վեզիներով, որոնք կանգնած հետևից հուշում էին, թե ինքն ինչքան փող է նվիրել: Վերջին հաշվով, այդ մարդու կուսակցությունը հուշագիր է ստորագրել Իրինա Ռոդնինայի և Միզուլինայի կուսակցության հետ: Իր քաղաքական հայացքներն այդպիսին են: Իսկ թե ինչպիսի տնտեսական գործիչ է, ինքն արդեն ասաց, որ պետությունն ինչի՞ համար է, թող թոշակառուների, մանկավարժների, զինվորականների փողը կտրեն, իմ կազինոյի աշխատողների աշխատավարձը տան: Ինքը դա ասաց, ասաց՝ կտրեք բժիշկների, մանկավարժների, զինվորների փողը, բանակի փողը, վառելիքը տանկերից հանեք, ծախեք, իմ կազինոյի աշխատավարձը տվեք, իմ շահը ապահովեք: Իր ասածը հայերեն դա է նշանակում: Եթե ինքը հայերեն չգիտի, իր կողքը իմացողներ կան, թող ասեն: Մեր երկիրը սոցիալական պետություն է, թող մեկն իր ականջին լիկբեզի կարգով ասի, թե ինչ է նշանակում սոցիալական պետություն: Կարծում եք՝ սա իր վարկանիշի վրա մեծ ազդեցություն կունենա՞: Ինչի ինքը վարկանիշ ունի, որ դա էլ ազդեցություն ունենա՞: Նա վարկանիշ չունի: Հայաստանի դժբախտության տարիներին այդպիսի հարստություն կուտակած մարդը մենք չգիտե՞նք, թե ինչպես պետք է վարվի: Մենք չգիտե՞նք, որ տեղաբաշխում է տեղի ունեցել: Հարուստ հայ ժողովուրդը աղքատացել, սնանկացել է, մի խումբ քրեաօլիգարխներ հարստացել են: Ինքը դրանցից մեկն է, երբեմն կարծում է, որ առաջինն է: Ո՞վ չի հասկանում, թե նրանց փողերը որտեղից են առաջացել: Դա մեկ մլն արտագաղթածների փողերն են, աղքատության սանդղակից ներքև գտնվող մեկ մլն մարդկանց փողերն են: Այդ մարդիկ չգիտե՞ն ինչու իրենք փող չունեն, այդ փողերն այնտեղ են: Դուք կարծում եք՝ այդ մեկ մլն մարդիկ նրան հարգո՞ւմ են: Կամ մյուս երկու մլն-ը չգիտի՞, թե իրենց ունեցվածքն ինչպես է տեղափոխվել, ինչպես է իրենց գրպանից դուրս եկել, գնացել լցվել նրանց գրպանը: Բոլորս էլ գիտենք, թե ով է մեղավոր, որ մարդիկ աղքատ են, որ Հայաստանի տնտեսությունն այս վիճակում է: Իրենք էլ երբեմն հայտարարություն են անում իրենց մասին: Դա, ըստ էության, հանցագործության մասին հայտարարություն է, դա մեղայականով ներկայանալ չի: Դա ինքնաբացահայտում է ինքնահանցագործության մասին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
24-03-2020 22:58