Վարակը տապալե՞ց Եվրոպան. Հայաստանի վերաբերյալ Նիդեռլանդների որոշումը

Կորոնավիրուսի համաճարակի օջախ է դարձել Եվրոպան, իտալական կենտրոնով: Շատերն են հարց տալիս, ինչպե՞ս դա պատահեց, ինչու՞, որտե՞ղ սխալվեցին Եվրոպան, իտալացիները: Իտալիայում էլ Եվրամիությունն է դառնում քննադատության առարկա՝ ծանր կացության ժամանակ օգնության ձեռք չմեկնելու համար: Համացանցում տեսանյութեր են հայտնվում, թե ինչպես են իտալացիները հավաքում Եվրամիության դրոշները: Իտալիային ռազմական մասնագետների օգնություն են ուղարկել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանն է ուղարկել մասնագիտական աջակցության խմբեր: Զուտ առողջապահական տեսանկյունից Իտալիան փաստորեն հայտնվել է այլեւս Եվրամիությունից դուրս: Դեռ պարզ չէ, թե ինչ հոգեբանական եւ ընդհանրապես մտածողական փոփոխություններ կխթանվի այդ երկրում ռուս-ամերիկա-չինական օգնություն-մրցակցության արդյունքում: Դրան զուգահեռ, Իտալիայում երկու ծանր հիվանդներ տեղափոխվել են Գերմանիայի հոսպիտալներ: Իտալացիները քննարկում են, թե ինչպես են ընտրելու նոր ծանր հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Գերմանիա: Եվրամիության առաջատար Բեռլինն ըստ ամենայնի փորձում է «պահել» Իտալիան այդ կառույցում, եւ գուցե ընդհանրապես պահել կառույցը: Եվրոպական կառավարման գերարդյունավետ, «ստերիլ» կառավարման համակարգը փաստացի բախվելով վարակին՝ տեղի տվեց եւ ի ցույց դրեց խորքային խնդիրներ: Առաջինն այն է, որ փաստորեն արտակարգ իրավիճակում չկա եվրոպական միասնական կառավարման մոդել: Բոլորը փակվեցին եւ սկսեցին ինքնաբավ կառավարում: Իսկ այստեղ արդեն հոգեբանական իսկապես նուրբ շերտեր են: Որովհետեւ, եթե եվրոպացիները մինչ այդ եվրոպական մոդելը դիտարկում էին համընդհանուր բարեկեցության ու ապահովության գրավական, ապա «մահացու վտանգի» պայմաններում այդ մոդելի անկենսունակությունը կարող է խթանել հակառակ տրամադրություններ, նոր ալիք հաղորդելով այսպես ասած եվրոհոռետեսների տրամադրությանը: Կորոնավիրուսը գործնականում հաղթել է Եվրոպային, ցավալիորեն: Արդեն հարցն առանձին եվրոպական երկրներն են: Մեծ հաշվով, Եվրոպական մոդելը թերեւս վաղուց է այդ խնդիրների առաջ, ու եվրոպական առաջնորդներն իրենք էլ գործնականում խոստովանում էին դա, խոսելով էական ռեֆորմացիայի անհրաժեշտության մասին: Բայց, շաբաթը ուրբաթից շուտ եկավ՝ ցավալի վարակի տեսքով, եւ գործնականում առերեւույթ կենսակերպ դարձրեց այն իրավիճակը, որ մինչ այդ գտնվում էր քաղաքական վերնախավերի մտքում: Այդ հոգեբանական հարվածը կարող է գրեթե չեղարկել Եվրոպան գլոբալ խաղացողների շարքից: Կմնա՞ն այդ շարքում առանձին եվրոպական տերություններ: Եվ արդյո՞ք այդտեղ կարող են իրենց շանսը տեսնել այնպիսիք, որոնք ունենալով Եվրամիության կաթսայում էական տնտեսական կշիռ, մեծ հաշվով զերծ են եղել քաղաքական խաղացողի էական կարգավիճակից: Օրինակ, Նիդեռլանդները: Որն, ի դեպ, նախորդ տարի Հայաստանում դեսպանություն բացելու որոշում կայացրեց, դա հիմնավորելով ռազմավարական հեռանկարով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25-03-2020 09:07