Այս 25 անձանցից 9-ը թաքնվում են քննությունից, այսինքն՝ ճողոպրել են Հայաստանից. ովքեր են նրանք

Մեր զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը Պարոն Նորիկյան, երեկ պարզ դարձավ, որ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ևս հետախուզում է հայտարարվել, և փաստորեն, նա նույնպես հեռացել է Հայաստանից: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը: Ընդհանուր առմամբ՝ իմ գնահատականը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վիճակի ու տեմպերի վերաբերյալ հայտնի է: Ես, բնականաբար, դժգոհ եմ, գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը ոչ միայն դանդաղ են, այլև արդյունքները շոշափելի, տեսանելի չեն, եզրահանգումները չկան: Եթե հիշում եք, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ուժը հռչակեցին կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության, ենթադրյալ կոռուպցիոներներին պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, ընդհանրապես, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչը ոգևորություն առաջացրեց ժողովրդի մոտ: Բնականաբար, հասարակությունը ակնկալում է, որ տեսանելի ու շոշափելի արդյունքներ կլինեն: Հիմա իմ հպանցիկ վերլուծությունը բերել է նրան, որ իմ մոտավոր հաշվարկներով, մոտավորապես 25 առանցքային, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Նրանց գերակշռող մեծամասնության նկատմամբ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել: Այդ 25-ից միայն երկուսն են գտնվում անազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ երկուսն էլ գտնվում են բժշկական կենտրոններում՝ բուժման նպատակով: Սա նշանակում է, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում չկա գեթ մեկ նախկին պաշտոնյա, որը գտնվում է որևէ քրեակատարողական հիմնարկում: Երկրորդ, այս 25 անձանցից 9-ը թաքնվում են քննությունից, այսինքն՝ ճողոպրել են Հայաստանից և, ըստ էության, խուսափում են վերադառնալ Հայաստան ու օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել իրենց պաշտպանությունը: Դրանց թվում են բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, նախկին դատավոր Սամվել Ուզունյանը, հայտնի գեներալ Միհրան Պողոսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Սամվել Մայրապետյանը և այլն: Երեկ էլ հայտնի դարձավ, որ այդ դեպքերին գումարվեց Գագիկ Բեգլարյանը: Սա նշանակում է, որ այն քաղաքական որոշումը, որ կայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, և իրականացվող գործընթացն ու արձանագրված արդյունքները չեն համապատասխանում իրար: Ավելին, այդ շարքի մեջ կան նաև բազմաթիվ այլ մարդիկ, որոնց արդարադատության ձեռքը դեռ չի էլ հասել: Այսինքն՝ այս երկու տարիների ընթացքում մարդիկ ուղղակիորեն դուրս են մնացել քրեական հետապնդման տեսադաշտից, և առհասարակ, հույս էլ չկա, որ այդ մարդիկ երբևէ կարող են դառնալ քրեական հետապնդման օբյեկտ: Այս ամենը գալիս է վկայելու, որ մենք գործ ունենք, ըստ էության, արդյունքների չհանգեցնող գործելակերպի հետ: Եթե էական փոփոխություններ, էական տրամադրություններ չկատարվեն կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում, մենք ունենալու ենք տապալված արդյունք: Վերջերս ԱԺ-ում դատական օրենսգրքի փոփոխություններն էին քննարկվում: Դրանք կարո՞ղ են այս գործընթացը նոր տեմպի բերել, առողջացնել իրավիճակը: Դատական օրենսգրքում կատարվող փոփոխությունները դատական համակարգի, գործող դատավորների բարեվարքությունը ստուգելու, նրանց եկամուտների վերահսկելիությունը, թափանցիկությունն ապահովելուն միտված օրենսդրական փոփոխություններ են: Այս գործընթացին կարող է օգնել ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը, բայց այն գործընթացը, որ այսօր իրականացվում է, նաև գործող իրավական նորմերի շրջանակներում, հնարավորություն է տալիս արձանագրելու, որ առնվազն մեկ տասնամյակ է պետք է լինելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հասնելու համար: Սա խոսում է այն մասին, որ չափից դուրս արդյունավետ աշխատանք է պետք իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե մենք չանենք այդ ամենը, եթե մենք շարունակենք հնարավորություն տալ բոլոր ենթադրյալ շնաձկներին խուսափելու քրեական պատասխանատվությունից, ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք ամենալուրջ պրոբլեմի առաջ ենք կանգնելու: Լուրջ պրոբլեմը նա է լինելու, որ ժողովուրդն ուղղակի վստահություն ու հավատ չի ունենալու թե դատական իշխանության նկատմամբ, թե իրավապահ համակարգի նկատմամբ, և որ ամենակարևորն է՝ քաղաքական իշխանության նկատմամբ: Որովհետև երբ դու գալիս ես իշխանության ու հայտարարում, որ պայքարելու ես կոռուպցիայի դեմ, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի որևէ ներկայացուցիչ չի պլստալու արդարադատությունից, իսկ իրականում ճիշտ հակառակն է կատարվում, հնարավոր բոլորը պլստում են պատասխանատվությունից, ժողովուրդը մի օր  հարցնելու է՝ արդյոք ասածների և արածների միջև առկա է համապատասխանություն: Սա լուրջ խնդիր է: Ես կարծում եմ, որ պետք է ժամանակին մտածվեր և ներդրվեր կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն, որը հնարավորություն չէր տա որևէ մեկին խուսափելու պատասխանատվությունից: Ես չգիտեմ, թե հիմա ինչ գործիքակազմեր են գործադրվելու, որ այդ մարդկանց հայտնաբերեն ու վերադարձնեն Հայաստան և ենթարկեն քրեական պատասխանատվության: Քանի դեռ մարդուն չենք ենթարկել քրեական պատասխանատվության, քանի դեռ մեղադրական դատավճռի հիմքով անձը մեղավոր չի ճանաչվել իրեն մեղսագրվող հանցանքը կատարելու համար, մենք չենք կարող վնասի վերականգնման գործընթաց իրականացնել: Հետևաբար, պետությունից, հասարակությունից միլիոնավոր դոլարներ լափած անձինք ոչ միայն խուսափելու են քրեական պատասխանատվությունից, այլև վայելելու են իրենց լափած միլիոնները: Սա է ամենամեծ խնդիրը, իսկ հանրությունը հայտնվելու է կոտրած տաշտակի առջև: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում կարո՞ղ ենք ասել, որ ըստ էության, հետաձգվում են այն բոլոր քայլերը, որոնք պետք է իրականացվեին արդարադատության վերականգնման, դատական համակարգի առողջացման ուղղությամբ: Այո, ես այստեղ իսկապես մտահոգված եմ, որ սա օբյեկտիվ պատճառ է, ֆորսմաժորային վիճակ է: Մենք հայտնվել ենք այնպիսի գլոբալ մարտահրավերների առաջ, երբ պետությունը հասարակության հետ միասին պետք է մեկտեղի ջանքերը այս մարտահրավերը չեզոքացնելու համար: Այս իրավիճակը նաև ցույց տվեց մեր թույլ կողմերը, ցույց տվեց, որ ինչպես  Հայաստանը, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներ չունեն այնպիսի պաշտպանական համակարգ, որը  հնարավորություն կունենա այսպիսի ճգնաժամային իրավիճակներում կառավարելի դարձնել ճգնաժամերը և հաղթահարել դրանք: Սա նաև լավ դաս է հետևություններ անելու համար, որ այսուհետ իրականացվեն գլոբալ փոփոխություններ, պաշտպանական համակարգի կառուցմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, բոլորիդ ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, որ ՀՀ կառավարությունը մեր պաշտպանական համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը  հանդիսացող արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները վերանայելու քաղաքականություն իրականացնի: Ամենից կարևորը, հասարակությունը, ինչպես նաև պետական համակարգը պետք է ունենան համապատասխան գիտելիքներ ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու և կառավարելու գործընթացում: Գիտեք, որ ԱԻՆ-ի համակարգում գործում է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, և ես կարծում եմ, որ այդ ակադեմիայի գործառույթները ուսման առումով, այս իրավիճակում ճգնաժամային կառավարման համակարգեր մշակելու առումով պետք է դառնա առաջնահերթություն, որովհետև սա ոչ միայն առողջապահությանն ուղղված մարտահրավեր է, այլ ընդհանրապես երկրի տնտեսական վիճակը կաթվածահար անելուն, պետական ինստիտուտները կազմալուծելուն, բիզնես միջավայրը ջախջախելուն ուղղված մարտահրավեր է: Դա ուղղակի իր անդրադարձն է թողնելու նաև դատաիրավական համակարգի վրա, ինչը նշանակում է, որ օբյեկտիվորեն ազդելու է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի վրա: Ուստի ես գտնում եմ, որ այս ճգնաժամային իրավիճակը հաղթահարելուց հետո պետությունը պետք է նոր շունչ ու որակ հաղորդի ընդհանրապես պետական ինստիտուտների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
25-03-2020 09:48