Չարաշահումներ Մանկավարժական համալսարանում. քրեական գործ է հարուցվել

25-03-2020 00:13

ՀՀ գլխավոր դատախազությունում պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (Հիմնադրամ) իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ ՊԵԿ-ից: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել են մի շարք խախտումներ ապրանքների և ծառայությունների գնման, հարկային պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման գործընթացում: Մասնավորապես, պարզվել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը երկու տարբեր ընկերությունների հետ 2016թ. և 2019թ. կնքել է  մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր: Ընկերությունը, որի հետ 2016թ. է նման պայմանագիր կնքվել, գնման ընթացակարգին մասնակցելիս որպես «մասնագիտական փորձառություն և աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի բավարարման հավաստում, ներկայացրել է 2014-2016թթ. այլ ընկերությունների պատշաճ մաքրման ծառայություններ մատուցած լինելու մասին վերջիններիս կողմից տրված փաստաթղթեր, հավաստագրեր: Մինչդեռ, պարզվել է, որ այդ ՍՊԸ-ում որպես աշխատակից հավաքարարներ են գրանցվել՝ սկսած 2016թ. հոկտեմբերից: Բացի այդ, որպես «աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի հիմնավորում, վերջինս ներկայացրել է 50 հավաքարարի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր, սակայն պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում գրանցված է եղել ընդամենը 26 հավաքարար: Այսինքն ՍՊԸ-ն Հիմնադրամի կարիքների համար մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգին մասնակցելիս ներկայացրել է 2014-2016թ. ընթացքում իր կողմից մաքրման ծառայություններ մատուցելու փորձառության, իր աշխատակիցների քանակների վերաբերյալ կեղծ տվյալներ: Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի բոլոր հավաքարարները 29.03.2019թ.-ից ազատվել են աշխատանքից, սակայն ՍՊԸ-ն ապրիլ-մայիս ամիսներին Հիմնադրամին մատուցել է 9մլն դրամի մաքրման ծառայություն: Ընդ որում, ուսհաստատությունը դժգոհություններ չի ունեցել մատուցված ծառայությունների որակի, մաքրման ծառայությունների մատուցման վերաբերյալ, այսինքն ծառայությունները փաստացի մատուցվել են: Նման պայմաններում ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված ՍՊԸ-ի կողմից 2017թ. միջին ամսական կտրվածքով թերհայտարարագրվել է առնվազն 20 աշխատակցի հարկման օբյեկտը, իսկ 2018-2019թթ.՝ 17 աշխատակցի հարկման բազան: Արդյունքում ՍՊԸ-ի կողմից պակաս հարկ է հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել առնվազն 10 մլն դրամ: Մյուս ընկերությունը, որի հետ Հիմնադրամը 2 տարվա համար շուրջ 111 մլն դրամ արժեքով մարքման ծառայությունների գնման պայմանագիր է կնքել 2019թ. հունիսին, մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում չի մատուցել պայմանագրով նախատեսված ծառայություններն ամբողջ ծավալով: Չնայած դրան՝ Հիմնադրամի պատասխանատու ծառայողների և նշված ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից 2019թ. այդ ընթացքում կազմվել է ընդհանուր թվով 6 հանձնման-ընդունման արձանագրություն, որոնցով չկատարված աշխատանքներն ընդունվել են որպես կատարված: Բացի վերոնշյալը, ՀՀ ՊՎԾ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. հունիսին Հիմնադրամը հիմնադրել է «Դպրոց» ՍՊԸ-ն, որը պետական սեփականություն հանդիսացող և Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքներում իրականացրել է հանրային սննդի գործունեություն: Պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտորի որդին, 2019թ. օգոստոս ամսից նշված տարածքները (բուֆետներն իրենց ամբողջ գույքով) ամսական 3,5մլն դրամով վարձակալության է հանձնել մի քաղաքացու  և կանխիկ ստացել գումարները: Իսկ իրական գործարքը քողարկելու նպատակով նրա ընկերոջ և այդ քաղաքացու միջև կնքվել է 35մլն դրամի չափով փոխառության կեղծ պայմանագիր: Փաստորեն, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու անձինք թույլ են տվել Հիմնադրամի գույքի օգտագործումը ի շահ Հիմնադրամի կառավարչի որդու: Արդյունքում վերջինս Հիմնադրամին հանձնված, պետական սեփականություն հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության, կանխիկ ստացել առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ Հիմնադրամի համար առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ձեռք են բերվել առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 325-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Lragir.am,
25-03-2020 00:13