Ի՞նչ որոշում ունի Վաշինգտոնն Արցախի հարցով

Հայտնի է դարձել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը խորհուրդ է տվել Արցախին մարդասիրական օգնություն չհատկացնել, որն ուղղվում է ականազերծմանը: Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել այս հարցով՝ նշելով, որվ ափսոսանք է հայտնում ծրագրի ֆինանսավորման դադարեցման որոշման կապակցությամբ: ԱՄՆ իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը: «Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը: Ցանկանում ենք նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը՝ երկար տարիներ Արցախին ցուցաբերվող օժանդակության համար, որոնց արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր», – նշված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ճիշտ չի համարում եզրակացությունը, որ ԱՄՆ-ն դադարեցնում է օգնությունն Արցախին: «Սա ոչ թե վերջնական Միացյալ Նահանգների կեցվածքն է, այլ ԱՄՆ գործադիրի կեցվածքը, բայց դեռ օրենսդիրը պետք է հաստատի: Գոնե մինչև այսօր դա այդպես չէ, քանի որ բյուջեի հաստատման գործընթացը դեռևս շարունակվում է: Օրենսդիրը պետք է հաստատի բյուջեն: Սպիտակ տունն անցյալ տարի էլ՝ 2020-ի բյուջեի համար էլ չէր նախատեսել Արցախի համար մարդասիրական օժանդակությունը, 2021-ի բյուջեի մեջ էլ իրենք իրենց նախագծի մեջ հանել են, բայց տակավին, ինչպես անցյալ տարի էլ եղավ, չի բացառվում, որ այս տարի էլ լինի: Այսինքն՝ օրենսդիրն անցյալ տարի հաստատեց Սպիտակ տան նախագծի հակառակը, ինքն ավելացրեց: Հիմա Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այդ ուղղությամբ աշխատանք է տանում, որ օրենսդիրն ինքն ավելացնի: Դրա համար էլ արդեն 75 կոնգրեսականներ իրենց համաձայնությունը հայտնել են: Անցյալ տարի մոտ 90-ն էին կոնգրեսականները, հիմա 75-ը: Հայ դատի հանձնախումբը փորձում է ամերիկահայ համայնքին մղել, որ մյուսներն էլ համաձայնեն», – ասել է Մանոյանը: Փաստացի, Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ հետ նոր ծրագրերի իրականացման գործում հետագա համագործակցության հույս ունի, իսկ ՀՅԴ-ն ասում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ, իսկ Հայաստանում որոշ շրջանակներ համառորեն լուրեր են տարածում, որ ԱՄՆ վարչակազմը իբր դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունից եւ մտադիր է պատժել Արցախին: Ավելին, լուրեր են տարածվում, որ իբր Արցախին միջոցներ են հատկացվելու այսպես կոչված «հանրություններին խաղաղության նախապատրաստելու» շրջանակում: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, Ազգային անվտանգության խորհրդի, ԱՄՆ Պետքարտուղարության որոշ ներկայացուցիչներ չեն բացառում տարբերակը, որ ֆինանսավորումը կշարունակվի, բայց այլ ուղղություններով ու նախագծերով: Չի բացառվում, որ կֆինանսավորվի «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը»: 168 ժամ թերթը հիշեցում է, որ օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերը հայտարարեցին` «մեր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ, որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում»: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը շեշտեց. «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հանձնառությունը հակամարտության կողմերի հանձնառությունն է, և պետք է կյանքի կոչվի ԵԱՀԿ համակարգմամբ և բոլոր երեք կողմերի՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան, անմիջական ներգրավմամբ»: ԱՄՆ վարչակազմի որոշումը կապում են շատ գործոնների՝ եւ ԱՄՆ արտաքին աջակցության կրճատման, եւ Սիրիայում մարդասիրական առաքելությանը Հայաստանի մասնակցությունից Վաշինգտոնում որոշ շրջանակների դժգոհության հետ: Բայց փաստը, որ 2019 թվականի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, վկայում է, որ ԱՄՆ-ն չի առաջնորդվում այսրոպեական շահերով: Ի՞նչ որոշում ունի Վաշինգտոնն Արցախի հարցով:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
25-03-2020 16:11