Հանրային հեռուստաընկերությունը կվերականգնի գովազդ հեռարձակելու իրավունքը

25-03-2020 16:51

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գովազդ հեռարձակելու հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: «Մինչև 2014թ. Հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ունեցել առևտրային գովազդ հեռարձակելու, որը չէր կարող գերազանցել հաղորդումների 7%-ը, դրա արդյունքում առաջացել են ֆինանսական միջոցներ, որոնք հեռուստաընկերությունն օգտագործել է իր կարիքների համար: 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը զրկվել է առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքից: Սույն նախագծով սահմանվում է գովազդի իրավունքի վերականգնում, որը չի կարող տեղի ունենալ մեկ եթերաժամի հաշվարկով ավելի, քան 5 րոպեն»,- ասաց Դանիելյանը: Օրենքի նախագծով նաև կարգավորվում են սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները՝ ժամը 00:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով: Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց 101 կողմ և 12 ձեռնպահ ձայներով:

Lragir.am,
25-03-2020 16:51