ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք. Ինչով է մտահոգ ԵԱՀԿ պաշտոնյան

ԵԱՀԿ ԶԼՄ հարցերի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, որը Ֆրանսիայում սոցիալիստների կառավարությունում եղել է Եվրոպական հարցերի նախարար, մտահոգություն է հայտնել Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի մամուլի համար սահմանափակման առնչությամբ: Հայտնի է, որ ԱԴ պայմաններում հայկական մամուլի համար սահմանափակված է կորոնավիրուսին առնչվող հարցերում պաշտոնականից զատ այլ աղբյուրի տեղեկություն տալը: Ոստիկանությանը վերապահված է անհրաժեշտության դեպքում պահանջել հեռացնել տեղեկությունները, եթե դրանք գնահատվում են խուճապ տարածող: Հարլեմ Դեզիրը համարում է, որ միայն պաշտոնական աղբյուրը սահմանափակում է մամուլի ազատությունը, որն ըստ նրա պետք է ապահովի հավելյալ տեղեկություն հանրության համար եւ կարեւոր ինստիտուտ է կեղծ տեղեկատվության դեմ պայքարի համար: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը տարիներ առաջ աղմկոտ հայտարարություններ էր անում ռուսական պետական լրատվական գործակալությունների դեմ, որոնք գործում են Ֆրանսիայում: Մակրոնը նրանց հռչակել էր կեղծ տեղեկություն տարածող ու սահմանափակել նրանց գործունեությունը: Նույնն արել են նաեւ այլ երկրներ: Պատճառն իսկապես այն է, որ ռուսական պետական պրոպագանդայի գործիք լրատվամիջոցները պարզապես տարածում են ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ այսպես ասած ֆեյք-նյուզ: Հարլեմ Դեզիրի մոտ այդ առնչությամբ չեն առաջացել մտահոգություններ, որովհետեւ Դեզիրն անշուշտ ողջախոհ մարդ է եւ գործիչ ու հասկանում է, որ չի կարող լինել ֆեյք-նյուզի ազատության խնդիր: Դեզիրը Հայաստանի սահմանափակման առումով ասում է, թե հասկանում է օրենքի նպատակը, բայց փաստորեն հայտնում է մտահոգություն: Եթե հասկանում է, ինչպե՞ս է հայտնում մտահոգություն: Կամ, հնարավոր է, որ հասկանում է, բայց չի պատկերացնում: Չի պատկերացնում այն վիճակը, որ կա հայկական մեդիատիրույթում, այլապես Դեզիրին կմտահոգեր նախեւառաջ այդ վիճակը: Բանն այն է, որ եթե եվրոպական տիրույթում ֆեյք-նյուզ տարածող լրատվամիջոցները բացառություն են, ապա հայաստանյան մեդիատիրույթում, մի շարք առանձնահատկություններից ելնելով, ֆեյք-նյուզ տարածող տեղեկատվամիջոցները գրեթե համատարած են, եւ շատ քիչ են այն զլմները, որոնք զերծ են մնում կեղծ տեղեկություններ տարածելուց, սոցցանցային տիրույթում հրապարակվող տարատեսակ մտքերը՝ տարբեր անհեթեթություններ ու շահադիտական նենգափոխումներ, լրատվական պրոդուկտի տեղ սպառողին մատուցելուց: Ըստ այդմ, ունենալով այդօրինակ մեդիադաշտ, Հայաստանում կորոնավիրուսի առնչությամբ մամուլի որոշակի սահմանափակումը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Որովհետեւ Հայաստանում մեդիադաշտի վիճակը վաղուց է այդպիսի խնդիր: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ պաշտոնյայի մտահոգությունը պետք է անշուշտ դառնա ելակետ, բայց ոչ թե արտակարգ դրության սահմանափակումների, այլ հայաստանյան մեդիադաշտի խորքային կարգավորման առումով, որը կձեւավորի հանրության հանդեպ պատասխանատու մեդիադաշտ, եւ դրանով իսկ այդ մեդիադաշտի հանդեպ խստագույն պատասխանատվության տակ կպահի որեւէ կառավարության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25-03-2020 18:38