Նիկոլ Փաշինյանը դեմ է բոլոր վարկառուներին վարկային արձակուրդ տրամադրելուն

25-03-2020 18:53

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ բոլոր այն անձանց, որոնք վարկեր ունեն, վարկային արձակուրդ տրվի կամ մարման տոկոսները չեզոքացվեն, նա նաև դեմ է հարկային արձակուրդի տրամադրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկին: Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը որոշում ընդունի, որ սոցիալապես խոցելի անձանց, որոնք վարկ ունեն, օրենքի ուժով տրվի վարկային արձակուրդ, քննարկեն տոկոսների սառեցում կամ չեզոքացում: «Ես ուղիղ ասեմ` դեմ եմ նման որոշումներին` շատ պարզ պատճառով: Իսկ եթե մարդը անպարտաճանաչ գործընկեր է, իր վարկային պարտավորությունները խրոնիկ չի կատարում, ու մենք արձակուրդ ենք տալիս` ասելով մի 2 ամիս էլ մի կատարիր: Երկրորդը` այսօր բնականոն աշխատող մարդկանց, օրինակ նրանց, որոնք դիմակ, ալկոգել կամ սպիրտ են վաճառում, ինչու պետք է վարկային արձակուրդ տալ: Երրորդը` բարեհաջող առևուր իրականացնող մարդկանց, որոնց շահույթներն այս ընթացքում շատացել են, ինչու պետք է վարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, դրա համար էլ մենք այսօր աջակցության 5 փաթեթ արդեն պատրաստել ենք, մյուս շաբաթ կունենանք կրկին և այսպես շարունակ, որ մարդկանց աջակցենք»,-ասաց Փաշինյանը:

Lragir.am,
25-03-2020 18:53