Նստում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք,  ձե՞ռ եք առնում

25-03-2020 18:58

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վրդովվեց պատգամավորների հարցերից՝ այս փուլում մարդկանց հարկերը սառեցնելու, աջակցություն ցուցաբերելու մասին:  «Ես դեմ եմ նման որոշումներին շատ պարզ պատճառով: Մարդը խրոնիկ վատ, անպարտաճանաչ պարտնյոր ա, վեց-յոթ ամիս իր վարկային պարտավորությունները չի կատարում, մի հատ էլ արձակուրդ ենք տալիս, ասում ենք՝ մի երկու ամիս էլ մի վճարի»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ այսօր բնականոն աշխատող մարդկանց, ովքեր բիզնես են անում, օրինակ, դիմակ կամ ալկոգել են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տալ: Բարեհաջող առևտուր իրականացնող մարդկանց ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տալ: Փաշինյանին վրդովվեցրեց հատկապես պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը: «Ինչ վերաբերում է աջակցության կարիք ունեցող անձանց, մենք հինգ փաթեթն արդեն պատրաստել ենք, որպեսզի մարդկանց աջակցենք: Կներեք, եթե մեկը ֆինանսական պարտավորություն ունենա ձեր նկատմամբ, ասի եկեք չկատարեմ, էդ ո՞նց է: Շատ հեշտ եք ասում, եկեք վարկերից ազատենք, հարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, էդ լո՞ւրջ եք ասում: Առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն արեք, ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել, այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով: Ընդունեք օրենք, ես առաջարկում եմ բոլոր քաղաքացիներին՝ առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագանձելու արդյունքում: Դուք նախաձեռնեք, 10 հազար չէ, ամեն մարդու 50 հազար: Նստում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք,  ձե՞ռ եք առնում,  տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք ձեր շրջապատի ու միջավայրի հարստությունը բաժանեք»,- ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է ոմանց ունեցվածքը կոպեկ-կոպեկ հետ բերելուն, Փաշինյանն ասաց․ «Այո, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Եվ սահմանադրական հանրաքվեն էլ նրա համար ենք դրել, որ մաֆիոզներն իրենց մաֆիոզ կառույցներով ու իրավաբաններով չկարողանան պաշտպանվել: Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում՝ այն տեղերից, որտեղ դուք մտածում եք, թե չենք հասնի: Եվ այդ ժամանակ, որ բերենք, այդ վարկառուներին անպայման դրանից միջոցներ կտրամադրենք»:

Lragir.am,
25-03-2020 18:58