Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են կապիտ խախտումներ

25-03-2020 19:35

Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում: Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ ❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, ❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), ❌ առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ, ❌ չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը, ❌ արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում: Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները: Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին: Ձեռնարկվում են համապատասխան քայլեր: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը: Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար: Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107: Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:

Lragir.am,
25-03-2020 19:35