Դամասկոսում հայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել սիրիահայ հայտնի կրթական գործիչ Արփի Պետիկյանին

26-03-2020 09:38

Կյանքից հեռացել է Դամասկոսի Ազգային Միացյալ վարժարանի երկարամյա տնօրեն, վաստակաշտ ուսուցչուհի, բազմաթիվ սերունդների դաստիարակ, կրթական մշակ Արփի Պետիկյանը, ով մեծ ներդրում է ունեցել Սիրիայում հայապահպանության և հայկական կրթության զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը: «Անգնահատելի է Արփիի ունեցած ներդրումը Դամասկոսի կրթական կյանքում: Նա տասնյակ տարիներ դասավանդել է իր պաշտած հայերեն լեզուն, տասնյակ տարիներ տնօրինել է իր սուրբ Ազգային Միացեալ վարժարանը: Արփին դարձել էր ազգային կարևոր դեմք և օրինակելի կերպար: Նա արժանացել էր նաև տեղացի արաբ ծնողների, ուսուցիչների և պետական տնօրենների ու կրթական պաշտոնյաների հարգանքին»,- այս մասին հրաժեշտի օրը նշել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը: Արփի Պետիկյանը սիրիահայ կրթական գործիչ Կարապետ Պետիկյանի դուստրն է: Ծնվել է 1940 թ․ Բեյրութում: 1951 թ․ ընտանիքի հետ տեղափոխվել է Դամասկոս: Սովորել է Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանում, ապա Հալեպի Քարէն Եփփէ ճեմարանում: Փոքր հասակից անդամակցել է Ս․Օ․Խաչին, վարել ակտիվ ազգային գործունեություն՝ ստանձնելով վարչական պաշտոններ: Հետևելով հոր օրինակին՝ իր ողջ կյանքը նվիրել է ազգային կրթական գործին՝ դասավանդելով հայոց լեզու և հայագիտական առարկաներ: Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանում սկսել է աշխատել 1954 թ․-ից, իսկ 1988 թ․-ից՝ որպես տնօրեն: Տարիներ անց դադարեցրել է պաշտոնավարումը և մինչև 2015 թ․ շարունակել աշխատել որպես հայոց լեզվի ուսուցչուհի: 2004 թ․ Արփի Պետիկյանը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Իր ողջ կյանքն Արփի Պետիկյանն անմնացորդ նվիրել է հայ սերունդներ կրթելու սրբազան գործին՝ անգնահատելի ներդրում ունենալով արևմտահայերենի պահպանման գործում: Արփի Պետիկյանը նաև հայ կնոջ իդեալական կերպար է, ով տասնայմակներ շարունակ իր զավակի պես հոգ է տարել հայոց լեզվի նկատմամբ: Արփի Պետիկյանի մահը մեծ վիշտ է, անդառնալի կորուստ նրա աշակերտների, գործընկերների, նրան ճանաչողների և վերջապես դամասկոսահայ համայնքի համար: Արփի Պետիկյանը մահացել է մարտի 23-ին:

Lragir.am,
26-03-2020 09:38