Ջավախքում մի պահ խուճապ առաջացավ, որն անցավ

Մեր զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Պարոն Թորոսյան, Վրաստանում կրոնավիրուսով վարակվածների վերաբերյալ վիճակագրությունը ցույց է տալիս դրական դինամիկա այն առումով, որ և առողջացածներն են ավելի շատ, և վարակվածներն են ավելի քիչ, քան Հայաստանում: Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառը, պարզապես վիճակագրությունը ճիշտ չեն ներկայացնո՞ւմ, թե՞ ավելի արդյունավետ են պայքարում, քան մենք: Պաշտոնական վիճակագրությամբ, այո, Վրաստանում վարակվածներն ավելի քիչ են: Այս պահին 76-ն են, Հայաստանում 265-ն են: Առողջացածների քանակով չեն գերազանցում Հայաստանի ցուցանիշներին: Մենք պարտավոր ենք հավատալ պաշտոնական տեղեկատվությանը: Ես կարծում եմ, որ ուղղակի մեր կառավարությունը շատ ավելի բաց է ու թափանցիկ, և ինձ համար ամենաարժանահավատն այս պահին Հայաստանի տեղեկատվությունն է: Իհարկե, որևէ առիթ չունեմ որևէ այլ երկրից ստացվող տեղեկատվությունը կասկածի տակ դնելու, մասնավորապես, Վրաստանի առումով: Ուղղակի այստեղ խնդիրն այլ հարթության մեջ պետք է դիտարկել, որովհետև այն միջոցառումները, որոնք իրականացվել են Հայաստանում և Վրաստանում, սկզբունքորեն նույնն են: Ակտիվության և առաջանցիկության տեսանկյունից մենք ավելի առաջ ենք: Մասնավորապես, թե կարանտինի հայտարարումը մեզ մոտ ավելի առաջ էր, վերջին խստացումների, հանրային սահմանափակումների առումով ևս մենք մոտ մեկ շաբաթով առաջ ենք Վրաստանից: Պարզապես խնդիրը վարակի տարածման առանձնահատկություններն են: Մենք գիտենք, որ Իրանի կողմից մենք ունեցել ենք ընդամենը մեկ հիվանդ, որը ճյուղավորում չի տվել, կանխարգելվել է, և երկու ճյուղ ենք ունեցել, որոնք Իտալիայի հետ են կապված եղել: Մեկը Էջմիածնի հայտնի դեպքն է, մյուսը արտադրամասինը: Արտադրամասի դեպքում վստահաբար իտալացին անբարեխիղճ վարքագիծ է դրսևորել և ծածուկ է պահել հիվանդ լինելու փաստը, որի հետևանքով մենք ունեցանք ճյուղավորումներ ընդհուպ մինչև Չարենցավան և այլ վայրեր: Դրանք, ըստ էության, այդ ճյուղի արգասիքն էին: Ես չեմ կարծում, որ ծավալները սահմռկեցուցիչ են, այդպիսի բան չեմ տեսնում: Ես գնահատում եմ կառավարության և պարետատան աշխատանքը բնականոն, մեզ մոտ համավարակի կառավարելի իրողություն է: Բոլորին ցանկանանք առողջություն և հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Հաշվի առնելով հայ-վրացական սահմանի կարևորությունը՝ սահմանի այսօրվա փակ լինելը ի՞նչ հետևանքների, ի՞նչ վնասների կարող է բերել: Այստեղ խնդիրը միայն հայ-վրացական սահմանի փակ լինելը չէ, ընդհանրապես բոլոր սահմանների փակ լինելն է: Բնականաբար, կորուստներ լինելու են և առաջին հերթին տնտեսական ոլորտում: Արտահանումն ու ներմուծումը ակնհայտորեն պակասում են: Դրա հետևանքով պակասում է արտադրությունը, պակասում են հարկերը, աշխատավարձերը: Սա շղթայական ռեակցիա է, և դրա հետևանքները մենք ունենալու ենք, բայց նաև կառավարությունը հստակ ջանքեր է գործադրում, տնտեսության մեջ հսկայական ծավալի դրամական հոսքեր են ներարկվելու: Խոսքը 150 մլրդ դրամի մասին է: Այո, քանի որ արտաքին աշխարհի հետ գրեթե միակ տնտեսական կապը Վրաստանի տարածքով է, եթե ցամաքային կապի մասին ենք խոսում: Ամեն դեպքում Վրաստանի միջոցով կապը շատ ավելի արդյունավետ է մեր տնտեսության համար, քան իրանականը: Կորուստները լինելու են, դա անխուսափելի է ամբողջ աշխարհի համար: Ուղղակի հուսանք, որ այս ամենը կարճ կտևի, և Հայաստանի տնտեսությունը կվերականգնվի, նաև միջազգային տնտեսական հարաբերությունները կվերականգնվեն, արտահանումը, ներմուծումը կկայունանա և ամեն ինչ կգա իր տեղը: Ունե՞ք Ջավախքից տեղեկատվություն, այնտեղ կա՞ն վարակի արձանագրված դեպքեր: Իհարկե, տեղեկատվությունն ամենօրյա է, եթե չասեմ ամենժամյա: Բարեբախտաբար, Ջավախքում պաշտոնապես կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել: Վիճակը կայուն է, մի պահ, երբ Վրաստանում ընդհանուր խուճապային վիճակ էր, արձագանք եղավ նաև Ջավախքում: Այդ օրը և դրան հաջորդող օրը անմիջապես դատարկեցին բոլոր խանութները, ժողովուրդը նախապատրաստվեց կարանտինային վիճակին, բայց մենք մեր հերթին, Վրաստանի կառավարությունն իր հերթին կոչեր հղեցինք, որ  անհրաժեշտություն չկա այդպիսի երկարատև նախապատրաստության: Առավել ևս, որ Վրաստանը չունի սահմանափակումների խնդիր, մեզ նման բլոկադայի մեջ չի, ունի ծով և այլն: Այնտեղ շատ ավելի հեշտ է որևէ տեսակի ապրանքի, այդ թվում սննդի ձեռք բերումը: Ամեն դեպքում, մի պահ խուճապ առաջացավ, որն անցավ: Հիմա վիճակը կայուն է: Ինչպիսի՞ն է իրավիճակը ուղևորափոխադրումների հետ կապված: Իհարկե, այսօր առկա է Հայաստան-Վրաստան ուղևորափոխադրումների սահմանափակման խնդիրը: Սեփական քաղաքացիների վերադարձի տեսանկյունից որևէ խնդիր չկա, բայց մենք խնդիր ունենք երկքաղաքացիների հետ կապված, որովհետև այն քաղաքացին, որ գտնվում է Վրաստանում, բայց միաժամանակ երկքաղաքացի է, ու քանի որ նաև Վրաստանի քաղաքացի է, Վրաստանը, բնականաբար, որպես իր քաղաքացու՝ արգելում է դուրս գալ երկրից: Նույնն այստեղ է: Բայց մենք արդեն այդ լուծումը գտել ենք: Բարեբախտաբար, երկու կառավարությունների միջև շատ հստակ փոխհամագործակցություն կա, և որոնք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, նրանք Վրաստանում ՀՀ դեսպանատան միջոցով հերթագրվում են, և երբ որոշակի խումբ է ձևավորվում, ասենք 20 հոգի, այդ խումբը Վրաստանի կառավարության աջակցությամբ և նրանց ուղեկցությամբ, հատում է հայ-վրացական սահմանը: Նրանց տրամադրվում է ուղեկից և տրանսպորտ: Ես տեղեկություն ունեմ, որ հենց այսօր 20 հոգանոց մի խումբ արդեն հատել է սահմանը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
26-03-2020 09:37