Արցախում ընտրությունների չեղարկումը վտանգավոր է

ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի կարծիքով, Արցախում ընտրությունները չեղարկելը շատ վտանգավոր կլինի: Տարբեր ուժեր եւ անհատներ կոչ են անում չեղարկել ընտրությունները: Մի մասը իրոք մտահոգված է մարդկանց առողջությամբ եւ կորոնավիրուսի վտանգով, մյուս մասը քաղաքական շահեր է հետապնդում: Ասենք, նրանք, ով դեմ չի լինի, որ Բակո Սահակյանը շարունակի կառավարել անորոշ ժամանակ, կոչ են անում չեղարկել ընտրությունները: Ըստ երեւույթին՝ Բակո Սահակյանն էլ չի ուզում մնալ եւ չի չեղարկում ընտրությունները: Չեղարկում են պահանջում նաեւ նրանք, ում նախընտրած թեկնածուների շանսերը զրոյանում են: Նրանց չեն օգնել նույնիսկ ծիծաղելի հարցումները: Ընտրություններին մնացել է 3 օր, եւ մինչ այսօր Արցախում գրանցված չեն կորոնավիրուսի դեպքեր, աննախադեպ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում: Չեղարկումը շատ տրամաբանական է թվում, անվտանգ, սակայն Թեւան Պողոսյանի արձագանքը այլ բանի մասին է խոսում: Օրերս Արցախում է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, եւ Բակո Սահակյանի հետ նա քննարկել է ինչ-որ բան, որը ստիպել է նրա խորհրդականին ասել, որ ընտրությունների չեղարկումը վտանգավոր է: Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները եւս պնդում են, որ ընտրությունները չեղարկելու կարիք չկա: Ոչ պաշտոնական տվյալներով, հայաստանյան որոշ պաշտոնյաներ եւ հարուստ մարդիկ իրենց ընտանիքները տեղափոխել են Արցախ, որտեղ համեմատաբար անվտանգ է: Բացի այդ, Արցախի ընտրությունների չեղարկումը կարող է ներքաղաքական քաոս առաջացնել ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում: Ոչ ոք չի թաքցնում որոշ ուժերի փորձերը՝ ռեւանշի հասնել Արցախում եւ պահպանել վերահսկողությունը հայկական քաղաաքական դաշտում՝ թե քաղաքական, թե նյութական: Արցախի ժողովուրդը շատ փորձությունների միջով է անցել, այս մեկն էլ կանցնի՝ արժանապատիվ եւ սթափ: 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
26-03-2020 10:40