Կառավարությունը կփորձի պայմանավորվել հյուրանոցների հետ

26-03-2020 11:18

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: «Կորոնավիրուսի հետ կապված մեր այսօրվա վիճակը հետևյալն է՝ մենք ունենք 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծանր: Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է: Այսինքն՝ ազգությամբ հայ չէ: Մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են ինտենսիվ թերպիայի վերակենդանցման բաժանմունքում»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի: Մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս են եկել, այսինքն՝ նրանք չեն էլ հիվանդացել: «Մենք այսօր էլ սպասում ենք առողջացման և ապամեկուսացման դեպքերի: Այսօրվա ընթացիկ խնդիրը, որն ունենք այս ոլորտում, հետևյալն է՝ մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում: Այսինքն՝ հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ, և այսօր առավոտյան պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք ըստ էության մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի մեր այդ հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները»,- ասաց նա: Ըստ նրա՝ այստեղ որոշակի բարդություններ կլինեն, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակություն համար: «Բայց, պարոն Թորոսյան, ճիշտ ենք հասկանում, չէ՞, որ հյուրանոցներն իրենք ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները: Եվ հիմա էլ կարող են ինչ-որ դեպքեր լինել, որ հիվանդություններով տառապող մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Եվ կորոնավիրուսից հետո էլ այդ հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի կատարվի»,- առողջապահության նախարարին դիմեց վարչապետը: Առողջապահության նախարարն ասաց, որ իրենց կողմից այդ ցուցումները հստակ կտրվեն, հիմա էլ իրականացվում են այդ աշխատանքները, առողջացած անձանց սենյակները ախտահանվում են, նոր մարդիկ են տեղավորվում այդ սենյակներում: Փաշինյանն ասաց, որ հիմա մտածում են, թե ոնց աջակցեն հյուրանոցներին, պետք է նրանց հետ բանակցել, որ այս պայմաններում այնպիսի գներ առաջարկեն, որոնք շուկայական չեն: «Կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք, պարետատունն այդ առումով կաշխատի: Առողջապահության նախարարությունն այսօր առավոտյան ներկայացրել է վերլուծությունը, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման սցենարը մեր մոտ վատագույն  սցենարով տեղի չի ունենում, այլ տեղի  է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել վերահսկողության տակ»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ դրա համար կարևոր է մեկշաբաթյա խիստ ռեժիմը պահել:

Lragir.am,
26-03-2020 11:18