Եթե այս տեմպերը պահպանվեն, տեղաշարժի սահմանափակումը 7 օրից ավելի չի տևի. Տիգրան Ավինյան

26-03-2020 11:29

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ինչ իրավիճակ է երկրում: «Ձեռքիս տակ ունեմ ընդհանուր ուղևորահոսքի թվերը, որոնք եղել են 2019 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, օրական միջինը: Մենք Երևան քաղաքում ունեցել ենք միջինը 550 հազար ուղևոր, որոնք տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով: Երեկվա դրությամբ ունեինք 18 հազար ուղևոր, ինչը նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է: Մոտավորապես նույն պատկերն է մարզերում: Կարծում եմ՝ մեր քաղաքացիները բավական գիտակցաբար են մոտենում այս իրավիճակին, իհարկե, լինում են խախտումներ ազատ տեղաշարժի սահմանափակումների»,- ասաց նա: Ավինյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել: «Եվ պետք է խնդրեմ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին՝ խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև այս սահմանափակումներն  արված են միայն առողջապահական նկատառումներով՝ վարակի հնարավոր կանխումը տարածելու համար: Եվ այս ժամանակահատվածը մենք օգտագործում ենք տեխնոլոգիապես վերազինվելու և կանխարգելիչ մեր մեխանիզմները բարելավելու համար, որը բավական արագ տեմպերով իրականացվում է»,- ասաց նա: Տիգրան Ավինյանը հավելեց՝ եթե այս նվազ տեմպերը շարունակվեն, կառավարության նախանշած 7-օրյա ժամկետի մեջ կտեղավորվեն և սահմանափակ ռեժիմով տեղաշարժվելու ավելի օրեր չեն խնդրի քաղաքացիներից:

Lragir.am,
26-03-2020 11:29