Մոսկվան օգնության անվան տակ «կանաչ մարդուկների՞» է ուղարկել Իտալիա

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Իտալիա ուղարկված ռուսական բեռների մեծ մասը (80%) բացարձակապես անօգուտ են կամ քիչ օգուտ տվող: Այս մասին գրում է La Stampa թերը՝ հղում անել իր աղբյուրներին: Ռուսաստանն Իտալիա է ուղարկել 9 Իլ-76 ինքնաթիռ մարդասիրական օգնություն եւ համաճարակների դեմ պայքարի ոլորտի մոտ 100 մասնագետ, ախտահանման համալիրներով ու լաբորատորիաներով: «Դոժդը» հայտնում է, որ ըստ La Stampa-ի տեղեկությունների, Ռուսաստանը, աջակցություն ցույց տալով Իտալիային, իր քաղաքական ու դիվանագիտական շահերն է հետապնդում: Թերթն ուշադրություն է հրավիրում, որ բոլոր ռուս մասնագետները բարձր կոչումներով զինվորականներ են, այլ ոչ թե բժիշկներ: Փաստացի, օգնության անվան տակ Ռուսաստանն Իտալիա է ուղարկել «կանաչ մարդուկների», որոնք ժամանակին ապահովեցին Ղրիմի անցավ բռնակցումը Ռուսաստանին: Ճիշտ է, հետո այնքան էլ անցավ չէր, քանի որ դրան հաջորդեցին կոշտ միջազգային պատժամիջոցներ: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ պատժամիջոցները չեղարկվեն, եւ շատերն Իտալիային աջակցությունը գնահատում են այդ համատեքստում: Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում կտրականապես հերքել է կարծիքը, որ Ռուսաստանն այս քայլով փորձում է եվրոպական պատժամիջոցների չեղարկման լոբբինգ անել: Արեւմուտքը դժվար թե հանի պատժամիջոցները, իսկ Ռուսաստանը կացնային մեթոդներով ընդամենն իրեն կզրկի բարոյականության վերջին մնացորդներից: Չինաստան, ի դեպ, բժիշկների է ուղարկել Իտալիա: Առաջինը, ինչ արել են չինացի բժիշկները, արձանագրել են եվրոպական առողջապահական համակարգի «հետամնացությունը» եւ ախտորոշման տարրական միջոցների բացակայությունը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
26-03-2020 00:14