Հասարակական տրանսպորտի 25 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն

26-03-2020 14:14

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 897 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք: Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 25 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ: «Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»․- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Lragir.am,
26-03-2020 14:14