Կարծում եմ՝ կգա մի պահ, երբ միայն բժշկական ցուցումով կդնենք թեստերը. Արսեն Թորոսյան

26-03-2020 14:07

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե կորոնավիրուսի վարակի վերջին երկու օջախների՝ Կոտայքի և Էրեբունու արտադրամասերի բոլոր կոնտակտավորեն են արդյոք մեկուսացված: «Չեմ կարող պնդել, որ անխտիր բոլոր անձինք բացահայտված են և ամեն ինչ վերահսկվում է, բայց կարող եմ ասել, որ այդ երկու արտադրամասերի շփումներից մի քանի հարյուր անձ է մեկուսացված»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ համաճարակաբանական հետաքննությունը հաճախ երկար է տևում, և իրենք չեն դադարեցնում այն, քանի դեռ ունեն կասկած ու նաև ռեսուրս՝ այդ մարդկանց պահելու: «Մենք թեստ դնում ենք՝ բժշկական ցուցում, գումարած համաճարակաբանական ցուցումի հիման վրա: Բայց կարծում եմ՝ կգա մի պահ, երբ որ մենք համաճարակաբանական ցուցումը կդնենք կողքի, միայն բժշկական ցուցումով կդնենք, երբ որ դեպքերի աշխարհագրությունն ու թիվը մեծանա: Եվ մեր խնդիրն է այդ ամենը ինչքան հնարավոր է հետաձգել ու օրական հաստատվող դեպքերի թիվը նվազեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը»,- հավելեց նախարարը:

Lragir.am,
26-03-2020 14:07