Հայաստանում կորոնավիրուսով անձանց բուժող բժիշկներից մի քանիսը տուն չի գնում

26-03-2020 14:32

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկներից մի քանիսը, իրենց համարելով ռիսկային, տուն չեն գնում, ոմանք գիշերում են հյուրանոցում: Պետությունը հոգում է բոլոր ծախսերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այն բոլոր բուժաշխատողների համար, որոնք այս հիվանդության դեմ բուժում և հսկողություն են իրականացնում այս պահին գործող երեք հիվանդանոցներում, ապահովվում են առաջին հերթին լավ կենցաղային պայմաններ: Սնունդ է ապահովվում, ապահովվում է տրանսպորտ` տուն գնալու կամ որոշ դեպքերում հյուրանոցում ապրելու համար: Կան բժիշկներ, որ որոշել են տուն չվերադառնալ` իրենց համարելով ռիսկային խումբ, որ տան անդամներին չվարակեն»,-ասաց Թորոսյանը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ վերապատրաստվում է բժիշկների նոր խումբ, մոտ 50 բուժաշխատող է վերապատրաստվել` հերթափոխ իրականացնելու համար: Եվ այդ գործընթացը շարունակական է: Կորոնավիրուսով վարակված անձինք բուժում են ստանում հիմնականում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նախարար Թորոսյանը մարտի 25-ին հայտնել էր, որ Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում ևս գտնվում են պացիենտներ, որոնք ախտանշաններ չունեն կամ շատ թեթև ախտանշաններ ունեն:

Lragir.am,
26-03-2020 14:32