ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտարարությունը

26-03-2020 14:55

Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում Հայաստանի Հանրապետության տարբեր ուղղություններով, ինչպես նաև կան խմբեր, որտեղ շատ վարորդներ առաջարկում են ուղևորափոխադրումներ իրականացնել պարզապես բարեգործական նպատակներով: Այս առնչությամբ խնդիրն այն է, որ վարորդներն ուղևորների փոխադրման ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումներով՝ այդ կերպ խախտելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշումը, որտեղ համաձայն որոշման 3-րդ կետի թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը: Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը: Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) և խմբի բոլոր անդամներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը և ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում Պարետի ցուցումները խախտելու համար նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ:

Lragir.am,
26-03-2020 14:55