Կյանքից հեռացել է սփյուռքահայ նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը

26-03-2020 15:22

Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է զետեղվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Ցավով հայտնում ենք, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը: Նա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուների կողմից ամենասիրված ցուցանմուշներից մեկի՝ Արամ Խաչատրյանի դիմանկարի հեղինակն է»,-ասված է գրառման մեջ: Էդման Այվազյանը Ծովանկարիչների թագավորական միության, Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ էր: Նա ծնվել է Թեհրանում: 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում: 1958 թվականին Իրանի կողմից մասնակցել է Վենետիկի բիենալեին և արժանացել Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին: 1960-1974 թվականներին աշխատել է ճարտարապետության բնագավառում (Գաջերե հյուրանոց, Թոմասյան դպրոց): Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները: 1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն: 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը: Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է  Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել դիմանկարներ, ծովանկարներ: Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչարտյանի տուն-թանգարան… 2015 թվականին նկարիչը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Lragir.am,
26-03-2020 15:22