Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղամիջոց են օգտագործում կորոնավիրուսով վարակվածների բուժման համար

26-03-2020 15:46

Հայաստանն արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար օգտագործում է «Հիդրոքսիլ քլորոքուին» դեղամիջոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրերի համաձայն այդ դեղամիջոցը կորոնավիրուսից արդեն իսկ բուժել է մի քանի տասնյակ հիվանդի ամբողջ աշխարհում: «Մենք ունենք «Հիդրոքսիլ քլորոքուին», որով արդեն 3 օր է, ինչ բուժում ենք կորոնավիրուսով վարակված մեր պացիենտներին: Մինչ այդ ունեինք երկու դեղի կոմբինացիա, որը ՄԻԱՎ-ի բուժման դեղ էր, ինչով նույնպես բուժում էինք մեր բազմաթիվ պացիենտրներին: Դեռ սեփական փորձի հիման վրա եզրակացություններ անելը վաղ է, քանի որ շատ քիչ օր է անցել, և քիչ թվով պացիենտների վրա ենք փորձել: Մենք հետևում ենք միջազգային գիտական լրահոսին, մեր գործընկերների՝ Չինաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի հետ կապի մեջ ենք, որպեսզի իրենց մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքներն արագ կարողանանք մեր փոքրաթիվ պացիենտների համար կիրառել: Նախնական որոշում ունենք, որ «Հիդրոքսիլ քլորոքուինը» «Ազիթրոմիցինի» հետ տալու ենք այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն թոքաբորբ և որոնք չունեն թոքաբորբ, բայց ունեն հարակից ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ դեղամիջոցը տրվում է նաև ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտներին:

Lragir.am,
26-03-2020 15:46