Տարօրինակ հաղորդագրություն Արցախից. ինչ սահման է գծել Բակո Սահակյանը

26-03-2020 16:10

Արցախի հանրապետության նախագահի նստավայրը տարածել է տեղեկություն Բակո Սահակյանի եւ Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին: Տեղեկություն, որն ունի մի բավականին տարօրինակ եւ զարմանալի ձեւակերպում: Բակո Սահակյանը, ըստ նախագահի նստավայրի, «հանդիպել է իշխանություններին սատարող՚ ուժերի ներկայացուցիչների հետ»: Քննարկվել է մարտի 31-ին սպասվող համապետական ընտրության, կորոնավիրուսի համաճարակի, դրա դեմ պայքարի, նաեւ նոր հանգամանքներ ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ լրացուցիչ քայլերի հարցը: Քննարկմանը ներկա է եղել նաեւ Պետնախարարը: Արցախում մի քանի օր անց սպասվող քվեարկության առնչությամբ հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Հայաստանից մեկնող դիտորդները պետք է անպայման թեստավորվեն, վարակը որեւէ պարագայում Արցախ չտանելու համար: Նույն օրը հայտրարություն է արել նաեւ Արցախի նախագահի թեկնածու, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, նշելով, որ հանրային առողջությունն ամենից կարեւորն է ու թեեւ քարոզչության ընթացքում տեսել է նոր Արցախ կերտելու հանրության տրամադրվածությունը եւ պատրաստակամությունը, այդուհանդերձ ըմբռնումով կմոտենա համաճարակի վտանգի առնչությամբ ընտրության վերաբերյալ կայացվելիք ցանկացած որոշման: Մի շարք տարբեր ուժեր, թե նկատելի անկեղծ մտահոգությամբ, թե նույնքան նկատելի քաղաքական նկատառումով, Հայաստանից եւ Արցախից հնչեցնում են ընտրությունը վարակի ռիսկի պատճառով հետաձգելու կոչեր: Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը խոսում է, որ Երեւանն այդքան էլ տրամադրված չէ հետաձգելուն: Մարտի 24-25-ին Նիկոլ Փաշինյանն Արցախ էր գործուղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Արդյոք նրա վերադարձից հետո ստացած որեւէ ազդակի հիման վրա է վարչապետ Փաշինյանը մարտի 26-ի կառավարության նիտում անդրադարձել դիտորդների խնդրին, ակնարկելով, որ պատրաստ են կանխարգելիչ հավելյալ խիստ միջոցառումների, սակայն ամենեւին ոչ ընտրությունը հետաձգելու: Եվ արդյոք Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ընտրությունը հետաձգելու Արցախի ղեկավարության տրամադրվածությունը, որին էլ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է իր փաստացի անհամաձայնությունը: Իսկ ի՞նչ է փոխանցել Արցախի խորհրդարանին Բակո Սահակյանը: Արդյոք նա էլ իր հերթին փոխանցել է, որ Հայաստանի վարչապետը համաձայն չէ ընտրությունը հետաձգելուն: Ահա այդ համատեքստում էլ հատկապես ուշագրավ է Արցախի նախագահի նստավայրի հաղորդագրության մեջ առանձնահատուկ ձեւակերպումը՝ իշխանությանը սատարող ուժերի ներկայացուցիչներ: Ոչ այն իմաստով, որ նախագահ Սահակյանը չի հանդիպել խորհրդարանի այսպես ասած միակ ընդդիմադիր պատգամավոր Խանումյանին: Ձեւակերպումը ուշագրավ է փոքր ինչ այլ համատեքստում, նկատի ունենալով այն, որ Բակո Սահակյանի եւ «իշխանությանը սատարող ուժերի» հանդիպմանը մասնակցել են նաեւ Արցախի նախագահի երկու թեկնածու՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը Ազատ Հայրենիք ուժի ղեկավարն է, եւ ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը: Փաստացի ստացվում է, որ Արցախում համապետական քվեարկությունից մի քանի օր առաջ Բակո Սահակյանը նախագահի թեկնաուներից առնվազն երկուսին կամա թե ակամա կնքում է «իշխանություններին սատարող»: Բակո Սահակյանին ինչի՞ համար էր պետք այդ սահմանագծումը:

Lragir.am,
26-03-2020 16:10