COVID-19. Իսպանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին

26-03-2020 17:10

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 488 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 22 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 117 հազար 607: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը: Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 285 է: Գրանցվել է 67 նոր դեպք: Մահացածների թիվը 3 հազար 287 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 386 մարդ: Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 7 հազար 503: Մահացության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Իսպանիան, որտեղ կորոնավիրուսից մահացել է 4 հազար 089 մարդ: Մահացության այս ցուցանիշով Իսպանիան շրջանցում է Չինաստանին: Իսպանիայում մեկ օրում գրանցվել է մահացության 442 նոր դեպք. վարակվածության՝ 6 հազար 673: Վարակվածների ընդհանուր թիվն Իսպանիայում 56 հազար 188 է:

Lragir.am,
26-03-2020 17:10