Հայերեն ազգային կորպուսի ձևավորման կոչ

26-03-2020 17:28

Ազգային արագացման հանրային նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ փորձում է վերացնել հայերենի թվային հետամնացությունը և փակել այն խայտառակ էջը, որ արդեն երեք տասնամյակ շարունակ «գրվել» և, ցավոք սրտի, այսօր էլ «գրվում» է իշխանությունների, տարաբնույթ պատկան մարմինների, փքուն ու ձևական կազմակերպություններ-հիմնադրամների հանցավոր անգործունեությամբ: Հայերենի թվային արժանապատվությունը պետք է վերականգնվի: Հակառակ դեպքում ոչ նախնիները, և ոչ էլ գալիք սերունդները մեզ չեն ների, որ քաղաքակրթական նոր (տեխնոլոգիական՝ «4-րդ արդյունաբերական») փուլում մենք մեր լեզուն պահ ենք տվել փոշոտ պահարանում անկարողության ու աննպատակահարմարության պատճառաբանություններով: Մի՞թե սա չէ պատճառը, որ Հայաստանում ձևավորվող նոր ոլորտները արմատազուրկ են և ոչ հայաստանակենտրոն, առաջին իսկ հնարավորության դեպքում նետվում են ծառայելու և սպասարկելու օտարերկրյա խաղացողներին կամ այն, որ տեղական շուկան թեկուզ իր համեստ ծավալներով չի դիտարկվում որպես ազգային տնտեսության ռազմավարական հենք, որը պետք է զերծ մնա արտաքին կախվածությունից: Զարմանալի ոչինչ չկա, որ աշխարհին երկրորդական որակի՝ լաքեյական ծառայություններ մատուցելը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակ: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե որքան զավեշտալի են աշխարհներ և շուկաներ նվաճելու ամպագոռգոռ հայտարարությունները, երբ Հայաստանում, կարելի է ասել, իսպառ բացակայում է սեփական՝ ազգային գործիքակազմը: Համաճարակն այն սթափեցնող ամպրոպն էր, որ եկավ հաստատելու, թե որքան կարևոր են տեղական՝ ազգային համացանցը և թվային գործիքներն անվտանգության ու տարրական կենսունակության ապահովման առումով: Հարկադրված մեկուսացման պայմաններում նրանք հնարավորություն պետք է տրամադրեին կազմակերպելու աշխատանքային, ներառյալ ստեղծագործական գործունեություն, ուսում և ժամանց: Գլոբալացման թրենդը փոխարինվում է տեղայնական մեկուսացմամբ: Անգամ, եթե հենց վաղը համաճարակը արմատապես արմատախիլ արվի, կանգ չեն առնի նոր տնտեսական և քաղաքական աշխարհակարգ ձևավորող տեկտոնիկ ցնցումները՝ պարտադրելով ժողովուրդներին համախմբած մնալ սեփական արդեն ազգային օջախների շուրջ: Ցավոք, մենք ինքնուրույնաբար չհասցրեցինք վերջնական տեսքի բերել մեր տեղական՝ ազգային գործիքները: Մեզ հասած թվային ժառանգությունը չափից ավելի ողորմելի դուրս եկավ՝ սեփական ուժերով ավարտի հասցնելու գործիքների թվայանացումը: Հայաստանը այն բացառիկ երկրներից է, ուր չկա բանավոր խոսքի ազգային կորպուս: Ուստի դիմում ենք ձեզ օգնել մեզ համատեղ ուժերով վերջնական տեսքի բերել մեր թվային գործիքներն ազգային կորպուսի ձևավորման ճանապարհով: Ամենից կարևորը դա խոսքի ճանաչումն (Automatic Speech Recognition ֊ ASR) է: Այն թույլ կտա ավտոմատիզացնել սոցիալական առօրյա հարաբերությունները պետական, տնտեսական, առևտրային, մշակութային և հանրային այլ կառույցների հետ բանավոր խոսքի միջոցով: Այս պահին մեզ հաջողվել է հավաքել ընդամենը 28 ձայն համակարգի մշակման համար, որն անբավարար է հանրային կիրառման համար: Այլ խոսքերով ասած՝ ունիվերսալ չէ: Մենք դեռևս կարիք ունեք 3 անգամ ավելի ձայների առնվազը 500֊600 ժամ տևողությամբ: Տեսականորեն մենք կարող ենք հատ առ հատ զտել ձայներ բաց աղբյուրներից (օրինակի համար youtube-ից) և կազմել ձայնային կորպուսներ (ձայնագրություն + բնօրինակ տեքստ), սակայն ներկա տեմպերով այն ամիսներ կպահանջի, որի ժամանակը մենք չունենք այս վիճակում: Զանգվածային կիրառության ASR-ի մշակումը և գործարկումը մեզ հնարավորություն կտա շատ արագ և կարևորն ինքնուրույնաբար հարստացնել արհեստական ձայների դարանը, որը ոչ միայն ավտոմատ սարքերի հետ հաղորդակցության երկրորդ՝ հակադարձ ուղու միջոց է, այլև կրթության և մշակույթի նոր ձևերի առանցքային գործիք մեր տեխնոլոգիական դարում: Մանրամասները կարդացեք մեր էջի գրառումներում: Ընդամենն անհրաժեշտ է մուտք գործել մեր կայք, ընտրել տեքստ և ձայնագրել այն ձեր համակարգչի կամ հեռախոսի օգնությամբ: Միջինը կպահանջվի 15֊20 րոպե: Եթե ինչ֊ինչ պատճառներով չկարողանաք կամ չհասցնեք ձայնագրել մեկ սեանսի ընթացքում, դա կարող եք անել ավելի ուշ: Համակարգը ձեզ «կճանաչի»: Նա նաև կպահպանի բոլոր այն մասնակի կամ ամբողջական ձայնագրությունները, որոնք դուք կարողացել եք վերբեռնել (upload) նախորդ սեանսների ժամանակ: Ողջունվում են բոլոր տեսակ ձայները, քանի որ դա կապահովի կիրառման լիարժեք ունիվերսալիություն: Անհրաժեշտ ենք գտնում շեշտել, որ սա հանրային/քաղաքացիական նախաձեռնություն է զուտ ազգային կտրվածքով: Այն ծնունդ է առել, քանի որ անցյալի և ներկայի ազգային ձևական կառույցները անտեսել են մեր հանրությանը նախապատրաստելու բոլորիս դուռը թակող թվային ժամանակաշրջանին: Մասնակցելով մեր նախաձեռնությանը դուք ձեր արժեքավոր ներդումը կանեք ազգային կորպուսի կերտման մեջ, իսկ մենք պարտավորվում ենք անուն առ անուն գրանցել մասնակիցներին ազգային կորպուսի հեղինակների ցուցակում: Հասկանում ենք, որ տհաճ է գիտակցել այն փաստը, որ «առոք֊փառոք» գործող կառույցների պարագայում հանրությունն ինքն ստիպված է զբաղվել նման կարևոր խնդիրներով, սակայն հետադարձ հայացք գցելով նորագույն պատմությանը, մենք կտեսնենք, որ գրեթե բոլոր նշանակալից և արժանավայել գործողությունները արվել են հանրային նախաձեռնությամբ, չսպասելով այսպես կոչված «պաշտոնական կառավարիչների» որոշումներին: Այդպես ձեռք բերվեց հաղթանակն Արցախում, իրականացվեցին փրկարարական և վերականգնողական ամենաէական աշխատանքները երկրաշարժի գոտում, իսկ մեր ժամանակներում հանրային խմբերի նախաձեռնությամբ կասեցվեց ապրիլյան հարձակումը և հիմք դրվեց տեղական ռազմարդյունաբերությանը: Այնպես որ, բյուրոկրատական վերնախավերի ապարիկարությունն ու անկարողությունը քննադատելու փոխարեն ավելի լավ է անել գործ, որը դուք գտնում եք անհրաժեշտ և օգտակար հենց այսօր, հենց այս պահին: Առավել ևս դա մի լավ հնարավորություն է առնչվելու գեղեցիկի և մնայունի հետ մեր այս փոթորկոտ ժամանակներում, որը ձեզ թույլ կտա կառչել այն հիմնավոր արժեքներից, խոր բնափիլիսոփայությունից, որոնք պահպանել են մեր տեսակը հազարամյակներ շարունակ: Ձեր ընտրությանն է ներկայացվում մաքուր և գրագետ հայերենով գրական նյութերի և հրապարակումների մեծ տեսականի: Կխնդրեինք տարածել այս հայտարարությունը սեփական ուժերով: Նախապես շնորհակալ ենք և ակնկալում են ակտիվ մասնակցություն: https://arm.ican24.net/record.php Ազգային արագացման հանրային նախաձեռնություն

Lragir.am,
26-03-2020 17:28