Կորոնավիրուսային մեծ հապաղումը, «իսպանական» գրիպը եւ Թրամփների վերելքը

26-03-2020 18:33

Աշխարհը ուշացումով, բայց ի վերջո համակերպվեց իրողությանը, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի եւ դեղամիջոցի բացակայության պայմաններում վարակին դիմագրավելու միակ համընդհանուր կիրառելի արդյունավետ միջոցը շփումների, ազատ տեղաշարժի աննախադեպ ծավալի սահմանափակումներն են, միջազգային ճգնաժամային բառապաշարում գործածվող՝ գլոբալ shut down-ը: Թե որքան վճռորոշ էին հապաղումի յուրաքանչյուր օրը, մասնագետները տարբեր կերպ են գնահատում, բայց մի հարցում համամիտ են, որ գլոբալացված աշխարհում դրա տարածման կասեցումն անհնարին էր: Այդուհանդերձ, նշվում է, որ տարածման տեմպը ի սկզբանե հնարավոր էր դանդաղեցնել, ինչի շուրջ էլ հիմա բոլոր երկրները որպես գերնպատակ կենտրոնացրել են ուժերը: Ակնհայտ է, որ ամենուր, Չինաստանից բացի, իշխում էր Ուհանում սկիզբ առածի դրական ելքով կարճ ժամկետում ավարտվելու համոզվածության անհոգ վերաբերմունքը: «Ուհանցի Կորոնայի» մասին շատ բան հայտնի չէր: Իսկ մարդու հոգեբանությունն ու սոցիալական վարքն ուսումնասիրողներն ասում են, որ  որքան քիչ է մարդը որեւէ բանի մասին տեղեկացված՝ այնքան մեծ է հավանականությունը, որ նա կամ անտեսում է դա, կամ վախի հասնող անհանգստություն դրսեւորում դրա նկատմամբ: Եթե այդ նոր անհայտ բանը ինչ-որ տեղ հեռվում է, ապա անտեսելը եւ կարծելը, թե դա իրեն չի հասնի, ավելի հավանական է: Այս պարզ մարդկային հոգեբանական «թուլությունը», սակայն, գլոբալացված աշխարհում հավասար եղավ այսպես ասած ոչ միտումնավոր հանցավոր անփութության: Հաշված շաբաթների ընթացքում Չինաստանից պատվիրած ապրանքներ ստացող մոլորակի բնակիչները անակնկալի եկան՝ պարզվեց COVID-19-նն էլ գիտե գլոբալիզացիայի առավելություններից օգտվել… Մեծ ուշացումը Բարեկեցիկ Եվրոպայում կառավարությունները, համաճարակաբանները եւ բնակչությունը մինչեւ մարտի կես լրջորեն անհանգստանալու հիմք չէին տեսնում: Գերմանիայում, օրինակ, առողջապահության նախարարը մինչեւ մարտի կես վստահեցնում էր, որ վիրուսի վտանգը պետք չէ գերագնահատել, որ ԳԴՀ-ն բոլոր սցենարներին դիմագրավելու անհրաժեշտ ներուժ ունի: Մինչեւ մարտի 12-ը նա անգամ դեռեւս վստահ չէր, արդյոք սահմանափակումների առաջին զգուշավոր փորձը՝ մինչեւ 1000 մասնակցով միջոցառումներն արգելելն արդարացված է[1]: Դաշնային կառավարության խորհրդատուն՝ Ռոբերտ Կոխի անվան հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ինստիտուտը եւս մինչեւ մարտի կես անհրաժեշտություն չէր տեսնում դպրոցները, մանկապարտեզները եւ բուհերը փակելու, առավել եւս՝ սահմաններում հսկողություն կատարելու (առաջինը կիրառվեց մարտի 16-ից, մյուսը՝ 18-ից): Եւ սա այն դեպքում, երբ Գերմանիայում արդեն իսկ հունվարի 31-ին առաջին վարակի դեպքն արձանագրվել էր, իսկ մարտի  12-ի դրությամբ՝ բոլոր 16 դաշնային երկրամասերի հանրագումարով 2369 վարակված կար[2]: Ավստրիայով Իտալիային կապվող Բավարիայի երկրամասը վարակվածների թվով առաջատարն էր, եւ Բավարիայի երկրամասային կառավարության ղեկավարը առաջինը եղավ, որն առանց դաշնային մակարդակով բոլոր երկրամասերի հետ համաձայնեցնելու՝ սահմանափակումներ տարածեց, ինչի համար ի դեպ՝ խիստ քննադատության արժանացավ: Սակայն օրեր անց բոլոր երկրամասերը հետեւեցին նրան: Այստեղ  չմոռանանք նշել, որ անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հապաղեց եւ ընդամենը մարտի 11-ին COVID-19-ին համաճարակի կարգավիճակ տվեց: Միայն դրանից հետո եվրոպական կառավարությունները սկսեցին սթափվել: Բնակչությունը սակայն դեռ լավատես անհոգության մեջ էր: Դրա օրինակը ինձ թույլ տամ բերել համաճարակի եվրոպական էպիկենտրոն Իտալիային առնչվող իմ անձնական փորձով: Մարդկային լավատես անհոգության գործոնը Դեռ 2019թ.աշնանը Սիցիլիայում 2020թ. հունիսի համար ընտանեկան երեքշաբաթյա արձակուրդ էինք ամրագրել: Առաջին անվստահությունս, թե արդյո՞ք մինչեւ հունիս համաճարակը Եվրոպայում նահանջած կլինի, արտահայտվեց իտալացի զբոսաշրջական գործակալին մարտի 6-ին էլեկտրոնային նամակ գրելով: Նրան խնդրեցի տեղում իրավիճակի մասին տեղեկություն տալ: Մարտի 7-ին իտալական ջերմությամբ եւ լավատեսությամբ համեմված պատասխանը համառոտ հետեւյալն էր (գործակալության եւ ներկայացուցչի անունը հասկանալի պատճառներով չեմ հիշատակի ). «Մեր ռեգիոնում իրադրությունը բացարձակ հանգիստ է: Զբոսաշրջիկները հանգիստ գալիս վայելում են իրենց հանգիստը: Ցավոք՝ լրատվամիջոցները ուռճացնում են հարցը, ինչը խուճապ է առաջացնում: Փաստը, որ Իտալիայում մեծ թվով վարակի դեպքեր են արձանագրվել, պայմանավորված է նրանով, որ Իտալիան շատ է թեսթավորում: Կառավարությունը իրավիճակը շատ լավ է կարգավորում, եւ մեր առողջապահական համակարգը աշխարհում լավագույններից է, ուստի կարելի է ասել՝ ներկայում Իտալիան ամենաապահով երկրներից է: Մենք միանշանակ վստահ ենք, որ այս տանգնապի տարածումը շուտով կավարտվի՝ գարունը գալիս է, եւ տաք եղանակը կոչնչացնի վիսուսի հարուցիչին: Վստահ եմ՝ հունիսին կարող եք հրաշալի օրեր անցկացնել արեւոտ Սիցիլիայում»: Գրվածն այդ պահի դրությամբ իսկապես համապատասխանում էր տիրող տրամադրություններին: Մտերիմներիցս մեկը նույնիսկ մարտի 10-ի դրությամբ պատրասվում էր ապրիլի սկզբին Իսպանիայում անցացնելիք արձակուրդին… Մեծ թվով գերմանացիներ եւ այլազգիներ անխռով դեռ իրենց արձակուրդն էին անցկացնում Իտալիայում: Շատ համաճարակաբաններ այլ վիրուսների օրինակով ակնկալում էին, որ տաք եղանակի հետ հարցը կփակվի: Այդ պահի դրությամբ 5,2 միլիոն բնակչությամբ Սիցիլիայում պաշտոնապես հաստատված 139 վարակակիր կար: Չթաքցնեմ՝ ինքս էլ մարտի սկզբին դեռ հնարավոր էի համարում հունիսին Իտալիայում արձակուրդ անցկացնելը, ապրիլին էլ՝ Հայաստան այցելելս… Հաշված օրերի ընթացքում փոխվեց թե իմ, թե իտալացի գործակալի ընկալումը: Մարտի 11-ի-ն, ԱՀԿ-ի՝ համաճարակ հայտարարելուց հետո, մարտի 16-ին խնդրեցի ամրագրումը չեղարկել: Մարտի 17-ին ստացած պատասխանս լավագույնս արտացոլում էր իտալացիների վիճակը. «Մենք այստեղ բոլորս պատերազմի մեջ ենք մի անտեսանելի եւ համառ թշնամու դեմ… Հիվանդանոցները լեփլեցուն են, բժիշկներն ու կառավարությունն անում են հնարավորն ու անհնարը: Երկար չեմ ուզում նկարագրել, վստահաբար գիտեք ինքներդ… Ուզում են խնդրել Ձեզ, ստուգել հնարավորությունը, թե արդյոք կարող եք ամրագրման կանխավճարը որպես դեպոզիտ թողնել այլ ժամանակ՝ ճգնաժամից հետո արձակուրդն այստեղ անցկացնելու համար: Դա ոչ միայն հոգեբանական, այլեւ գոյատեւման օգնություն կլինի իրենց ընտանիքների կարիքները զբոսաշրջությամբ հոգացող վարձակալների համար, քանի որ բոլոր չեղարկումների գումարները վերադարձնելը սնանկացման դատավճիռ կլինի նրանց համար: Մենք շատ կցանկանայինք ստիպված չլինելու այս տողերը գրելու… Հուսով ենք այս մղձավանջը կավարտվի բոլորի համար որքան հնարավոր է շուտ եւ առանց շատ զոհերի…»:  Մեզ պարզ էր, որ մեր պատասխանը արագ եւ միայն «այո» կարող է լինել՝ անկախ դրա հետ կապված հետագա անորոշություններից: Դա անձամբ ինձ համար ոչ միայն վիրուսից այս պահին ամենշատը պատուհասված եվրոպական երկրի մի քաղաքացուն թեկուզեւ աննշան աջակցություն ցուցաբերելու բարոյական պարտք էր, այլեւ բարոյական pay back մի երկրի, որն աշխարհին Դանթե, Դա Վինչի, Վերդի, Վիվալդի, Պավարոտտի, Չելենտանո, Ֆելլինի, Սոֆի Լորեն եւ բազում այլ անհատներ է տվել, ում ստեղծած մշակույթի միլիոնավոր սպառողներից մեկն եմ եղել դպրոցական տարիքից մինչ օրս: Եւ հիմա այդ երկրում բժիշկները ստիպված են ընտրել, թե որ հիվանդին միացնեն շնչառական սարքը՝ ով ապրելու ավելի մեծ շանս ունի կամ ավելի երիտասարդ է… Այս օրերին Գերմանիայում համերաշխության ոգով տարբեր նման նախաձեռնություններ են ընթանում, օրինակ՝ մշակութային միջոցառումների համար գնված տոմսերի գումարը հետ չպահանջել, այլ որպես դեպոզիտ թողնել, որպեսզի հատկապես խոցելի խավ համարվող մշակութային գործիչներն ու ոլորտի կազմակերպությունները հնարավորինս երկար կարողանան սնանկացմանը դիմագրավել: Նաեւ ավիաընկերությունների համար քննարկվում է այս մեխանիզմն արդեն վաճառված եւ դեռ անհայտ ժամկետով տեղի չունենալիք թռիչքների տոմսերի համար ներդնելու հնարավորությունը: Օդային հաղորդակցության վնասներն այս պահի հաշվարկներով արդեն իսկ գերազանցում են 100 միլիարդ եվրոն[3]:  Սա հասարակական համերաշխության շատ գործնական ձեւ է, եւ արժե, որ յուրաքանչյուր ոք ստուգի որեւէ համանման իրավիճակում համերաշխություն ցուցաբերելու իր հնարավորությունը: Վտանգի թերագնահատման մյուս հիմքերը Անժխտելի է, որ համընդհանուր հապաղման մյուս պատճառն այն էր, որ բոլոր կառավարություններն էլ այս օրերին հանրային կյանքի սահմանափակումների հարցում աչքի առաջ ունեին դրա տնտեսական ավերիչ հետեւանքները: Հաջորդ պատճառն այն էր, նման ծավալի համաճարակային այլ իրադրության հետ համեմատության հնարավորություն չկար: Դեռեւս չուսումնասիրված հարուցիչի ստեղծած իրադրությունը մինչ այս եղած վարակների հետ համեմատելը անխուսափելիորեն պետք է հանգեցներ իրավիճակի կամ թերագնահատման, կամ գերագնահատման: Համեմատության գլխավոր եզրը բոլորի համար SARS-CoV-1-ն էր, որը հանգեցնում էր ծանր թոքաբորբի: Մինչ այդ անհայտ վիրուսը սկիզբ էր առել 2002-ին Չինաստանի հարավից, կենդանիների վաճառքի շուկայից, եւ արագ տարածվել աշխարհով: Վիրուսի սկզբնական կրողը, ինչպես COVID-19-ի դեպքում, դարձյալ չղջիկներն են համարվում: SARS-CoV-1-ով հիվանդացածների քանակը 8000 էր, մահվան դեպքերը՝ 774[4]: Ըստ ամենայնի, COVID-19-ի շուրջ նախնական լավատեսության հիմքում սա էր, ինչը սակայն հանգեցրեց վտանգի թերագնահատման: 2002-2003-ին էլ SARS-CoV-1-ը համեմատում էին դրանից առաջ հայտնի եւ ընդամենը սովորական մրսածության ախտանիշեր առաջացնող «անվնաս» այլ կորոնա վիրուսների հետ: (Կորոնա վիրուսների ընտանիքը յոթ տեսակ վիրուսներից է բաղկացած: Դրանցից երեքը ըստ վտանգավորության աստիճանի՝ SARS-CoV-2-ը, այլ կերպ՝ COVID-19- կոչվող, SARS-CoV-1-ը  եւ MERS-CoV-ն են: Մյուս չորս կորոնա վիրուսները աննշան հետեւանքներով եւ մեղմ ախտանիշերով են): COVID-19-ի համար համեմատության առավել դիպուկ օրինակը մասնագետները, կրկին ուշացումով, գտան պատմության անիվը 100 տարի հետ պտտելով՝ 1918թ. բռնկված «իսպանական» գրիպի համաճարակը, որին ըստ գնահատումների՝ 50 միլիոն մարդ զոհ գնաց, գրեթե կրկնակի ավելի, քան Առաջին համաշխարհային պատերազմի զոհերը: «Իսպանական» գրիպի մոռացված դասը եւ… Թրամփ ընտանիքի վերելքը Թեեւ համաճարակը պատմության մեջ մտավ որպես «իսպանական», սակայն այն սկիզբ առավ ԱՄՆ-ում: Ինչպե՞ս սկսվեց այն: Այսպես կոչված՝ պացիենտ 0-ն ԱՄՆ Կանզաս նահանգում ապրող Ալբերտ Գիտչել անունով մի թռչնաբույծ էր, ով չէր նկատել, որ իր թռչունները ինչ- որ վիրուսով են վարակվել: 1918թ. մարտի սկզբին իր ամենօրյա գործով զբաղվելիս նա չի նկատում, որ վարակը փոխանցվել է իրեն: Կարճ ժամանակ անց նա զորակոչվում է մարտական պատրաստության ուսուցման կենտրոն եւ այնտեղ ստանձնում խոհարարի պարտականությունը: Ընդամենը երեք շաբաթվա ընթացքում ճամբարի 56 000 զորակոչիկներից 1100-ն արդեն հիվանդ էին, 38-ը՝ մահացած: Մյուսները վարժանքներն ավարտելով մեկնում են Եվրոպա՝ արեւմտյան ռազմաճակատ: Խրամատներում նորահայտ գրիպի վիրուսը անխոչընդոտ տարածվում է: Ալբերտ Գիտչելի վարակվելուց մոտ 40 օր անց արդեն 20 միլիոն վարակվածներ եւ 20 000 մահացածներ կային: 1818թ. սեպտեմբերի 17-ին, պացիենտ 0-ի վարկվելուց կես տարի անց, ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում արձանագրվեց անհայտ վիրուսի առաջին դեպքը: Պատասխանատուները վտանգը ներկայացրին նվազեցված ձեւով: Արձանագրումից 11 օր անց իշխանությունները թույլ տվեցին մի շքերթ անցկացնել, որը դիտելու համար մոտ 200 000 հանդիսատես էր հավաքվել: Մեկ շաբաթ անց Ֆիլադելֆիայում արդեն 45 000 վարակվածներ կային: Միայն հոկտեմբերի 3-ին են սկսվում կիսատ-պռատ միջոցներ կիրառվել վարակի դեմ, բայց արդեն ուշ էր: Դրան հաջորդած վեց շաբաթների ընթացքում ամբողջ քաղաքն արդեն վարակված էր: 12 000 մարդ մահացավ: Վիրուսը բոլորովին այլ ընթացք ունեցավ ԱՄՆ մեկ այլ քաղաքում՝ Սանտ Լուիսում: Այստեղ 1918թ. հոկտեմբերի 5-ին արձանագրվեց առաջին դեպքը: Քաղաքային իշխանության առողջապահության հարցերով պատասխանատու Մաքս Սթադլոն, որը հետեւում է Ֆիլադելֆիայի զարգացումներին, երկու օր անց ամբողջ քաղաքում կարանտին հայտարարեց: Ցանկը՝ ըստ էության նույնը, ինչ հիմա՝ COVID-19-ի դեպքում: Արդյունքում Սանտ Լուիսում մահացածների թիվը չգերազանցեց 700-ը: Այս ընթացքում «Նյու Յորք Թայմսը» պատերազմական պրոպագանդայի ոգով գրում է, թե գրիպը միայն գերմանացիներին է վարակել: Արդյունքում սկսվում է նոր գրիպը «գերմանական» անվանվել: Գերմանիայից ԱՄՆ արտագաղթած մի գերմանացի 1918թ.այդ օրերին մտախոհ քայլում էր Նյու Յորքի փողոցներով, քանզի զգում էր, որ հիվանդ է: Շատ չանցած՝ նա դառնում է նոր գրիպի զոհերից… Հեռատես գերմանացին մինչ այդ իր կյանքն ապահովագրել էր: Նրա մահից հետո այրին ստանում է ապահովագրական գումարը եւ հողակտորներ գնում Նյու Յորքում: Այսօր նրա ժառանգները երկրի ամենահարուստների թվում են: Գերմանացի ներգաղթյալի անունը Ֆրիդրիխ Թրամփ էր. նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պապն էր[5]… Թերեւս ճակատագրի հեգնանք է, որ «իսպանական» գրիպից մահացած Ֆրիդրիխ Թրամփի թոռն այսօր COVID-19-ի վտանգին թերահավատ վերաբերմունք ունեցողներից է: Իսկ գրիպն իր «իսպանական» անունն ստացավ հետեւյալ կերպ:  Քանի որ Առաջին համաշխարհայինի ժամանակ Իսպանիան չեզոք երկիր էր եւ դրանով պայմանավորված՝ մամուլի գրաքննություն չկար, իսպանական մամուլն առաջինը հաղորդեց նորահայտ վարակի մասին եւ դրա ծագումը կապվեց Իսպանիայի հետ. վիրուսը կնքեցին «իսպանական» անունով[6]: Դեռ ինչքա՞ն կտեւի այս վիճակը Այս հարցին համաճարակաբանները պատասխանում են՝ ինչքան հնարավոր է երկար: Առաջին հայացքից սա հակասութան մեջ է համաճարակից արագ ազատվելու նպատակի հետ, սակայն ունի իր բացատրությունը՝ ժամանակ շահել, հիվանդանոցային կարողությունները կոլապսի չհանգեցնել վարակվողների թվի դանդաղ աճ եւ մահացությունների ցածր թիվ ապահովելու համար, մինչեւ պատվաստանյութը  եւ դեղամիջոցը հասանելի կլինեն[7]: Հանրային շփումների սահմանափակման տարբեր երկրների նախաձեռնած միջոցառումները, անկախ դրանց ձեւակերպման իրավական շրջանակի տարբերությունից՝ արտակարգ դրություն, թե վարակիչ հիվանդություններից պաշտպանության մասին օրենք, գնալով ներդաշնակվում են եւ խստանում (բացի Չինաստանից, որն արդեն վերացնում է սահմանափակումները, ինչը Եվրոպայում շատերը վտանգավոր են համարում եւ ավելի շատ որպես քարոզչական, քան համաճարակաբանական քայլ են դիտարկում): Բարեբախտաբար բոլոր երկրներում մարդկանց գերակշիռ մասն արդեն իսկ ենթարկվել է նոր կանոններին: Սակայն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այս դեպքում մեծամասնության վճռորոշ լինելու սկզբունքը չի գործում, մեծամասնության համախմբումը արդյունք չի երաշխավորում՝ այն վտանգված է «անհնազանդ» փոքրամասնության անպատասխանատու վարքով: Շատերը սահմանափակումներին ընդդիմանում են՝ ասելով, թե առողջ են: Վարակաբանները դրան պատասխանում են հետեւյալ իրողությամբ. COVID-19-ը այլ վիրուսներից տարբերվում է նրանով, որ մեծ վերարտադրողականություն ունի: Դա նշանակում է, որ մեկ վարակակիրը կարող է նվազագույնը 10 եւ ավելի հոգու վարակել: Համեմատության համար՝ սովորական ինֆլուենցայի դեպքում մեկ վարակակիրը վարակում է միջինը երկու հոգու, կարմրուկի դեպքում՝ 15-ի, ջրծաղիկի՝ 6-ի[8]: Բացի այդ, COVID-19-ը արդեն իսկ վարակիչ է նախքան վարակվածի մոտ ախտանիշերի ի հայտ գալը: Ըստ էության, վարակվելուց մոտ երեք օր անց ինքը վարակակիրն արդեն վարակիչ է՝ առանց դեռեւս իմանալու, որ վարակված է: Մյունխենում կատարված մի հետազոտություն վկայում է, որ վարակվածների 44%-ը մինչ ախտանիշեր ունենալն արդեն վարակել են այլոց: Իսկ վարակի ինտենսիվությունը հենց առաջին՝ այսինքն չճանաչված փուլում է ամենաբարձրը: Համեմատության համար՝ SARS-Cov-1-ի ուժեղ վարակիչ փուլը ախտանիշերի ի հայտ գալուց հետո էր սկսվում[9]: Այնպես որ, առողջ լինելը կորոնայի ժամանակներում խիստ հարաբերական հասկացություն է, իսկ սոցիալական պատասխանատվությունը՝ անխախտ ու բացարձակ: Սա ընդունելու համար եւս մեկ հապաղում կարող է անչափելի մեծացնել ու ծանրացնել վերը հիշատակված առաջին մեծ հապաղման հետեւանքները: Իրինա Ղուլինյան-Գերց Բեռլին COVID-19-ի մասին հեղինակի այլ նյութերը հետեւյալ հղումներով՝ https://www.lragir.am/2020/03/23/529873/ https://www.lragir.am/2020/03/16/527513/ https://www.lragir.am/2020/03/19/528631/ ———————————————– Աղբյուրներ՝ [1] https://www.tagesschau.de/inland/spahn-krisenmanagement-corona-101.html [2] https://www.rki.de/DE/Content/InfAZ/N/Neuartiges_Coronavirus/nCoV_node.html [3] https://www.tagesschau.de/wirtschaft/boerse/lufthansa-701.html [4] https://www.rki.de/DE/Content/InfAZ/S/SARS/SARS.html [5] https://www.zdf.de/wissen/leschs-kosmos/corona-was-sagt-die-wissenschaft-102.html [6] https://www.zdf.de/wissen/leschs-kosmos/corona-was-sagt-die-wissenschaft-102.html [8] https://www.zdf.de/wissen/leschs-kosmos/corona-was-sagt-die-wissenschaft-102.html [9] https://www.focus.de/gesundheit/drosten-warnt-nach-studie-viele-infizierte-stecken-andere-an-bevor-sie-sich-selbst-krank-fuehlen_id_11808927.html

Lragir.am,
26-03-2020 18:33