Թեժ իրավիճակ G20-ում. կորոնավիրուսը բաժանեց, իսկ ո՞վ է տիրելու

Մարտի 26-ին տեղի է ունենում G20-ի Վեհաժողովը, որին երկրների առաջնորդները եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները մասնակցում են տեսակապի միջոցով: Վեհաժողովը նախագահում է Սաուդյան Արաբիան, որը նավթային պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ: ՌԴ նախագահը եւս մասնակցում է տեսաժողովին, բայց նրա խոսնակ Պեսկովը նշել էր, թե նավթի շուկայում իրավիճակը չի քննարկվելու: Պեսկովը հայտնել էր, որ կշոշափվի կորոնավիրուսի թեման: Հետաքրքիրը սակայն վերաբերում էր մամուլի համար ռեժիմին: Պեսկովը նշել էր, որ Վեհաժողովի կազմակերպիչ եւ նախագահող երկիր Սաուդյան Արաբիան որոշել է, որ այն փակ է լինելու մամուլի համար: Հազիվ թե Սաուդյան Արաբիան միայնակ որոշած լիներ այդ հանգամանքը, առանց այլ մասնակիցների հետ հարցը դիտարկելու: Ըստ այդմ, պետք է եզրակացնել, որ Վեհաժողովը մամուլի համար փակվում է, քանի որ դրանում ակնկալվում է թեժ քննարկում: Կորոնավիրուսի համաճարակը այլ բան թերեւս չի էլ ենթադրում, համաճարակը արդեն տեւական ժամանակ է, ինչ դարձել է երկրների միջեւ տեղեկատվա-քարոզչական պատերազմի քաղաքական գործիք կամ առիթ: Միջազգային փորձագիտական մակարդակում ավելի ու ավելի զգալի տեղ են զբաղեցնում քննարկումները, թե համաճարակը ինչ քաղաքական ազդեցություն, հետեւանք կամ արդյունք կարող է ունենալ համաշխարհային ուժային կենտրոնների, դրանցում տարբեր դերակատարների քաղաքական խնդիրների, նպատակների, մարտահրվերների համար: Իսկ այստեղ իրողությունները բավական հակոտնյա էին մինչեւ համաճարակը, եւ ճարակի պայմաններում դրանք թերեւս դարձել են էլ ավելի բարդ ու խորհրդավոր: Հատկանշական է, որ Մեծ Քսանի Վեհաժողովից առաջ իրեն բնորոշ անբռնազբոսությամբ որոշակի հայտարարություններ էր արել ԱՄՆ նախագահ Թրամփը, այդ թվում այն մասին, որ կորոնավիրուսը կարող է անհետանալ մի հրաշքով: Դրանից օրեր առաջ ԱՄՆ-ն սկսել է պատվաստանյութի փորձարկում կամավորների վրա: Պատվաստանյութը ի դեպ ստեղծել է հայազգի գործարար Նուբար Աֆեյանի կազմակերպությունը: Աֆեյանը հայտարարել էր, որ արդեն երեք տարի է, ինչ ԱՄՆ առողջապահական կառույցների հետ հետազոտում էին հին կորոնավիրուսը եւ պատրաստ էին նորի ուսումնասիրությանն արագ ձեռնամուխ լինելուն: Միեւնույն ժամանակ, Թրամփի խորհրդավոր ակնարկները հնչում են ԱՄՆ-ում վարակի հեռանկարի վերաբերյալ բավականին մռայլ կանխատեսումների ֆոնին: Զուգահեռ, Չինաստանից բռնկված համաճարակի օջախի վերածվեց Եվրոպան, որի էպիկենտրոն Իտալիայում կարծես թե ծավալվում է ԱՄՆ, Չինաստանի եւ Ռուսաստանի մրցակցություն, ինչին օրերս փորձեց միանալ նաեւ Գերմանիան: Կորոնավիրուսը բառի բուն իմաստով բաժանել է աշխարհը, թողնելով տպավորություն, որ գործի է դրված բաժանիր, որ տիրես հայտնի սկզբունքը: Պարզապես, բաժանողը կորոնավիրուսն էր, բայց տիրողը թերեւս լինելու է այլ, կամ լինելու են այլք՝ «գոտիականությամբ»:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
26-03-2020 19:14