Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումներ չկատարելու պատճառով չի դադարեցվի լույսի, գազի, ջրի մատակարարումը․ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումները բավարարվել են

26-03-2020 19:31

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար: Մասնավորապես, քաղաքացիների մի մասը նշել է, որ ինքնամեկուսացված է և աշխատանքի չգնալու պատճառով չունի վճարումներ իրականացնելու բավարար միջոցներ, իսկ մյուս մասի տեղեկացմամբ՝ վճարումներ չիրականացնելու պատճառով ծառայությունների մատուցումը ջրի, էլեկտրաէներգիայի և գազ համար դադերցվում է: Մարդու իրավունքների պաշտպանը հարցը, երեկ առավոտյան, քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ: Այնուհետև փոխադարձ պայմանավորվածությամբ նույն հարցը բարձրացվել է նաև գրավոր ընթացակարգով: Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համագործակցության շրջանակներում դիմողների տվյալները փոխանցվել են հանձնաժողովին՝ խնդրին արագ լուծում տալու նպատակով: Արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիների մի մասի կոմունալ ծառայությունները չեն դադարեցվել, իսկ դադարեցվածներինը վերականգնվել է: Հանձնաժողովը ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր: Այդպիսի իրավական լուծում ապահովելու պայմաններում բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում վերջիններիս էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի մատակարարումը չի դադարեցվի: Նշենք, որ նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից:

Lragir.am,
26-03-2020 19:31