Նոր հանգստյան տներ են միանում մեկուսացվածներին պահելու գործին

26-03-2020 19:28

Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը որոշում է կայացրել հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել քաղաքացիների մեկուսացման համար, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Նաիրի հանգստյան տան «Ֆեյսբուք»-ի էջը: «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: Կառավարության՝ մարտի 26-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել  էր, որ Կառավարությունը հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունի և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, ուստի նրանց հիվանդանոցում գտնվելը արդարացված չէ: Վարչապետը նշել էր, որ այդ պացիենտները պետք է հյուրանոցներում տեղավորվեն, հաշվի առնելով այն, որ ներկայումս հյուրանոցների մեծ մասը դատարկ է:  ՀՀ վարչապետը հանձնարարել էր պատասխանատուներին բանակցել հյուրանոցների հետ այդ խնդիրը լուծելու համար: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի: Մարտի 26-ին  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 72-ամյա պացիենտի մահվան դեպք:

Lragir.am,
26-03-2020 19:28