Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով կազմվել է 349 արձանագրություն

26-03-2020 19:51

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը: «Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 635 անձի նկատմամբ կազմվել են արձանագրություններ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում: Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 2-ից ավելի անձ, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց: Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից»,- գրել է Ահարոնյանը: Նա նշել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ: Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հորդորում է մարդկանց խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը:

Lragir.am,
26-03-2020 19:51