ԿԳՄՍ նախարարը հեռավար հանդիպում է անցկացրել կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ

26-03-2020 20:26

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամության համար: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար: Նախարարի խոսքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, նախ, գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը, ապա դպրոցականների համար բոլոր առարկաներից պատրաստել է տեսադասեր, որոնք ամեն օր տարածվում են նաև նախարարության ՖԲ-ի էջի միջոցով: Ա․Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Հանրային հեռուստաընկերության հետ կազմակերպվող հանրային դասը հասանելի է բոլորին, տեսադասերը տարածելու համար գործարկվել են հեռուստատեսային հավելվածներ, հեռավար ուսուցման հմտություններ ձեռք բերելու համար դիմել է շուրջ 4000 մանկավարժ: «Նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանը նույնպես երախտագիտություն է հայտնել գործընկերներին սեղմ ժամկետում աշխատանքային հանդիպում ունենալու հրավերին արձագանքելու և մասնակցության համար: Նա նշել է, որ քննարկման նպատակն է գործընկեր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այն ուղղությունների և առաջնահերթությունների վրա, որ այսօր նախանշում է նախարարությունը: Նրա խոսքերով, ԿԳՄՍՆ-ի համար օգտակար է նման աշխատանքային քննարկման միջոցով իրազեկվել գործընկերների կողմից պլանավորվող ջանքերին՝ կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակներում պետության կողմից իրականացվող ջանքերին համադրելու համար, որոնք ԿԳՄՍՆ–ն գործադրում է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Պարետատան համակարգմամբ գործադրվող աշխատանքների շրջանակներում: Նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանն արձանագրել է, որ հեռավար կրթության նոր նախաձեռնած ծրագրերում ընդգրկվել  են դպրոցականների մոտ 80 տոկոսը, և նախարարությունն այսօր գույքագրում է խնդիրներն ու փորձում գտնել լուծումներ: Նա ներկայացրել է այն ուղղությունները, որտեղ հայկական կողմը աջակցության կարիք ունի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորինս աջակցել հեռավար ուսուցման մեջ ներառելու առումով՝  համապատասխան սարքավորումներ տրամադրելու, ինտերնետի հասանելիություն ապահովելու, ստեղծված ռեսուրսների բջջային հավելվածների մշակման և այլ միջոցներով, զարգացնել ուսուցիչների հեռավար ուսուցում կազմակերպելու հմտությունները, օժանդակել կրթական բոլոր հաստատությունների ախտահանման հարցում: Նա կարևորել է հեռավար ուսուցումը հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառող դարձնելու հարցը: Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են հանդիպման նախաձեռնությունը, տպավորիչ համարել սեղմ ժամկետներում նախարարության ձեռնարկած միջոցառումներն ու դրանց կրթական հանրության դրական արձագանքը: Նրանք ներկայացրել են այն քայլերը, որ արդեն իրականացրել են կամ պլանավորում են իրականացնել Արտակարգ իրավիճակի պայմաններում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կառույց կներկայացնի իր ծրագրային աջակցության առաջարկությունը, որի իրագործումը նախարարությունը կքննարկի նաև Պարետատան հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
26-03-2020 20:26