Եթե մենք մի քայլ ընդառաջ անենք ԱՄՆ-ին, իրենք մեզ երկու քայլ ընդառաջ կանեն

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Պարոն Պապյան, ԱՄՆ կառավարությունը որոշել է 2021 թվականին Հայաստանին օգնություն տրամադրել 16 մլն դոլարի չափով, իսկ Արցախին տրվող օգնությունը դադարեցնել: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները, որ տարեցտարի ՀՀ-ին տրամադրվող օգնությունը նվազում է, իսկ Արցախին ընդհանրապես որոշել են գումար չտալ: Պետք է այս իրավիճակը գնահատել որպես ոչ ցանկալի, բայց սպասելի, որովհետև իսկապես սա հետևանք է որոշ քայլերի, որոնք տեղի են ունեցել նախորդ տարիներին: Դա տեղի է ունեցել և նախքան իշխանափոխությունը, և իշխանափոխությունից հետո: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը օգնում է այն երկրներին, որոնց համարում է, որ այդ օգնությունը բերելու է անկախության ամրապնդման: Բնական է, որ այդ անկախությունն այդ երկրների համար ինքնանպատակ չէ: Իրենց բուն նպատակն է, որ իրենց հակառակորդներից մեկին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին թուլացնեն՝ ուժեղացնելով տարբեր երկրների անկախությունը կամ թուլացնելով կախվածությունը Ռուսաստանից: Մենք նկատում ենք, որ թեև տարիներ են եղել, որ հսկայական գումարներ են տրվել Հայաստանին որպես օգնություն, ընդհանուր առմամբ անկախությունից ի վեր Հայաստանն ստացել է 2 մլրդ դոլարի օգնություն, բայց առանձնապես արդյունքի չեն հասել: Հետևաբար, երբ որ Թրամփը որդեգրեց ընդհանրապես արտաքին օգնությունը կրճատելու քաղաքականություն, բնականաբար, նայեցին, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել, ինչպիսի հայտարարություններ, ինչպիսի քայլեր են արել մեր ղեկավարները, դրանից էլ եզրակացրեցին, որ պետք է ամբողջը կրճատել: Ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին այս միջպետական օգնության հարցով տարեկան մինչև 76 մլն դոլարի փող ենք ստացել: Եղել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որտեղ շատ ավելի մեծ գումարների մասին էր խոսքը: Բնականաբար, մենք այդ ամբողջից զրկվել ենք: Դրա պատճառներից մեկը ԵԱՏՄ կազմ մտնելն է եղել, դա հիմնական հարվածն էր, երկրորդը՝ Սիրիա զորախումբ ուղարկելն էր: Վարչապետը բազմիցս նշել է, որ ինքը ամենաշատ քննադատողն է եղել ամերիկյան քաղաքականության: Սա նույնպես դե՞ր է խաղացել: Բնականաբար, դեր է ունեցել: Ես որ ասում եմ՝ իրենք հետևում են մեր խոսքերին, հայտարարություններին, գործերին, դա պատահական չէ: Մարդիկ չեն պատկերացնում, որ դեսպանատների հիմնական գործունեություններից մեկը տեղեկատվության հավաքումն է բաց աղբյուրներից: Իսկ այլ մասնագիտության տեր անձինք էլ փակ աղբյուրներից են հավաքում: Հիմա ցանկացած հայտարարություն, այդ թվում՝ ոչ միայն վարչապետի, այլ նաև փոխնախարարների մակարդակով, արձանագրվում է, և դրա մասին վերլուծություն է գրվում, թե ինչպիսի միտումներ կան: Բնականաբար, եթե երկրի ղեկավարությունը երախտագիտության փոխարեն քննադատում է, իրենք էլ ասում են՝ դե թող ձեզ փող տան այն երկրները, որոնց դուք շատ գովում եք: Մյուս կողմից, Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Այո, որովհետև դա այլ օրակարգ է: Դա Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու օրակարգ է: Այստեղ էլ նույն Թուրքիային պատժելու խնդիրն է դրվում, և նրան պատժում են: Պետք է հիշել, որ նույն օրը նաև քրդամետ բանաձև ընդունվեց, քրդերին զենք մատակարարելու և օգնություն ցուցաբերելու մասին: Այդ ամբողջը կա: Բնականաբար, այն, ինչը բխում է ԱՄՆ-ի շահերից, իրենց դա անելու են: Եթե մենք մի քայլ ընդառաջ անենք Ամերիկային, իրենք մեզ երկու քայլ ընդառաջ կանեն: Ես բավականին մանրակրկիտ այդ հարաբերությունները ուսումնասիրել եմ և ընդհանրապես ամերիկյան քաղաքականությունը հետևյալն է. եթե դուք ուզում եք, որ մենք ձեզ ընդառաջ քայլ անենք, ուրեմն դուք մեզ կես քայլ ընդառաջ արեք: Այսինքն, իրենք մշտապես սպասում են, որ տարբեր երկրներից լինեն նախաձեռնությունները: Գոնե կես քայլ արվի, որին իրենք մի քանի անգամ մեծ պատասխան կտան: Մյուս կողմից, իրենք չեն անտեսում բացասական արձագանքները:  Հայաստանին չի՞ հաջողվում հայ-ամերիկյան օրակարգ ձևավորել: Ոչ միայն չի ձևավորել նոր օրակարգ, այլ Հայաստանն արել է մի քայլ, որն ամերիկյան տեսանկյունից թշնամական քայլ է: Գուցե մենք դա համարում ենք մարդասիրական օգնություն, բայց դա մեր ասելով չի, իրենց ընկալումն է կարևոր: Իրենք ասում են՝ դուք զորք եք ուղարկել մեր դեմ: Այն, որ Հայաստանը դեռևս պատժամիջոցների տակ չի հայտնվել, սա ԱՄՆ-ի բացառիկ լավ վերաբերմունքի արդյունքն է: Որևէ այլ երկիր նման գործողություն աներ, վստահեցնում եմ, որ ընկած կլիներ խիստ պատժամիջոցների տակ: Հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, ամերիկացիները դեռևս մեր նկատմամբ մեղմ են, դեռևս օգնություն էլ տալիս են: Բայց այն քայլերը, որ մենք ենք անում, վստահաբար ուրիշ ձև կլիներ: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կաներ Ռուսաստանը, եթե մենք զորք ուղարկեինք իր դեմ օրինակ Ուկրաինա: Մեզ կհոշոտեին: Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ ամերիկացիները պակաս հնարավորություն ունեն դա անելու: Ուղղակի իրենք մեր նկատմամբ լավ են վերաբերվում, չեն անում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
26-03-2020 21:18