Հայլար (Մօտկանի հայերը)

26-03-2020 21:31

2010 Սեպտեմբերի 22ին Ստամբուլի Գում Գափու թաղամասում գտնուող իր բնակարանում սասունցի Յակոբ Գոչը պատմեց մինչեւ Ստամբուլ տեղափոխուելը Սասունում ապրած իր կեանքի մասին: 75 տարեկան Յակոբը ընտանիքի հետ Ստամբուլ է տեղափոխուել 1970ին: Զրոյցին ներկայ էին նրա կինը, երկու դուստրերը` Արզուն եւ Արուսեակը: Զրոյցն ընթացել է հիմնականում թուրքերէնով, որը Յակոբը սովորել է Ստամբուլում, երբեմն-երբեմն Յակոբն անցնում էր հայերէնի Սասնոյ բարբառին: Թուրքերէն հատուածները զրոյցի ընթացքում թարգմանել է Յակոբի դուստր Արուսեակը: Բնագրում պահպանուել է նոյն լեզուն: Հարցումները ուղղուած են Հրանուշ Խառատեանի կողմից: Ողջ զրոյցը եւ զրոյցի ընթացքում ստեպ-ստեպ Յակոբի երգած երգերն ամբողջովին ձայնագրուել են: Ձայնագրութիւնը պահպանւում է Հրանուշ Խառատեանի անձնական արխիւում: Բնագիրը տպագրւում է կրճատումներով: Նիւթն ամբողջական դարձնելու նպատակով բնագիրը լրացուած է Արուսեակի հետ առանձին զրոյցի որոշ հատուածներով, որոնք բնագրում մասնաւորեցուած են հատուածի «Արուսեակ» նշումով: Հրատարակութեան է պատրաստել Հրանուշ Խառատեանը:   Արզու – Կնունքիս անունը Ֆիլիոր է, բայց ես այդ անունը չեմ սիրում: Պաշտօնական անունս Հերսօ Արզու Քոչ է: Արզու անունը գերադասում եմ: Սասունի լեզուն որոշ չափով հասկանում եմ, բայց հայերէն չեմ կարող խօսել: Եղբայրս եւ քոյրս Իստամբուլում հայերէն սովորեցին, բայց ես չկարողացայ: Մեր ընտանիքից միայն այդ երկուսը հայկական դպրոց գնացին, միւս վեցը չեն սովորել եւ հայերէն չգիտեն: Հիմա հայրիկս կը պատմի գիւղի մեր կեանքից եւ մանաւանդ կ’երգի: Շատերը հաճոյք կ’ունենան իր երգից: Սասունի մէջ լաւ թուրքերէ՞ն գիտէին: Արուսեակ – Չէ, թուրքերէնը իրենց մայր լեզուն չէ: Այստեղ` Պօլիս ան սովրեցան: Իրենց մայր լեզուն հաւանաբար արաբերէնը պիտի ըսենք, եւ քրդերէնն է: Արաբ չէ սիրէ մաման, բայց քանի թրքերէնը լաւ չի գիտի, արաբերէնը աւելի լաւ լեզու կու գայ իրեն: Ես քիչ մը կը հասկանամ, բայց չեմ կրնայ խօսիմ, քոյրիկս արաբերէն կը հասկանայ, կը խօսի: Ես քրդերէն ալ չեմ գիտէ, ես վաղ տարիքում Պօլիս եկայ: – Պարոն Յակոբ, Դուք Ձեր եւ Ձեր ծնողների, պապերի անցեալը ո՞ր ժամանակից գիտէք, ի՞նչ են պատմել Ձեր ծնողները: – Մօրս հայրիկը Փուրշենք[i] կեղից [գիւղից] էր, մայրս կ’ամուսնացնեն, Փուրշենքէն կ’առնենկոր, Քաւառ[ii] գիւղը կ’էրթակոր: Քաւառը շատ մեծ գիւղ էր, վանքին մօտ էր: Ֆերմանից յետոյ քրդերը կը հաւաքուեն Փուրշենք կեղը, կ’երթան տաջիկներին ալ կը բերեն եւ հայերը կը կոտորեն: Քաւառ մայրիկիս ամուսինն ալ կը սպանուայ: Մայրիկս մի երեխայ կ’ունենայ, որ անունը Անդրանիկ է, Անդրան, մէկ տարեկան, իսկ ամուսինին անունը Վարթօ է: Մայրիկս կ’առնի երեխան, կ’ուզէ ետ հօր կեղը` Փուրշենք երթայ: Հիմա ասոնք մարդիկը մեռցնենկոր, մնացեալներն ալ ամէնը կը հաւաքենկոր, կամուրջը կը տանինկոր, ադ կամուրջն ալ զէնքերով մեռցնենկոր: Մայրս գիրկը զաւակ մը ունէր: Տաջիկ մը կը տեսնի, քաշէ կը անտեղէն, «դուն գնա փրկէ ինքզինքը» կ’ըսէկոր, չոջուխը կ’առնի կը փախիկոր, Փուրշենք կեղը կ’անցնիկոր: Արդէն իր բաբու տունը Փուրշենք է, կու գայ անոր տունը: Դեռ չի մացէ [իմացել, իմանալ], բայց Փուրշենք էլ արդէն կոտորած կ’ըլլան հայերը, մաս մը Ռուսաստան կը փախի: Իրեն հայրը արդէն մեռուկ է, էրկու եղբայր մացած են, որ յետոյ Սուրիա գացին: Էրկու մարդ մացին, չգացան, Գեւօ ու Սեւդօ: Սեւդօն ետքը սպանուաւ, անոր մի տղայ մնաց: Գեւօն ութ հոգի կ’եղնին ընտանիքը: Աշուն արդէն կ’իմանանկոր, որ ֆերման եկած են, նորէն կը փախինկոր, Գեւօ կը մնայ: Տաճիկներ նորէն յարձակուան, ըսանց վերու լցու տուն, դուռը չբացա, կ’ըլնեն զերդիկ ու չոքեն մէջ երդկին, խոտ մէջ լցնուն վրան, ամէն էն ութ մարդ մէջին կայ՝ վառան: Ամէն մեռուկ, Գեւօն մնաց, բան չեղաւ ընոր: Մնաց, սաղցաւ, հա: Գեւօ չմեռաւ: Էն ետքը Հայաստան գնաց, էն միւսներ մեռուկ ին: Գերեզմանը ես գացած տեսած եմ, որ ամէնն ալ քով-քովի: Փախուկներ ով մնաց` ետ եկին: Անկէ ետքը Փուրշենքից քանի մը մարդ Թուզ[iii] կեղը կ’երթան: Արդէն շատ մօտ է Թուզը Փուրշենքին: Սեւդօ Թզենի գիւղը կ’երթակոր, մայրս ալ կ’երթակոր: Ետքը Սեւդոյի տղան մայրիկիս քոյրը առաւ, անոր հետ կարգուած էր: Հայրս ալ ադ միջոցին Թուզ կեղում կ’ըլլակոր: Հելան կարգուան էդորա: Հայրս եւ Սեւդոյի տղայ բաջանաղ էլան: Ձեր հայրիկը Թու՞զ գիւղացի էր: – Հայրս Գուսկեցի կեղնի, Գուս[iv] կեղէն: 1915էն առաջ Գուս կեղէն, յետոյ Շիյգօ աշիրէթը: Շիյգօ աշիրէթը արաբներ են: 100 հոգի Շիյգօ գաւառէն կը հաւաքուինկոր հայերը, հոնը կ’երթան, բայց շիյգոները իրենց ունեցածը, ապրանքները կ’առնեն, կը խլեն: Ադ թալանը կ’ընեն, ադ առած ապրանքները Թզենի գիւղը կը տանինկոր, զիրար միջեւ կը կիսեն: Մեր պապեր մացին չիփլախոտ: Վեց հոգի մացած, մկա մնացած սպանուէր ին: Մացած են Թզի: Էլօ էր, Մանօ էր, Սեւդօ էր, Օնէ էր,Դոնէ էր… Դոնէ մեր Գուս կեղացի էր: Ըդ աշիրէթին աղան Օման Խալիլ է, 4-5 հոգի սովից հանին, փրկեց, մեզրա հանեց [մեզրան գիւղին կպած փոքրիկ տարածք է, որն առանձին կառավարիչ, գիւղապետ չի ունենում: Մեզրայի գիւղապետը` մուխթարը մեծ գիւղի մուխթարն է]: Էրկու հատ օչխար կու տակոր իրեն, ասեց տարէք բազմացրէք, կէսը ինձի, կէսը` ձեզի: Բայց ետքը կը մնան առանց ապրանքի, Զենըթ[v] գիւղի աշիրէթին աղան կու գակոր, կ’առնի ըդ Մեզրան: Հիմա կապուեցաւ իրարու, Թզենիէն ալ թալան կ’ընենկոր: Աղան Թզենիէն կը հաւաքիկոր, Փուրշենք կը բերէկոր: Թզենին մնային՝ պիտի մեռնէին: Ադ Շէյգօ աղան, Խալիլէ Ջեմալ, կ’առնիկոր, կը բերէկոր Փուրշենք: Փուրշենք կը տանիկոր, կ’ըսէկոր ադ ինչու՞ յետ տուիք, որովհետեւ այլեւս այդ մարդիկն ալ իրա ապրանքն են: Ուրիշ տեղերէն մացուկ հայլար[vi] հաւաքուան: Արիկ, Զօրիկ, Թութօ, Խուդօ, Բեզօ, շատ-շատ մարդ էր, հըմէն հայլար: Թուրք չիկար, քուրդ չիկար, արաբ էրկու տուն կար: Հայլար կեղ էր: Հայլար էք միշտ ասում, դա ընդունուա՞ծ բառ է, թէ հիմա ուղղակի ասում էք: – Մենք խօսակցութեան մէջ ընդհանրապէս ասանկ կ’ըսենք: Հայլար, թուրքերէն եթէ խօսինք` էրմենիլար, չի կարանք հայլար ըսել, հայերէն խօսանք նէ` հայլար կ’ըսենք: Հայլար հաւաքուան, կը կարգուան: Յետոյ մենք պիտի էղնինք, մենք որ էղանք, իմ լէ բան չընէր, կը փախնեն, մենծ ու մանուկ կը փախնեն սարեր: Կը կարգադրէին թուրքեր, երբ որ զինուորը կու գար, կը փախէինք, լեռները կը փախէինք, ետքը կրկին նոյն տեղը կու գայինք: Էսի ես եմ, ես ծնուայ, չոճուխ էի, դեռ կը փախենք: Փուրշենքում քանի՞ տուն հայ կար: – Ութը տուն: Մենք երկու եղբայր ենք: Փուրշենք կեղում մի տուն կար, հայրը տաճիկ է, արաբ է, մայրը հայ է: Արուսեակ – Հօրաքոյրս է, որ արաբի հետ է ամուսնացած: Տաճիկը արաբն է՞, թէ՞ թուրքն է: – Թուրքը: Արզու – Արաբը: Տաճիկ մուսուլմանին կ’ըսենք: Քուրդն էլ է՞ տաճիկ: – Տաճիկ է, հըբը ի՞նչ է: Արզու – Տաճիկ են թուրքն ալ, արաբն ալ, քուրդն ալ: Իսկ զազան[vii] ի՞նչ է: – Զազա, էն էլ քուրդ է: Տաճիկ է: Դուք սուննի մահմեդական զազաների մասի՞ն էք ասում տաճիկ, իսկ ալեւինե՞րը[viii]: – Ալեւի հիմա տաճիկութիւն կ’ընէ: Վերջին ժամանակ թուրք կ’երթայ բոլորին կը սպանայ, քուրդ լա, արաբ լա, կուրմանջի լա, զազա լա, ըմմէն, ըմմէն կը մորթեն թուրքեր: Վերջին ժամանակ` ե՞րբ: – Ըմմէն կը սպանի թուրք հիմակ ու հիմակ: Ըդոնք հիմա կ’ըմբոստանան: Փուրշենքից բացի ուրիշ գիւղերում էլ հայեր կայի՞ն, թէ՞ միայն Փուրշենքում հաւաքուեցին: – Կայ: Ամէն կեղի մեջ ասանկ փրկուած 5-6 հոգի կան: Յետոյ իսլամ չդարձա՞ն այդ հայերը: – Դարձան, իսլամ եղան յետոյ: Մենք մացինք հայ եւ Փուշուտ[ix] կեղ հայ մնաց, Նորշէն[x] մնաց: Ըդ էրկու կէղեր մօտ ին իրար: Մեր  մօտը եօթ-ութ տեղերում հայ քրիստոնեայ մարդ կէր: Միւսներ դարձան իսլամ էնոնք: Եղան իսլամ, մըզի եկան, բաբը եկաւ, եգուր ընէ իսլամ, բաբը. ըսի գացէք, ես քրիստոնեայ եմ: Իսկ դուք որ երեխայ էիք, ինչպէ՞ս քրիստոնեայ էիք. քահանայ կա՞ր, կնունք կա՞ր: Արզու – Կնունք չիկար: – Կնունք չիկէր էն վախտին, հա, էդ էլ կնունք էղեր ա ուշ: Բայց ինչպէ՞ս էիք վստահ, որ քրիստոնեայ էք: Ձեզ ուրիշները քրիստոնեայ էի՞ն ընդունում: – Մընք գիդենք, օր քրիստոնեայ ենք: Քրիստոնեայ համարեա չէր մացէ, տաճիկներ ին: Կ’ըսէին Դիարբեքիր քրիստոնեայ կայ, բայց մարդ գիտէ՞ր ուրդեղ է ըդ Դիարբեքիր: Կ’ըսէին մահմեդական եղէք, ուրիշ ճար չունիք, ուրիշ տեղ չիկայ, որ էրթաք եանի, էսքան հայ էք մացէ միայն: Խաչիկ խաբուաւ, քրդացաւ, անոր եդեւէն ամէն մարդ դարձաւ: Բայց ինք մեռնելիս աղօթրան առնի ու մեռնի: Ինք կը դառնակոր, կ’աղօթէկոր: Պրագիդան Խաչօ: Անտառի մէջ է, Պրագիդան Խաչօ կ’ըսեն: Եկեղեցի չիկէր, հոն շատ խաչքար կէր: Գոշկի գիւղն, Գոշակ[xi]: Գոշակը տէր հայրներուն տեղն էր, Գոշակ եկեղեցի էր: Տէրտէր չիկէր: Խաչքար շատ կայ, Թզի խաչքար, Գոշա խաչքար, Իրիցանք[xii] խաչքար, ամէն կեղում խաչքար կայ: Փերշին[xiii] ալ խաչքար կայ: Ինչպէս էին իմանում մարդիկ` ո՞վ է քրիստոնեան, ո՞վ է մահմեդականը: Ի՞նչ լեզուով էիք խօսում: – Գիտեն, հըմմէն գիտեն ով ով կայ: Կեղում հայերէն ա կը խօսինք, Սասնոյ բարբառ: Մըր անուններ հայու անուն ին: Մըր կեղը Էղօ կար, իր երեխաներ` Առաքել, Օսկօ, Օւակ, Արփի: Հըմէն հայու անուն: Իմ անուն` Յակոբ կ’ըսեն: Էյուբ կ’ըսեն հոս: Յակոբ Գոչ: Եղբօրս անուն` Սերոբ Գոչ: Գոչ` ըսել է թէ մեչիլարը քոչիլար: Ղոչ է, օր օչխըրի հոտը կ’առաջնորդէ: Քրիստոնեայ հայերի մէջ երբ էրեխաները մեծանում էին, ու՞մ հետ էին ամուսնանում, չէ՞ որ քիչ էիք, բոլորն արդէն իրար մօտ էին, ազգական էին: – Փրկուած աղջիկներ ալ կային, կարգուան: Բայց յետոյ, ասենք 50 թուին դեռ Փուրշենք էին ապրում: Ո՞ր թուին Փուրշենքից դուրս եկան: 70, 75թուին, այսինքն` 50-60 տարի ֆերմանէն վերջը Փուրշենք էին ապրում: Փուրշենքում քիչ մարդ էր, ամուսնանալու քիչ հնարաւորութիւն կար քրիստոնեաների համար: Օրինակ, Ձեր կինը որտեղի՞ց է: – Անոր հէր լէ Գուս կեղից է: Հէր փախան գացին Խութ… գացին, ուզացին, բերացին իրան: Առնելէն ետքը, ուզելէն ետքը ճանաչցայ [ժպտում է]: Հարսանիք անու՞մ էիք այդ ժամանակ: 30, 40, 50 թուերին: Արուսեակ – Մարս կը շուարի որ հարցնեսկոր, կը խնդակոր: Հարցս տարօրինա՞կ է: Ինձ դժուար է պատկերացնել յիսունականների կեանքը: – Կանչէ խաղը, հարսնիք կ’էնենք գենէ, էրկու օր թամամ հարսնիք է: Հայու հարսնիք լաւ հարսնիք կ’եղնի: Տաճիկ լա կըրմըզը կը կանչէ խաղ, հայերն ալ կը կանչեն խաղ: Հայոց հարսնիք տարբեր էր, քուրդին հարսնիք տարբեր էր: Տարբերութիւնն ինչու՞մ էր: – Օնլար իսլամ, բիզ էրմենի [նրանք մահմեդական են, մենք հայ ենք]: Քուրդն էլ է երկու օր հարսանիք անում, հայն էլ է երկու օր հարսանիք անում: – Անոնք հարսնիք մեզնան սովրան, հայերան սովրան: Անոնք ի՞նչ գիտնան հարսնիք: Երգել մկա հայերան սովրան: Մկա լէ հայեր թողին եկան Իստամբուլ, անտեղ բարաքեաթ կտրաւ, խէր չմնաց: Ախպրներ ցամքան, ծառերը չորցան, ծաղիկ չորցաւ: Իրարու կ’ըսեն, կը խօսան, կ’ըսեն հայերը գացին այլեւս հոս խէր չի մնաց: Անձամբ դուք` Յակոբ Գոչը, երբ ամուսնացաք, ձեր ամուսնութիւնը հարսանիքո՞վ է եղել: – [Ծիծաղում է] – Ըրինք, պստիկ ինք: Քնուկ ի, ես քնուկ ի իմ հարսնիքին: Երեխայ էի: Քանի՞ տարեկանում ամուսնացար: – Տըսներեք, բելքի [գուցէ] տասնչորս: Միշտ էդպէս շու՞տ էին ամուսնանում: – Իմ մէր ինձի շատ կը սիրէր, կանուխ ամուսնացուց: Ճաշ պատրաստուեցաւ, շատ հիւրեր կիգէն մեր տուն, խալխ էկաւ, հարսը բերին: Բայց ըդ օրը չեն պարեր, մէկ տաճիկին մը զաւակը կը մեռնի[xiv]: Ընդհանրապէս պարեր կ’ըլլայ եղեր: Հարսին գլխուն թափեցին երթիկէն բաներ մը, փիշատ, ատանկ բաներ: Հրացանով միայն մէկ անգամ կրնաս կրակել, բարութ կը լցնեն, օդ կը կրակեն: Հիմա հարսանիքի որեւէ երգ յիշու՞մ էք: – «Լոլորթին» ըսեմ: Մէկը երգում ի` միւս պատասխանում ի, աղջիկներ ա կ’երգան [երգում է: Շատ հմայիչ ձայն ունի, եւ երգում է շատ զգացմունքով: Ակնյայտ է, որ սիրով է երգում, եւ անմիջապէս սկսում է երգել` հենց որ խնդրում եմ, առանց սեթեւեթանքի]: Հարսընքին գովընդ[xv] կը պարէին, գովընդի երգն ասեմ,- Նայ դուր, նայ դուր, նայ դուր նաու հա, նայ դուր նաու հայ նայ դուր հայ/, աղչի, քու անուն անուշ էր/ նայ դուր նաու հայ, նայ դուր հայ/3 անգամ/, քու մատին օսկա նիշ է, մայ դուր նաու հայ, նայ դուր հայ/, աղչի քու անուն անուշ էր, նայուր նաու հայ, նայ դուր հայ/, աղչի քու անուն քնքուշ էր, նայ դուր նաու հայ նայ դուր հայ/, դուն գացիր, հեռու գացիր, նայ դուր նաու հայ, նայ դուր նաու հայ, նայ դուր հայ/ 2 անգամ/, հէ՜յ, դուն գացիր հալվա սար ու հով, նայ դուր նայու հայ, նայ դուր հայ/2 անգամ/, հէ՜յ, բմբուլ հանդէ վըր քարու հով, նայ դուր նայու հայ, նայ դուր հայ/, բլբուլ նստաւ վըր քարու հով, նայ դուր նայու հայ, նայ դուր հայ/, Հէ՜յ, կ’ելնէր աշուղն էս քարու հոն, նայ դուր նայու հայ, նայ դուր նայ/ 2 անգամ/, Հէ՜յ, կ’ըսէր աշուղն օտարն է, քար ու հող, նայ դուր նաու հայ, նայ դուր հայ/, աշուղն օտար էր, քար ու հող, նայ դուրն նաու հայ, նայ դուր նա/, Հէ՜յ կելէք հովիւն էլել է հոն, նայ դուր նաու հայ, նայ դուր նա,/ 2 անգամ, Հէ՜յ տանող դիւան խէր ու հող, նայ դուր նար հայ, նայդուր հայ/, նայ դու, նայ դուր, նայ դուր նաու հայ, նայ դուր նաու ջայ, նոյ նինո՜ր: Հարսընիքին աւետիս կ’երթանկոր, դարձածները` քրդերը [նկատի ունի քրդացած հայերին] աղուէս կ’ըսենկոր ադ գործին: Ես գիւղում աւետիս գացած եմ, աւետիսի երգը կայ: Կ’երթան հարս ու փեսի գալու աւետիսը կ’ընեն: Բայց ես չեմ յիշեր այդ շարքը[xvi]: Օրօր մըն ալ կ’երգեմ, րուրի, րուրի [երգում է],- Գացել եմ քաղհան, քաղհան կ’ենեմ, դուն պառկի պառկի, քնի, քու երազ բարի, քու քունը անուշ, Րրորի՜…/ Րրորի՜, ձագ, րրորի՜, րրորի՜, գառ րրորի՜/… Քրդեր ուրիշ կերպ կ’ըսեն, անոնք գառնուկի հետ կը համեմատեն [երգում է քրդերէն եւ թարգմանում է],- Մէկամեայ գառնուկ, Սիրտս, հոգիս, ջիգեարս… Փիրշենքում ապրելու տարիներին ի՞նչ տօներ էիք նշում: – Հըմէն տօներ, հայու տօներ: Ծնունդ, Սուրբ Սարգիս, հըմամ մեծ պաս, բայց չէ բռնէ, գիտենք էդ է, բայց մարդ չէ բռնէ: Արուսեակ – Բայց կը պահէին իրենց աւանդութիւնները, կը պատմէին, Սուրբ Սարգիսին սա պէս բան կ’ընէինք, կամ 40 հատ ցորեն, գարի, չգիտեմ ինչ, ասոնք կ’առնէինք անորմէ ալիւր կը շինէինք, իշտէ ապուր մը կը շինէինք, տախտակին վրայ կը դնէինք, կը հաւատայինք, որ Սուրբ Սարգիսը պիտի գար, առաջինը ինքը պիտի ուտէր գիշերը եւ ադ ամէն բանը կ’ըսէին: Հիմա կ’ըսեն, որ հոն տեղի մնացած մարդիկ անգամ հայերուց աւանդութիւններ կը շարունակենկոր, առանց գիտնալու, որ ադոնք հայերէն մնացած աւանդութիւններ են: Տրընդէզ լսե՞լ էք: [Թուրքերէն] – Տրընդէզ, շվոտանիս կ’ըսենք: Եգիպտացորենի ճիւղերից կրակ կը վառէին, կը ցատկէին բոլորը` մեծ, փոքր, կ’ուրախանային, կը զուարճանային, տանքին վրայ, անտեղ հարթ է: Երբ որ քիչ մը կը մարի կրակը՝ կը ֆռռային: Երեխաները տնից տուն կ’երթային, բան կ’ուզէին, քաղցր բաներ, փշատ, չիր: Երդիքից կը կախուէին, կ’ուզէին: Շվոտանիս, շվատ ամիսի անունն է: Վարդառին առաջին օրը կու լան եղեր, կաթով ապուր մը կ’եփեն` չոլագ: Վարդավառին կաթով ապու՞ր: Դա Վարդավառի՞ն էր, թէ՞ Մայիս ամսին էր` Համբարձում կար, ջան գիւլում կար: – [Ոգեւորութեամբ] – Կար, կար, Համբարձումն ալ կը կապենք, թել, կ’ելնենք, գիշեր կապենք թել մատին, պար սմբար կ’ըսեն, ըմմէն բան կ’էնենք, ըմմէն բան գիդեմ: Վերջին Վարդավառը եւ վերջին տրընդէզը, որ եղել է եւ որին Դուք մասնակցել էք, ե՞րբ է եղել: – [Մտածելով] Շուտ: Փուրշենք կ’ապրենքկոր: Գուցէ քառասուն տարի կայ: Տարոկլոխ եկեր, տարոկլոխ գիքեր, տաճիկներ կ’ըսեն տարոկլոխ ի՞նչ է, չեն գիդեր: Դեկտեմբեր կը լմննայ, Ծննդից առաջ էր: Հոստեղ` Իստամբուլ եկեղեցի կ’երթանք: Պաս կը պահենք: Հոստեղ չիկայ Տըրընդէզ, մենք գիդինք Տըրընդէզի օրըն, կ’ըսինք էսօր տրընդէզ կը շինվէ շվատէ կէզ: Հնում 14ին էր [Փետրուարի 14]: Հոստեղ չիգիտեն: Հոստեղ դպրոց կ’երթեն գիքեն, կ’ըսեն հայերէն սովրեցէք, թէ խի՞ հայերէն, մենք հայերէն գիտենք, զինք տեղի հայերէն կը սովրինք մինք լէ: Երբ որ դուք տրընդէզ անում էիք Փուրշենքում, տաջիկները չէի՞ն հարցնում էս ի՞նչ բան է: – Կը հարցնէին, կ’ասէինք մըր ադաթն ի, մըր սովորութիւն ի: Իրենք չգիտեն, ոչ մի բան, դունիան [աշխարհը] իրանց հըմար չի ծնի: Իսկ մատաղ անու՞մ էիք գիւղում: – Ուխտին կեր` ադաք[xvii], անասուն կը կտրէինք: Երբ որ ուխտին Մարաթուկ կ’ելնէինք, 25 հատ կը կտրէինքկոր: Ատիկա Յուլիս էր: Յուլի՞ս, թէ Օգոստոս էր: Ութը կեղ կը սովեն, կը կեն հոնի: Կ’եփեն, գաթէն, մածընը, եղը, բլղուր կ’եփեն, միս կ’եփեն, կերցուցեն: Տաճիկներ լէ կու գան, հոնի կու գան: Հայերուց հետ խէրով է կ’ըսեն, իրանց քաղցուն: Անոնք ալ անասուն կը կտրեն: Անոնք ա Մարաթ[ուկի] ուխտի կ’երթան: Ամէն մարդ իր տեղը ունէր, վրան կը կապէր: Տաճիկներ Հինգշաբթի կ’երթին, հայեր` Ուրբաթ: Խաղեր [պարեր] կար, կ’երգէին: Հայերէն, քրդերէն: Արաբերէն չիկար, չերգէին: Քրոջս ամուսին անուն Փոլոս էր, ես ու ինք ուրար կու կանչէինք: Մրցինք, բռնենք զուրար: Փոլոս կ’երթէր կը ֆռար, Մուշ կ’երթէր, շատ մարդոց կը հանդիպէր, կը սովրէր[xviii]: Փոլոս կ’երգէր եւ յետոյ անոր տղան, ես, մենք ալ կը սովրէինք անկէ: Ուրիշներ ալ կային, անոնցմէ ալ կը սովրէինք: [Երգում է] – Հոյ Նուբար, Նուբար, Նուբար տու Նուբար /հո հէ նո վարնօ վարնօ վա վարէ տու Նուբար/, Սասընօ քըրեր, քըրեր քըրօ վա վարընօ էյ Նուբար, Սասընօ քըրեր քարի վը վարթօ նուբար/ նուբար դառար քիշերով, հոյ նուբար/ Դիլբար դառար քիշերով տու նուբար/ հէ քալար գեդրէն չափերով, հոյ նուբար/ քալան գելէն չափերով տու նուբար/ հէ՜ Նուբար ելաւ սարերուն հոյ Նուբար/ Դեբար էլաւ սարերուն տո նուբար/ հէ՜ Պատը հետեւ խեղերուն հոյ Նուբար/ Հաթաւ հետեւ խեղերուն տո Նուբար/ հէ՜ թամաշ էրվըր եարերուն հոյ նուբար/ թամաշ էրվըր եարերուն տո նուբար, հէ՜, իմ եար քիմ եար վեր սիրուն հոյ նուբար/ իմ եար քիմ եար վեր սիրուն թոյ նուբար/ հէ՜ հազար վերնէ քու տիրուն հոյ Նուբար/ հազար վերնէ քու տիրուն տօ Նուբար/ հէ՜ օղորմիկ վեր քու բաբուն հոյ Նուբար/ վագվա գոզիմ քո խերուն տօ Նուբար/ հէ՜, հոյ Նուբար, Նուբար, Նուբար, տօ Նուբար/ Նուբար ելան խիյարոց տօ Նուբար/ հէ՜, Դիլբար ելաւ խիյարոց տօ Նուբար/ քաղեց խիյար կոխեց ծոց հոյ Նուբար/ գեդրա որ վեզ նի վըզ գոց հոյ Նուբար/ հէ՜, Նուբար դուն վիր քաղեցիր, հոյ Նուբար/Դիլբար դուն վիր քաղեցիր տօ Նուբար/ հէ՜, պստիկ ախպոր եարերուն հոյ Նուբար/ պստիկ ախպոր եարերուն տօ Նուբար/հէ՜, հոյ Նուբար, Նուբար, Նուբար, թոյ Նուբար/ հէ՜, Նուբար ելաւ ջերկու Մարաթկին, ջերկու Մարաթկին… /էդ Մարաթ սարը ուրկէ ուխտ կ’ենեն, հելաւ զերկու Մարաթկին/ հէ՜, հելաւ զերկու Մարաթկին, հոյ Նուբար/ հելաւ անուշ հոտերուն տօ Նուբար/ հելաւ անուշ հոտերուն հոյ Նուբար/ սառցա վըր պաղ աղբըրնուն տօ Նուբա՜ր/: Հայերէն քանի՞ երգ գիտէք: – 6-7 հատ [երգում է] – Է՜, տանի նայ նայ նայ, նա, խանի նայ նայ նայ/ Է՜, խանի նաու, խանի նաու, խանի նայ նայ/ տանի նայ նայ նայ, տանի նայ, նայ/ շուրջ ու բոլոր կանաչ է/ շուրջ ու բոլոր կանաչ է/ քուրդը հային կ’աղաչէ / տանի նայ նէյ ի, հանի նայ նէյ ի, հանի նաու, հան նաու, հանի նայ նայ/ հանի նայ նայ նայ, տանի նայ նայ/ տանի նայ նայ նայ տանի նայ նայ/ Քրդերն էլ երգու՞մ էին այդ օրերին: – Անոնք չեն գիտեր, չեն երգեր: Բայց դուք քրդերէն երգեր էք երգում, ումի՞ց սովորեցիք հապա այդ երգերը: [Խօսում է թուրքերէն] – Հայեր կ’երգեն քրդերէն, անոնք այդ երգեր չեն գիտեր, չեն երգեր: Անոնց հարսանիքին ալ հայ երգողներ կը կանչեն: Մեզի նուագողներ կան, իրանցը՝ չիկան: Հայեր կ’երթան կը նուագեն: Ես ալ կը նուագեմ, փող կը փչեմ: Հա, մի բան կը պատմեմ, հիմա յիշայ: Նուագով լուր կ’իտեն հայեր: Պաշտպանուելու համար: Հովիւը կ’ըսէ որ, ես ոչխարները կ’առնեմկոր արածելու կը տանիմ, իսկ եթէ ես ադ ուզուն հաւան [երկար մեղեդին], եթէ ատիկա ես նուագեմ, գիտցած եղէք, որ վտանգ կայ, իսկ այդ, որ վտանգը կը սպառնի, ոչխարները պիտի առնեն, փախցնեն, պիտի գողնան, կ’ըսէ: Չոբան ընոնց կ’ըսէ քանի որ պիտի առնէք, նստեցէք, ես պիտի նուագեմ, ետք վերջը կ’երթաք կ’ըսէկոր: Կը նուագէկոր, յետոյ արդէն կը հասկընանկոր, կու գանկոր, կը փրկենկոր ոչխարներուն: Ուզուն հաւան քուրդեր «դեժին բրօ» կ’ասեն: Բառեր ալ ունի, «եարըս եկաւ, եարըս ասեց» [երգում է] – Տանի նայ նայ նայ, տանի նայ նայ/ տանի նայ նայ նայ, տանի նայ նայ/ խոշի լախէ մերչենօ, խոշի լախէ մերչեւօ/ ռէյսու տղան բեղորով, էգաւ անցան թռվռով/ տանի նայ նայ ի՜, հանի նայ նայ ի՜, խանի նայ նայ ու՜, հանի նայ նայ/, էգաւ անցաւ թռվռով, կարմիր ջորին էր առաջ, կարմիր ջորին էր առաջ/ սար ու ձորէն քաղեցինք, քաղեցինք հայ ձորեցինք, ձորեցինք ձոր տուեցինք/ տանի նայ նայ ի՜, հանի նայ նայ ի՜, խանի նայ ու՜ հանի նայ նա՜յ/… Աս երգ հեքիաթ [պատմութիւն] ունի: Երիտասարդ տղայ մը աղջիկ մը կը սիրէ, աղջիկն ալ անունը Սարվեր է: Երիտասարդ տղայ մը ալ կայ, ադ տղան կը նշանուի, մատանի կը տայ: Տղան կ’երթայ ամէն օր անոր տունը, օր մըն ալ կ’երթայ, բայց կը տեսնայ որ փախել է, հոն կը նստի ադ խաղը կը կանչի [երգում է]: Իդա մեր փեսան կ’ըսէր, Փոլոս: Ան կ’երթար կը սովրէր կ’ըսէր [շարունակում է երգել]: Կը մրցէինքկոր, երեք մարդ մի կողմ, երեքը` միւս կողմ: Բայց այս երգերը գիտցողը, երգողը Փոլոսն է, ես ինէ սովրեցայ, ան առաջնորդ էր, անկէ ետքը ես շարունակեցի անոր: Փուրշենքում ապրելու տարիներին, 50 թուին, 60 թուին, քո երիտասարդ տարիներին, Հայաստանի մասին գիտէի՞ք, գիտէի՞ք որ Հայաստան աշխարհ կայ: [Խօսում է թուրքերէն, յետոյ անցնում է հայերէնի] – Ոչ գիտէինք, որ Ռուսաստանում հայլար կան: Ետքը իմացանք: Իստամբուլի հայերի մասին ալ ետքը իմացանք, գնացող եկողներէն: Առաջները լաւ էր, խաղաղ էր, բայց երբ որ սկսան նեղացնել… Աղջիկը` տասներկու տարեկան էր Թերեզան, սար կ’երթար, առջեւը ելան փախցնելու համար: Բռնեցին իրեք-չորս մարդ, ու բռնան որ ցրուին, քար զարկուկ էն տղի գլուխ կոտրայ ու փախնի, էլ չհասնի հոն, էկաւ տուն: Տաճիկներ եկան, կռուայ: Էրկու տարի մացի, էլլա թողեցի եկայ: Եթէ մնայի կամ անոնք զիս պիտի մեռցնէին, կամ ես պիտի մեռցնէի, եւ թշնամի կ’եղնենք: Արուսեակ [բացատրում է հօր պատմածը] – Քոյրիկս փախցնել կ’ուզեն, անշուշտ խնդիրներ կ’ըլլայ: Մենք ունէինք մահմեդացուած ազգականներ: Օրինակ` հօրս քրոջը ամուսինը դարձած էին, մահմեդացած էին, եւ անոնք քիչ մը միջամուխ կ’ըլլան, քիչ մը սպառնալիք ալ կը դնեն մէջտեղ, կը ստիպին մերիններուն` հայրիկիս հանդէպ, որովհետեւ ինչպէս կրնայ ըլլալ մերժել քուրդ աղային տղուն հետ, անկարելի է: Յետոյ ծնողքս փախնիլ կ’որոշեն, այսինքն` գիւղը ձգել եւ փախնիլ: Նախ քոյրիկս ուղարկեցին, տարի մը առաջ հօրեղբայրներս եկած էին Պօլիս, անոնց ուղարկեցին, վերջը միւսները փախան: Այն օրը կը փախեն, որ գիւղին մէջ հարսնիք մը կայ ատեն եւ ամէն մարդ հարսնիքով հետաքրքրուած է, իրարանցում կայ եւ այն գիշեր կ’ելնեն արդէն գիւղէն: Յակոբ [խօսում է թուրքերէն, յետոյ անցնում է հայերէնի] – Երեք տղայ, հինգ աղջիկ ունենք: Արուսեակը, Մարիամը, Զարուհին, Սանթուհին… վախցանք արդէն: Մինչեւ էդ մէկ-երկու մարդ եկած-գնացած էին, կ’ըսէին Իստամբուլ հայլար կան: Մենք եկանք, յետոյ մէկ-երկու ընտանիք էլ փախան եկան: Արդէն միւսները դարձան: Իսլամ դարձան: Էն որ դարձան իսլամ` էլի փախան: Մենք ըսինք օրանց, գիդե՞ս. մենք էլանք փախանք, դուք էլաք իսլամ, դորի՞ փախաք: Մացեր էք հոն, համա շատ քուրդի ինսան են դնում… խաս տաճիկները աւելի լաւ են, քան թէ դարձածները: Ամօթացած են նէ, միւսները իսլամ չեն սեպեր, արդէն դարձածները: Շատ քիչ մացին արդէն, գուցէ մէկ-երկու մարդ: Մացողներ հողը անգամ չեն ցաներ, շինած են խոտ, կը հնձեն արդէն: Պետութիւնն ալ անոնց թոշակ կի տայ: Հմէնին թոշակ կի տայ: Մէկ մասը հոն պետութիւն թոշակ կի տայ, զէնք ալ կի տայ, որ եանի իրա ընտանիքը քրդերից պաշտպանի: Դրամը բայց կնոջը կի տայ: Ամէն մարդ երկու, երեք կին ունի, ամէնն ալ թոշակ կ’առնին: Ոմանք այսպէս, այս նպատակով թոշակը կ’առնենկոր, ոմանք ալ կ’ըսենկոր, որ զաւակներ ունեն, չեն կրնար, աղքատ են, չեն կրնար, ոմանք ալ ադ ձեւով կ’առնենկոր էղեր: Եւ աշխատանքը թողին, ոչխար կը պահեն հիմա եւ խոտ կը հնձեն: Գիւղում ապրելու ժամանակ զրուցու՞մ էիք, գիտէի՞ք 15ի կոտորածների չափը, թէ ամէն մարդ իր գիւղի, իր ընտանիքի պատմութիւնը գիտէր: [Յուզուած, արագ-արագ խօսում է թուրքերէն, թարգմանում է Արուսեակը] – Գիտէինք, բոլորին մորթեցին, ամէն տնից գուցէ մի մարդ մնաց, գուցէ ոչ մէկը չմնաց: Նախ ֆարման էղաւ, աքսոր եղաւ: Իմ օղորմած պապ կ’ըսէր մինք վիր ցեղ բերէ, մեր մեռաւ, Ղուրբան լա էկաւ Թզի մեռաւ, իմ իրուն մնաց, մկայ չգիդէ, ինչ էղաւ` չգիդէ: Տարան: Փախած, մարդ չիկայ: Երեք հատ հայ գեներալ անդամ կար այն ժամանակ: Մենք գիդէինք, անոնք գեներալներ էին, հայերէն ալ կար գեներալներ, բայց Գերմանիան քիչ մը պրովոկիա ըրաւ կ’ըսէկոր, օսմանլուն, ըսաւ որ հայերը մեզմէ զէնք առին, առած էին արդէն, ադ զէնքերը կ’ըսէ, օսմանլուին կ’ըսէ, որ մեզմէ առին, ի՞նչ պիտի ընեն: Պրովոկէ ըրին, ան ալ եկան տներուն եւ ադ զէնքերը տեսան, հաւաքեցին ամէնն ալ, յետոյ կը հասկընանկոր եւ կ’ըսենկոր, որ ամէն ձեր մէջի հայերէն մաքրեցէք, կանանց, երեխաներին: Չի ասում մորթէք, ասում ա քշէք տարէք: Կան խոշոր մարդիկ, էնի կտրէ [այսինքն՝ միայն հեղինակաւոր մարդկանց սպանէք]: Անոր կարգադրութիւն կ’արվէ, կը սկսեն կոտորել: Քուրդեր թափուան կոտորան: Նախ Տալուորիկ առան, Սասուն պարտուաւ, բոլոր կին, տղամարդ, երեխաներ, բոլոր, ով մնաց` փախան Սիրիա, Ռուսիա, ամմա շատը ջարդուան, կոտորուան, սպանուեցան: Բոլոր գիւղեր թալանեցին: Շատ, շատ մեռցուցին: Յետոյ ռուսներ եկան, տաճիկ գիւղեր ջարդեցին, հայերն ալ: Հայեր Ռուսիայէն եկան ջարդեցին տաճիկ գիւղերը: Ետքը քաշուան, գացին: Ով մնաց հայերից` տաճիկ եղան, իսլամ: Շատ տաճիկ, շատ էղան: Ձեր իմացածով, Փուրշենքում ապրելու ժամանակ, բացի ձեր տարածքից, հայեր ուրիշ որտե՞ղ կային: Բացի ձեր այդ ութը գիւղերից: – Հըմէն կեղ կար: Փշուտ, Տալհոր[xix], Քոմըրդի[xx], Տընդիկ[xxi], Արփի[xxii]: Մէկը միւսի հետ խօսեցաւ, էդպէս իմացաւ: Պստի գիւղերը կը ճանչընային: Իսկ ինչպէ՞ս գիտէիք, որպէս քրիստոնեա՞յ հայեր, թէ՞ իսլամացած հայեր: – Ոչ, ոչ, հայեր: Քրիստոնեայ հայ: Բայց վերջըն մուսուլման եղան: Մենք երբ որ գիտէինք որ կային, ան ատեն հայ անուն էին: Հիմա արդէն մուսուլման եղան: Մուտքա[xxiii] հայեր մացեր ին: Գիտեն համ զազա, համ արմանջա[xxiv]: Շատ արմանջա գիտեն Մուտքա հայեր: Արուսեակ – Ատիկա շարունակւում է: Այնպէս չէ, որ դադարեց արդէն հայը մահմեդական դառնալ: Իմ մայրիկիս ընտանիքը, հայրը, մօրեղբայրս, զարմիկ-զարմուհիներս աւելի ուշ մահմեդացան: Երեսուն տարի առաջ մահմեդացան: Քիչ մը ազդեցութիւնէ, քիչ մը ճնշումներէ: Եւ նաեւ ներսի ճնշումներէ: Ուրիշ մահմեդացած հայեր կ’ըսէին, որ դուն ալ մահմեդական պէտք է ըլլաս: Անոնք ալ իրար կը քաշեն, ասանկ բան մը կակոր: Իմին մայրիկիս հայրիկին անունը Օհան էր, եւ երեսուն տարի առաջ դարձան, մօտաւորապէս կ’ըսեմ, հայրս աւելի լաւ գիտէ, եղաւ Ռամազան անուն: Իր ինքնութեան թուղթը փոխեց, ընտանիք մը, մեծ ընտանիք մը մահմեդացաւ: Գիտեն անշուշտ որ հայ են, բայց ասիկա միայն ազգականներու հետ կը խօսին: Մեր մօտ «մենք հայ ենք» կ’ըսենկոր: Բայց դուրսը իրենց մէջը ի՞նչ կ’ըսենկոր… Մենք շատ կը խօսինքկոր մեր ազգականներուն հետ, կը վախնանկոր, բայց մենք կ’ըսենք որ, կը կարծէք որ ձեզի բնիկ մահմեդացած, ճերմակ թու՞րք կը նկատեն, ոչ: Իսկ վախը ինչի՞ց է, վախենում են, որ եթէ ետ դառնան, վերաքրիստոնէանան, կը հետապնդե՞ն իրենց, կը բռնանա՞ն իրանց վրայ: Արուսեակ – Թերեւս այսպէս, բայց գիտենկոր, որ աս երկրի մեջ հայերը եւ թուրքերը ժողովուրդ ըլլալ դեռ թշնամի են, ասիկա ամէն ժողովուրդ, ամէն անհատ գիտէ այս երկրին մեջ: Հայ չըլլաս նէ` մի փոքր աւելի պաշտպանուած կը զգաս: Հիմա ադ մահմեդականութիւնը անոնց պատեան մը կը շնորհէկոր, ադ պատեանը մահմեդական եղած ատեն, ադ ծէսերը կիրարկած ատեն արդէն անոր տակը չեն փնտռերկոր դուն քուրդ ես, արաբ ես, չգիտեմ ինչ, հիմա արդէն շատ չի փնտռուիրկոր, ատիկա կը պաշտպանէկոր արդէն: Ձեր ազգականների մէջ իսլամացածներ շա՞տ կան: Արուսեակ – Չեմ կարծեր: Բայց կան: Եւ արդէն հայերի հետ յարաբերութիւններն էլ միայն ազգականներին ասելով` անոնք մեր Զատիկին կու գան, մենք ալ մահմեդական տօներուն իրենց կ’երթանք: Ասքան: Տարին մէկ, առաւելագոյն` երկու անգամ: Հեռու ըլլա նէ` տարիներով չենք տեսնուիր: Ստամբուլ տեղափոխուած սասունցի հայերի սասունում թողած ունեցուածքն ի՞նչ վիճակում է, վաճառե՞լ են: Արուսեակ – Անոնք հալա հոն են, հոն են իրենց հողերը, իրենց տները եւ այլն, հոն են: Մենք մեր Փուրշենքի հողը թողել եկել ենք, ադ բանն ալ չունինք արդէն, ադ թափուն, ի՞նչ կ’ըսեն, սեփականութեան թուղթը չունինք: Հիմա կ’ըսեն եղեր, քոյրիկս որ անցեալ տարի գնաց մեր գիւղը տեսաւ, կ’ըսեն որ եկէք հոս կրկին ապրեցէք, ձեր տունն է: Բոլոր եկած հայերինն էլ նոյնն է: Ըլլայ քրիստոնեայ, ըլլայ մահմեդական: Բայց մահմեդացած հայերը ոմանք վերադարձան, օրինակ` իմ զարմիկս, հօրաքրոջս տղան, որ 60 տարեկան կայ, անոնք վերադարձան հիմա, հոն կ’ապրիկոր: Չեմ կարծեր, թէ այդ հարցը կը լուծուի: Անորոշ է: —————————————————————– [i] Փիրշենք – Ի. Դարասկզբին՝ Սասունի Խաբըլջոզի կամ Հազզոյի շրջանի հայկական գիւղերից, մինչեւ 1915ի Ցեղասպանութիւնն ունեցել է 15 տուն բնակչութիւն, 155 մարդ, հայեր (Վ. Պետոյեան, Սասնայ Ազգագրութիւն, Երեւան, 1965, էջ 10. նաեւ՝ նոյն՝ Սասունի Եւ Տարօնի Պատմա-Աշխարհագրական Տեղագրութիւնը, Երեւան, 2005, էջ 56): Փիրշենք անունով յիշատակել է նաեւ Ա.Տեւկանցը՝ 1878ին, 160 հայ բնակչութեամբ (Արիստակէս Տեւկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878թ., Ձեռագիրը հրատարակութեան է պատրաստել Հ.Մ.Պողոսեանը, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1986, էջ 118): Փիրշենք գիւղի բնակիչ, վերապրած Մկրտիչ Թորոսեանը 1916ին պատմել է, որ արաբական շէկո աշիրթապետեր Խալիլ Ճէմիլը եւ Հապէի Եուսուֆը, Սասունի աշրաթապետ Խալիլի Աբդուլ Ազիզի հետ միասին, քրդերի հետ համագործակցելով, 1915ի գարնանը պաշարել են Գոմք գիւղի մօտ գտնուող Պետրոս Առաքեալի Ս.Ոսկեճկութ վանքում շրջակայ գիւղերից հաւաքուած հայերին: Հայերի ինքնապաշտպանութիւնը տեւել է 40 օր: Միայն քրդերի կողմից վանքի  ջուրը կտրելուց յետոյ են մարդիկ Մայիսի 2ի գիշերը դուրս եկել վանքից եւ միացել Մարաթուկ լեռանը Սասունի 20 գիւղերից հաւաքուած 6-7 հազար մարդկանց: Ձմեռուայ սկզբին մնացել էին միայն 2500 մարդ, որից շուրջ 1500ը ձմեռել են զպոտուն քուրդ աշիրեթի տարածքում աշիրաթապետեր Զկօն եւ Տէրվիշ եղբայրների հովանաւորութեամբ: Սակայն Փիրշենք գիւղի 400 մարդուց 170 փրկուածները ի վերջոյ ընդունում են շէկոյի աշիրեթապետեր Եուսուֆի եւ Ճէմիլի՝ նրանց ծառայելու պայմանը եւ իրենց զէնքն ու ունեցուածքը յանձնում են նրանց: 2016ի ամռանը շատերը փախչում են մօտեցած ռուսական զօրքերի մոտ եւ նրանց հետ նահանջում Կովկաս: Ի վերջոյ կենդանի են մնում եւ Արեւելեան Հայաստան են հասնում  շուրջ 85ը, եւ, իր տեղեկութիւններով Փիրշենքից 25 մարդ մնացել են քրդերի մօտ (իրականում՝ արաբների-Հ.Խ.) (ՀԱԱ, ֆ.227, ց.1, գ.452, թթ.31-32, Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում, Հ. 2, էջ 290-291): [ii] Քաւառ – Գաւառ, Կաւառ, 1878ին համարւում էր Մշո Կաւառ գաւառ, սահմանակից՝ Շատախին (Տեւկանց, էջ 71), Ի. Դարասկզբին յիշատակւում է որպես Սասունի գիւղախումբ: [iii] Թուզ, Թզի – Սասունի Խաբըլջոզի կամ Հազզոյի շրջանի հայկական գիւղերից, մինչեւ 1915 ունեցել է 10-13 տուն հայ եւ քուրդ բնակչութիւն (Պետոյեան, Սասունի, էջ 56): 1878ին Թզի գիւղի մասին Արիստակէս Տեւկանցը գրում է, որ բնակչութեան թիւը 16 մարդ էր (Տեւկանց, էջ 118):   Մեկ այլ տեղեկութեամբ Թուզում հայկական տների թիւը 5 էր, քրդերինը՝ 15 (ՀԱԱ, Ֆ.227, Ց.1, Գ.452, Թ. 30, տես «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում», Հ.2, էջ 286): Այս տեղեկութեամբ Թզի հայերը Սասունի Վերին Խարզան գիւղախմբի 20 գիւղերի հայ բնակչութեան մի մասի հետ փախել են Մարաթուկ սար եւ փրկուել: [iv] Գուս – Կուս գետի աջ ափին գտնուող Կուսգետ գիւղը, Սասունի Խաբըլջոզի կամ Հազզոյի շրջանի հայկական գիւղերից, որին արաբները Խըլըխտա էին կոչում: Մինչեւ Ցեղասպանութիւնը գիւղն ունէր 80 տուն բնակչութիւն հայ քուրդ միասին… Կուսգետն ունէր մի եկեղեցի Մ. Աստուածածին անունով (Պետոյեան, Սասունի, էջ 57): [v] Զենըթ – Պէտք է որ Իրիցանք (տես թիւ 27 ծթթ.)  գիւղից ոչ-հեռու գտնուող Զէյնըկ գիւղը լինի, Սասունի հիւսիսում, Շատախի տարածքում (Պետոյեան, Սասունի, էջ 29):  1878ին 140 հայ բնակչութեամբ Զեւըկ անունով գիւղ է յիշատակում Տեւկանցը Պասորք/Բասորքի (տես թիւ 12 ծթթ.) մօտակայքում (Տեւկանց, էջ 122): [vi] Հայլար – «Հայ» բառին աւելացուել է թուրքերէն «լար» յոգնակիական ցուցիչը, օգտագործւում է «հայեր» իմաստով: [vii] Դերսիմում, Մուշում, Բիթլիսում, Սասունում եւ դրանց հարեւանութեամբ ապրող զազա լեզուով խօսող բնակչութիւն, որոնց ինքնութիւնը զանազանւում է «ալեւի», «զազա ալեւի», «կըզըլբաշ», «քուրդ», «ալեւի քուրդ», «դերսիմցի» եւ այլ ինքնանուններով: [viii] Ալեւիզմը շիիզմից առանձնացած եւ իսլամական պաշտօնական կրօնական ինստիտուտներին հակադրուող կրօնական ուղղութիւն է, որ մահմեդականների կողմից որպէս աղանդ է որակւում: Ալեւիզմի հետեւորդները Թուրքիայում լեզուա-կրօնական խմբեր են: Թուրքիայում ալեւիներ շատ կան յատկապէս հարաւային եւ արեւելեան շրջաններում` ներկայիս Հաթայի թուրքմէնների, արաբների, Դերսիմի, Մուշի, Սասունի, Բիթլիսի, Երզնկայի գլխաւորապէս զազախօս բնակչութեան միջավայրում: [ix] Փուշուտ (նաեւ՝ Փշուտ, Փուշրուտ) – Գիւղ Սասունի Փսանք գաւառակում: Ըստ Սոֆիա Մանուկեանի նիւթերի Հռութ գիւղի հետ միասին «Փշուտ գիւղը Ցեղասպանութիւնից յետոյ մինչ 1980ականների վերջը եղել է ամենախիտ հայ քրիստոնեայ բնակչութիւնն ունեցող գիւղն ամբողջ Սասունում: Սրանց մեծ մասը տիրապետել է հայերէնի, սակայն երիտասարդ սերունդն աւելի շատ արաբախօս է» (Սոֆիա Հակոբեան, Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանութիւնից յետոյ մինչ այսօր, Մարտի 2, 2016,- http://horizonweekly.ca/news/details/81770): Նույնն են վկայում նաեւ Գոմք գիւղի արաբախօս, մահմեդական հայ եղբայրները (տես «Իրենց հայ լինելը չեն ժխտում, բայց շատ են ձուլուել, մուսուլման են դարձել» պատմութիւնը): Ըստ Ցեղաղասպանութիւնը վերապրած Ստեփան Յարութիւնեանի 1916ի վկայութեան, Փշուտ գիւղի 150 բնակիչներից ոչ մեկը չի փրկուել (ՀԱԱ, ֆ.227, ց.1, գ.439, թթ.4 եւ շրջ., 2 շրջ., բնագիր, ձեռագիր),- Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում, Հ. 2, էջ 288): Մնում է եզրակացնել, որ Փշուտ գիւղում յետագայում հաւաքուել են տարբեր վայրերում փրկուած առանձին մարդիկ: [x] Նորշէն – Նորշէն գիւղ կար Սասունի Փսանք գիւղախմբում, որի մօտ գտնւում էր Սուրբ Կոնոնսի վանքը: 200 հայ բնակչութեամբ Նոր շէն  անունով գիւղ է յիշատակում 1878ին Արիստակէս Տեւկանցը  Խարզանի հայկական գիւղախմբում  (Տեւկանց, էջ 116) [xi] Գոշ, Գոշակ, Կոշակ – Սասունի Վերին Խարզան` Խաբլջոզի շրջանի գիւղերից, մինչեւ 1915 ունեցել է 5 տուն հայ բնակչութիւն (Պետոյեան, Սասնայ, էջ 11): 1916թ. փրկուած եւ Կովկաս փախած ականատեսներից գրանցած տեղեկութեան համաձայն գիւղն ունեցել է 10 տուն, որից  5ը՝ հայ,  5ը՝ քուրդ (ՀԱԱ, ֆ.227, ց.1, գ.452, թ.30 շրջ., բնագիր, ձեռագիր): Վերապրած Մկրտիչ Թորոսեանի վկայությամբ, Կօշակը Խաբըլջոզի գայմագամութեան 200 հայաբնակ գիւղերից այն 20ից մէկն էր, որի բնակիչների ջարդերից փրկուած մնացորդները բարձացան Մարաթուկ սար եւ ազատուեցին յետագայ ջարդերից (ՀԱԱ, ֆ.227, ց.1, գ.439, թ.30 շրջ., բնագիր, ձեռագիր, («Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում», Հ.2, էջ 286): [xii] Երիցանք –1878ին Մշոյ Շատախի գիւղախմբում կար Իրիցանք գիւղ՝ 144 մարդ հայ բնակչութեամբ (Տեւկանց, էջ 71): Ի. Դարասկզբին Իրիցանքը Սասունի Հաբլջոզի կամ Հազզոյի գիւղախմբում էր, մինչեւ 1915ը ունեցել է 10-13 տուն հայ եւ քուրդ բնակչութիւն (Պետոյեան, Սասունի, էջ 57): [xiii] Փերշին- Փրշուտ, գիւղ Սասունի Փսանք գաւառակում: [xiv] Երաժշտութեամբ հարսանիք չեղաւ, քանի որ գիւղում մարդ էր մահացել: Առհասարակ տարածուած սովորութիւն է թէ՛ հայերի, թէ՛ թուրքերի, թէ՛ քրդերի մէջ, կապ չունի ազգամիջեան յարաբերութիւնների հետ: [xv] Գովընդ – Կլոր, դանդաղ շուրջպար: Սովորաբար պարում էին հարսանիքներին: Կարող էր առանց ընդհատումների տեւել երեք-չորս ժամ: Պարողները յաճախ պարում էին սեփական երգի մեղեդու հնչիւնների տակ: [xvi] Շարքը – Տուեալ դէպքում՝ մեղեդին: [xvii] Ադաք – մատաղ, զոհաբերութիւն: [xviii] Պատմողի տեղեկութիւններով Մուշում յիսունականներին դեռ հայերէն իմացող մարդ շատ կար, ծածուկ միմեանց հետ հաղորդակցւում էին: [xix] Տալհոր, Դալհոր – 1878ին Տեւկանցը Տալվորը հիշատակում է «Հազուան կամ Սասուն» գաւառակի գիւղերի շարքում՝ 129 թուով բնակչութեամբ (Տեւկանց, էջ 119), իսկ Ի. Դարասկզբի համար Պետոյեանը այն համարում է Սասունի Փսանք գաւառակի գիւղերի մեջ (Տեւկանցը Փսանքը՝ Պսանք, նոյնպէս թուարկում է «Հազուան կամ Սասուն» գաւառակի գիւղերի շարքում, էջ 119), մինչեւ Ցեղասպանութիւնը գիւղն ունէր 32 տուն հայ բնակչութիւն, 350 մարդ, Ս. Տղամանուկ եկեղեցի (Պետոյեան, Սասնայ, էջ 9): Ըստ ջարդերից փրկուած Ստեփան Յարութիւնեանի վկայութեան գիւղն ունեցել է 15 տուն, բոլորը՝ հայեր, 200 մարդ, փրկուել են 11ը (ՀԱԱ, Ֆ.227, Ց.1, Գ.439, Թ. 4 եւ շրջ., 2 շրջ., տե՛ս «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում», Հ.2, էջ 288): [xx] Քոմըրդի – Գիւղի տեղորոշումը չկարողացայ ճշտել: Հնարաւոր է, որ այն  Սասունի Վերին Խարզան (Խաբըլջոզ) գիւղախմբի Գոմըրդեր (Գոմարտեր) գիւղը լինի: [xxi] Տընգիկ, Տնգետ, Տնկէտք, Տնկեր – Սասունի Հաբլջոզի կամ Հազզոյի գիւղախմբի գիւղերից, մինչեւ 1915 ունեցել է 18 տուն հայ բնակչութիւն, 200 մարդ (Պետոյեան, Սասնայ, էջ 11): 1958ի համար Տեւկանցը Տնկերի հայ բնակչութեան մասին աւելի մեծ թիւ է գրել՝ 240 մարդ (Տեւկանց, էջ 118):  Ըստ ջարդերից փրկուած Մկրտիչ Թորոսեանի գիւղն ունեցել է 20 տուն, 10ը՝ հայ, 10ը՝ քուրդ, հայերի զգալի մասը կարողացել է բարձրանալ Մարաթուկ սար եւ յետագայում փրկուել են (ՀԱԱ, Ֆ.227, Ց.1, Գ.452, Թ. 25, տե՛ս «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում», Հ.2, էջ 286): [xxii] Արփի – Մօտկանի (տես ծթթ. 38)  շրջանի գիւղերից, մինչեւ Ցեղասպանութիւնն ունէր հարիւր տուն հայ բնակչութիւն, շէն եւ կամարակապ եկեղեցի (Պետոյէան, Սասունի, էջ 60): Աւելի վաղ, 1878ին, Ա.Տեւկանցը Մօտկանի Արփի գիւղի հայ բնակչութեան թուի մասին գրում է 217, եւ յիշատակում Թուխմանուկ եկեղեցի (Տեւկանց, էջ 106): Արփիում մինչեւ այսօր հայախօսութիւնը պահպանուել է (տե՛ս՝ «Մեր Տունը Քանդուած Էր» պատմութիւնը՝ Խօսելով Միմեանց Հետ. Անձնական Յիշողութիւններ Անցեալի Մասին Հայաստանում Եւ Թուրքիայում, էջ 83-92): [xxiii] Մօտըկան, Մօտկի, Մուտկի, Մուտքի, Մօտկան, Մուտկան – գիւղախումբ Բիթլիս Նահանգի համանուն գաւառի մէջ` ներառելով նաեւ Խութը (Խութ-Բռնաշէն): Հայկական Տաւրոսի փէշերին է, հիւսիսից սահմանակից է Մուշին, արեւելքից` Բիթլիսին, հարաւից` Շիրվանին եւ Խարզանին, արեւմուտքից` Սասունին: Երբեմն մտնում էր նաեւ Սասունի կազմի մէջ: Ի. դարի սկզբին բուն Մօտկանը ունէր աւելի քան 70 բնակավայր, որոնցում կամ լիովին հայեր էին ապրում, կամ` քրդերի հետ խառը (Պետոյեան, Սասունի, էջ 82): 1878ին Մօտկանի հայկական գիւղերից 25ի մասին տեղեկութիւններ է թողել Արիստակէս Տեւկանցը (Տեւկանց, էջ 106): 27.08.1916ի մի վկայութեան համաձայն Մօտկանի հայկական գիւղերից գերիներ էին պահւում Մուշի գաւառի Դերիկ գիւղում (ՀԱԱ, ֆ.227, ց.1, գ.442, թ.1-4, տես «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում», Հ.2, էջ 238), այսինքն՝ Մուշը ռուսների կողմից գրաւուելուց եւ փրկված հայերի Կովկաս տեղափոխուելուց յետոյ: Հնարաւոր է, որ այդ գերիները յետագայում հնարաւորութիւն են ունեցել վերաբնակուելու Մօտկանի դատարկուած հայկական գիւղերում: [xxiv] Գիտեն համ զազա, համ արմանջա – գիտեն թէ՛ զազայերէն, թէ՛ հայերէն:

Lragir.am,
26-03-2020 21:31