Պուտինի չարագուշակ հայտարարությունը

26-03-2020 22:40

«Մենք երկու խնդիր ունենք. փաստացիորեն փլուզվել է նավթի, իսկ դրանից հետո նաեւ այլ էներգառեսուրսների շուկան, եւ հիմա էլ այս վիրուսն է վրա հասել: Իհարկե, ես արդեն խոսել եմ այդ մասին եւ եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել. ամենակարեւոր խնդիրը քաղաքացիների կյանքի եւ առողջության պահպանումն է: Սա ակնհայտ է: Բայց ակնհայտ է նաեւ, որ եթե տնտեսությունը փլուզվի, ապա այդ ամենակարեւոր խնդիրը լուծելու համար ռեսուրսներ չեն լինի: Կյանքում, որպես կանոն, ամեն ինչ շատ փոխկապակցված է», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նավթի ու էներգակիրների շուկան փլուզվել է մի շարք գործոնների արդյունքում, որոնց թվում իր «ներդրումն» ունի Ռուսաստանը: Բանն այն է, որ նավթի գների փլուզումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՌԴ-ն դուրս եկավ ՕՊԵԿ համաձայնությունից եւ նաեւ անձնական վիրավորանք հասցրեց Սաուդյան Արաբիայի թագավորին: Այդ համաձայնությունը վերաբերում էր նավթի արդյունահանման կրճատմանը՝ գները պահպանելու կամ փլուզում թույլ չտալու նպատակով: Հետագայում Մոսկվան փորձեց վերականգնել երկխոսությունը Սաուդյան թագավորի հետ, բայց Կրեմլում հաշվի չէին առել, որ փողից, ագահությունից ու շահերից վեր կան արժեքներ, օրինակ՝ արժանապատվությունը, այն էլ՝ թագավորական: Սաուդյան Արաբիան աշխարհը հեղեղել է էժան նավթով եւ փորձում է Ռուսաստանին դուրս մղել նրա ավանդական շուկաներից: Թե որքան կտեւի այս պատերազմը՝ դժվար է ասել, սակայն նույնիսկ համաձայնության դեպքում, սպասվող տնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում նավթի գները երկար ժամանակ չեն վերականգնվի: Սակայն նույնիսկ վերականգնվելու դեպքում Ռուսաստանին սպասվում են բարդ տարիներ: Խնդիրն այն է, որ Կրեմլի վարչակարգը նավթի բարենպաստ գների ժամանակներում ստացված հսկայական գումարները ծախսում է ոչ թե երկիրն արդիականացնելու եւ սոցիալական, առողջապահական եւ այլ խնդիրները լուծելու, այլ իր գեոպոլիտիկ հավակնությունները բավարարելու, աշխարհի տարբեր մասերում հիբրիդային պատերազմներ ֆինանսավորելու նպատակով, որին էլ գումարվում է անպատկերացնելի կոռուպցիան: Նավթային գումարները, միեւնույն է, ծառայելու են այդ խնդիրներին: Այս ֆոնին, Պուտինի հայտարարությունը չարագուշակ է հնչում ու միաժամանակ՝ խիստ հատկանշական: Դա փաստացի խոստովանություն է, որ ինչ որ պահի մարդկանց պաշտպանելու ռեսուրսները կարող են չբավականացնել: Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման պաշտոնական վիճակագրությունը բավական բարվոք է Եվրոպայի հետ համեմատած, թեեւ ընդդիմադիր եի կիսապաշտոնական շրջանակները պնդում են, որ տեղեկատվությունը թաքցվում է, այդ թվում ախտորոշումների մասով: Մյուս կողմից, կառավարությունը, տնտեսական օգնության ծրագրերին զուգահեռ, խստացնում է հարկային վարչարարությունն ու նոր հարկեր սահմանում: Հայաստանի տնտեսությունը սերտ կապված է ՌԴ տնտեսությանը, հարյուր հազարավոր հայաստանցիներ ապրում ու աշխատում են Ռուսաստանում: Ինչ է սպասվում նրանց:

Lragir.am,
26-03-2020 22:40