Բյուրականի աստղադիտարանը Փարիզ-Սակլեյ համալսարանի ամսագրի էջերում

26-03-2020 23:47

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հայտնվել է Փարիզ-Սակլեյ համալսարանի ամսագրի էջերում: Հոդվածը նվիրված է ԲԱ և Փարիզ-Սակլեյ համալսարանի միջև համագործակցությանը, ԲԱ «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի և ԲԱ տնօրեն, վերոնշյալ բաժնի ղեկավար Արեգ Միքայելյանի գործունեությանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Արեգ Միքայելյանը զբաղվել է քվազարների և Սեյֆերտի տիպի գալակտիկաների ուսումնասիրությամբ:  Աստղագիտական շրջահայությունների շնորհիվ նրան և նրա թիմին հաջողվել է տիեզերքում հայտնաբերել հազարավոր նոր մարմիններ՝ սպիտակ թզուկներ, կապույտ աստղային օբյեկտներ, ակտիվ գալակտիկաներ, ենթակարմիր, ռադիո և ռենտգենյան աղբյուրներ և այլն: Արեգ Միքայելյանի խումբը երկար տարիներ է, ինչ համագործակցում է Ալեն Սարկիսյանի լաբորատորիայի՝ LATMOS-ի հետ: Այս համագործակցությունն իրենից ենթադրում է համատեղ հոդվածների հրապարակում, մասնակցություն եվրոպական ծրագրերին և ավելին: Հարկ է նշել, որ այս կապը սկիզբ է առել դեռևս 2005թ-ին, երբ թե՛ Ֆրանսիան, թե՛ Հայաստանը զբաղվում էին սեփական վիրտուալ աստղադիտարանների ծրագրերի մշակմամբ:

Lragir.am,
26-03-2020 23:47