Հայ-վրացական միասնական որոշում. Երեւանի եւ Թբիլիսիի ժամանակը

Փոխվարչապետ, արտակարգ դրության պրետ Տիգրան Ավինյանը նախօրեին հայտնել էր, որ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հեռախոսազրույցի ընթացքում պետք է քննարկեն կորոնավիրուսի վարակի պայմաններում բեռնափոխադրումների համար ծագող խնդիրներն ու դրանք հնարավորինս արագ հաղթահարելու մեխանիզմները: Հայաստանում եւ Վրաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, արտակարգ իրավիճակ է: Ընդ որում, նկատելի է բավականին էական մի ուրվագիծ՝ թե Հայաստանը, թե Վրաստանը փորձում են իրավիճակը կառավարել այսպես ասած առավելագույն սեփական ջանքով, համաշխարհային նոր իրադրության տողատակում թերեւս զգալով մեծ քաղաքականության շունչը: Այն պահանջելու է թե համաճարակային, թե հետհամաճարակային աշխարհում ճկունության էական աստիճան, ինչը հնարավոր է սեփական ուժի առավելագույն էֆեկտիվության պայմաններում: Դրան զուգահեռ, առկա են իհարկե ընթացիկ խնդիրներ, որոնք սակայն որեւէ կերպ ի վիճակի չեն փոխել ռազմավարական խորքը: Իսկ այդ խորքում այն է, որ հետհամաճարակային աշխարհի անորոշ ուրվագծերը միեւնույն է շարունակում են արդիական պահել ռեգիոնալ շատ որոշակի մի հանգամանք՝ Կովկասի անվտանգության համակարգը կամ կլինի թուրք-ադրբեջանական, կամ հայ-վրացական, եւ մյուս ուժային կենտրոնները կդիրքավորվեն այս կամ այն համատեքստով: Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են եւ այդ դաշնակցության գիտակցումը էական նշանակություն կարող  է ունենալ հատկապես ներկայիս համաշխարհային արտակարգ իրավիճակի ու ճգնաժամի պայմաններում: Ըստ այդմ, Երեւանն ու Թբիլիսին պետք է իրականացնեն թե ընթացիկ խնդիրների շուրջ քննարկումներ, թե ռազմավարական երկխոսություն հետվարակային աշխարհի վերաբերյալ: Ավելին, թերեւս անհրաժեշտ է խորհել որոշակի ժամանակահատվածից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեղ ծրագրեր մասին, այդ թվում, եւ առավել եւս տնտեսական հետեւանքների վերացման առումով՝ հատկապես հետվարակային շրջանում: Մեծ հաշվով, Հայաստանի եւ Վրաստանի տնտեսություններում շատ են այսպես ասած գեոտնտեսական եւ քաղաքական տարբերությունները,  ընդ որում ոչ միայն Արեւմուտք-Ռուսաստան, այլ հատկապես Վրաստանի տնտեսության մեջ թուրք-ադրբեջանական մեծ ներկայացվածության պարագայում: Մյուս կողմից, Վրաստանի համար հենց այդ հանգամանքն է նաեւ էապես առնչվում ազգային անվտանգությանը լայն իմաստով, ու Թբիլսիին թերեւս ունեցել է դրանում համոզվելու մի շարք մտահոգիչ առիթներ: Համաշխարհային ճգնաժամը՝ համաշխարհային տնտեսության էական վերակառուցման եւ վերափոխման անխուսափելի թվացող հեռանկարով, Վրաստանի համար կարող է լինել հնարավորություն փոխել նաեւ սեփական տնտեսական կառուցվածքն ու հարաբերակցությունը, ըստ այդմ ընդհուպ անվտանգային առումով չեզոքացնելով մի շարք մարտահրավերներ ռազմավարական հեռանկարի համար: Վրաստանի հետ ռազմավարական հեռանկարների մշակումն ու դրանց իրագործման հնարավորությունը էական նշանակություն կունենա նաեւ Երեւանի համար: Մեծ հաշվով, նոր իրավիճակը Երեւանի ու Թբիլիսիի ժամանակն է, եթե կողմերը դրսեւորեն համատեղ քննարկումների, որոշումների պատրաստակամություն եւ քաղաքական կամք: Համենայն դեպս Երեւանն այդ հարցում մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը, եւ հատկապես ընդգծված արել է դա թավյա հեղափոխությունից հետո:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
26-03-2020 23:41