Բոլորն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ վաղ թե ուշ երկրի բնակչության 90 տոկոսը վարակվելու է կորոնավիրուսով

Մեր զրուցակիցն է Ստրասբուրգում բնակվող բլոգեր Ռոզա Սարգսյան Ֆենդերը Կնկարագրե՞ք, թե կորոնավիրուսի վարակի տարածման առումով ինչ վիճակ է Ֆրանսիայում և մասնավորապես Ստրասբուրգում: Ձեր գրառումներից պարզ է դառնում, որ կա տագնապ, խուճապ, որ օրեցօր ավելի մեծ թափ է ստանում հիվանդության տարածումը: Մեր ռեգիոնը, որի կենտրոնը Ստրասբուրգն է համարվում, ցավոք սրտի, ամենաշատ տուժած ռեգիոնն է կորոնավիրուսից: Չէի ասի խուճապ, բայց շատ մեծ անհանգստություն կա, որն անտեղի չի: Ամեն ինչ սկսվեց Մյուլուզ քաղաքից, որտեղ փետրվարի 25-27-ի շրջանում կրոնական հավաք էր եղել: Սա մարդկային շատ մեծ անպատասխանատվություն ու հիմար քայլ էր, որովհետև արդեն տևական ժամանակ իրենք խոսում էին վիրուսի մասին, հայտարարում էին, որ չի կարելի հավաքվել, բայց չգիտես ինչու իրենց հոգևոր հովիվը որոշել էր հավաքվել: Եվանգելիստական եկեղեցին էր, և երկու օր նրանք այնտեղ էին: Եթե մինչ այդ քիչ դեպքեր կային, այս դեպքում տարբեր քաղաքներից մարդիկ եկան ու պատկերավոր ասած, դեպքը պայթեց, որովհետև արդեն վարակված մարդիկ ցրվեցին երկրի տարբեր մասերով և սկսեցին վարակել մյուսներին: Որքանո՞վ են խուճապի մատնված Ստրասբուրգի քաղաքացիները, և ընդհանրապես, ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը ձեր քաղաքում: Կա լուրջ անհանգստություն, որովհետև իսկապես, գուցե Հայաստանից կամ ավելի քիչ վիրուսակիր երկրներից նայելիս ասում են՝ լավ, ինչ է եղել, որ, բայց այստեղ արդեն ամեն երրորդ ընտանիքում մեկը վարակված է: Ամուսինս գործարանում է աշխատում, որը Ֆրանսիայի երկրորդ գործարանն է մեծությամբ: Ասում է, որ բազմաթիվ մարդիկ տանն են, որովհետև հիվանդ են, բազմաթիվ մարդիկ հիվանդանոցում են, և դա ռեալ է: Մի բան է հեռվից տեսնելը, մի բան է իսկապես էպիկենտրոնում լինելը: Շատ խառը զգացմունքներ են: Ինչպե՞ս եք պաշտպանվում կորոնավիուսից: Պաշտպանության առումով այս պահին գոնե ֆրանսիացիների 90 տոկոսը հասկացել է, թե ինչ պետք է անի՝ ձեռքերը լվանալ, իրարից հեռու կանգնել: Այսօր խանութում մարդկանց հանդիպեցի, որ ծանոթներ էին և 2 մետր հեռավորությունից իրար հետ խոսում էին: Պաշտպանությունը հեշտ է, երբ բոլորը միահամուռ գիտակցում են դրա կարևորությունը: Մտնում ես խանութներ, այդ թվում հացի խանութներ, բոլորը ձեռնոցով են, շատ հաճախ ձեռնոցները փոխում են: Դեմքերը փակ են, ամեն ինչ ստերիլ է: Բոլորը հետևում են կանոններին, և դա միակ պաշտպանությունն է: Երևի ոչ թե ամենասկզբում էր խուճապը, այլ երբ արդեն հասկացան, որ լուրջ է վտանգը: 2-3 օր խուճապ էր, մարդիկ սկսեցին խանութներից ամեն ինչ առնել, բայց մյուս կողմից դա բացատրվում է նրանով, որ հայտարարեցին, որ կարանտին է, բոլորը պետք է տանը մնան: Մարդիկ էլ շատ բան գնեցին, որ տնից դուրս չգան: Այսինքն որպես էդպիսին, վաղուց այստեղ վախ չկա, որ որևէ ուտելիք կվերջանա: Մի անգամ մտա տեսա խանութը դատարկ է, հաջորդ օրը նորից բերել, լցրել էին: Միգուցե ուշ է լցվում, բայց լցվում է: Որևէ սննդի կամ ապրանքի պակաս չկա՝ բացառությամբ դիմակների և ալկոգելի, որի բացը հիմա փորձում են լրացնել: Մակրոնը ժողով էր արել, բժիշկների կարծիքն էր հարցրել, նրանք էլ պատասխանել էին, որ նվազագույնը ևս 6 շաբաթ պետք է կարանտին լինի, որպեսզի վարակների թիվը դադարի և իրենք կարողանան զբաղվել հիվանդանոցներով, որտեղ հիվանդները լիքն են: Հիմա կարանտինի ժամկետը երկարացրել են մինչև ապրիլի 15-ը, բայց բոլորը խոսում են այն մասին, այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մայիսի վերջը: Ուղղակի իրենք փորձում են քիչ-քիչ ավելացնել ժամկետը, որպեսզի մարդիկ շատ չնյարդայնանան այս վիճակից: Ե՞րբ Ֆրանսիան բնականոն կյանքի կվերադառնա, ի՞նչ են խոսում այս մասով: Թրամփը հայտարարում է, որ ապրիլի 12-ից պետք է վերադառնան բնականոն կյանքի: Ես չեմ կարող Ֆրանսիան համեմատել Ամերիկայի, Իտալիայի, Իսպանիայի հետ, որովհետև Ֆրանսիան շատ սոցիալիստական երկիր է, և իրենից ակնկալիքները շատ ավելի շատ են: Օրինակ, հետևում եմ ամերիկյան հայ կանանց աջակցության խմբին, որտեղ ասում էին, որ ճիշտ է, Ամերիկան քայլեր է անում, բայց նշվում է, որ ֆինանսական աջակցությունը, արտոնությունները ժամանակավոր են, ապահովագրության հետ կապված խնդիրներ կան: Ֆրանսիայում այդ խնդիրները չկան, բայց անորոշությունը կա, քանի որ մարդիկ մտածում են՝ լավ, որքան է դեռ շարունակվելու այս վիճակը, դեռ որքան է երկիրը դիմանալու: Բանն այն է, որ այն ամբողջ խնայողությունը, որ երկիրն ունի, դրել է տնտեսությունը պահպանելու վրա: Բայց եթե այս վիճակը ձգվի մինչև սեպտեմբեր, բնական է, մարդիկ, մտածում են, որ դա կարող է խնդիրների առաջ կանգնեցնել բոլորիս: Հեռուստատեսությամբ մի պաշտոնյա բժիշկ զայրացած ասում էր, որ պետք է ամեն ինչ դադարեցվի, այդ թվում մեքենաշինությունը, ավիակոնստրուկցիոն բիզնեսը, բայց մյուս կողմից տնտեսագետն ասում էր, որ աբսուրդ է, այդ մարդիկ այսօր աշխատում են, որ կարողանա երկիրը գումար շահել: Եթե երկիրը զրոյացնի ամեն ինչ, ամեն ինչ կգնա զրոյի: Անորոշությունը սրա մեջ է: Մարդիկ հենց այս մասին են մտածում, քան այն մասին, որ հեսա բոլորս կմահանանք: Ինձ թվում է, այստեղ բոլորն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ վաղ թե ուշ երկրի բնակչության 90 տոկոսը վարակվելու է կորոնավիրուսով: Ընդհանուր Ֆրանսիայում վարակվածների թիվը 36-37 հազար է, որի կեսը մեր ռեգիոնից են: Այստեղ հիվանդանոցն այնքան էր ծանրաբեռնված, որ զինվորական հիվանդանոց կառուցեցին հենց պարկինգում, նաև հատուկ արագընթաց գնացքով հիվանդների տեղափոխեցին այլ ռեգիոններ: Երբ այստեղ ասում էին, որ մահճակալները չեն բավականացնում, խոսքը միայն մահճակալի մասին չէ, ամեն մահճակալ հագեցած է իր լրիվ սարքավորումներով: Դրա համար ստիպված էին հիվանդներին տեղափոխել հարևան ռեգիոններ: Շատ եմ լսում կարծիքներ, որ սա պետությունն է անում ծերերից ազատվելու համար: Սա աբսուրդ է, և այստեղ դա չի քննարկվում, անգամ տրամաբանական չէ, որովհետև ծերերի հետ հիվանդանում են շատ արժեքավոր բժիշկներ, անձնակազմ, ինչը պետությանը ձեռնտու չէ: Եվ ինձ համար հայկական և ռուսական մամուլում դա լսելը, կամ օգտատերերի կողմից նման գրառումներն աբսուրդի ժանրից են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
30-03-2020 09:53