Կառավարությունն ուզում է արտակարգ դրության ժամանակ սմարթֆոններով հետևել մարդկանց տեղաշարժին

30-03-2020 11:18

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որն օրակարգի առաջին հարցը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է: «Հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերը՝ անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ պանդեմիայի կանխարգելման միջոցառումներ իրականացնել: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ խումբ, որը ներառել է թե հայաստանյան, թե արտասահմանյան վերլուծաբանների, ՏՏ ոլորտի և արհեստական բանականության մասնագետների, այլ փորձագետների, որոնք մշակվել են պանդեմիայի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները և ուսումնասիրել են այլ երկրների առաջավոր փորձն այս ոլորտում»,- ասաց նա: Վերոնշյալը հաշվի առնելով, նախարարի խոսքով, նախաձեռնվել են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Դրանցով առաջարկում է օպերատիվ ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ ներդնել»,- հավելեց նախարարը:

Lragir.am,
30-03-2020 11:18