Ոստիկանին մարմնական վնասվածք հասցրած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

30-03-2020 11:28

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պարետի որոշումների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի լույս 27-ի գիշերն ուժեղացված ծառայության էին իրականացնում: Ժամը 5:00-ի սահմաններում Օհանովի փողոցում նրանք նկատել են սրընթաց երթևեկող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը կանգնեցրել է մեքենան` խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները մոտեցել են վարորդին՝ պարզելու մեքենան արագ վարելու պատճառը, ինչպես և ստուգելու Պարետի որոշմամբ սահմանված տեղեկություններ պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը: Վարորդը, ոստիկանների օրինական պահանջը լսելով, վրդովվել է ու հայհոյել նրանց՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Ոստիկանության ծառայողները երիտասարդին, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել բաժին: Այդ ընթացքում երիտասարդը ոստիկանների ծառայողական պարտականությունները խափանելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ է հասցրել օպերլիազորներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նույն հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը շարունակել է դրսևորել մեքենայի սրահում՝ դարձյալ հայհոյել ու հարվածել է ոստիկանության ծառայողներին, որոնցից մեկը աչքի շրջանում վնասվածք է ստացել, բայց, չնայած արնահոսող վերքին, շարունակել է հստակ իրականացնել իր գործառույթները: Ոստիկանները պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով` դրսևորել են ծայրահեղ զսպվածություն, ինչն ակնհայտ է նաև տեսագրությունից: Ոստիկանության ծառայողները, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով նույնիսկ չեն պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, ինչը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար կարևոր է: Բերման ենթարկվածը հակաիրավական և հակաբարոյական վարքագիծը շարունակել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում: Ոստիկանություն է հրավիրվել բուժխումբ: Եվ երիտասարդը, հաշվի չառնելով կնոջ ներկայությունը, շարունակել է ոչ իրավաչափ վարքագիծը՝ դարձյալ հնչեցնելով հայհոյանքներ: Քննությանը հայտնի տվյալներով՝ 28-ամյա երիտասարդը ընկերոջ հետ Հարավարևմտյան Ա-2 թաղամասում օղի էր օգտագործել: Խմիչքը վերջացել էր, և ընկերոջ հետ, արդեն ոչ սթափ վիճակում, մեքենայով գնացել էին Օհանովի փողոցի սուպերմարկետ ՝ դարձյալ օղի գնելու: Նա ոչ սթափ վիճակում և բարձր արագությամբ վարել էր մեքենան՝ չմտածելով, որ իր գործողություններով իրական վտանգ է ստեղծում երթևեկության այլ մասնակիցների կյանքի և առողջության համար: Բաժին բերման է ենթարկվել նաև նրա ընկերը: Ստուգվել է նրանց սթափության աստիճանը. երկուսն էլ ալկոհոլային հարբածության վիճակում էին: Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի, կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Lragir.am,
30-03-2020 11:28