Հայաստանն աշխարհքաղաքական նոր գծում. հապաղել չի կարելի

Նավթի գինը միջազգային շուկայում շարունակում է արձանագրել նոր պատմական նվազագույն սահմաններ: Օրինակ, 2002 թվականից ի վեր WTI տեսակի նավթն իջել է 20 դոլարից էլ: Նավթի գնանկումը տեղի է ունենում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, սակայն գների կտրուկ անկման բուն պատճառը նավթի արդյունահանման սխեմայի շուրջ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի անհամաձայնությունն էր, որն ավելի ուշ վերածվեց նավթային պատերազմի, երբ Սաուդյան Արաբիան հայտնեց միջազգային շուկան էժան նավթով ողողելու պատրաստակամության մասին: Ինչպիսին կլինի գների հետագա դինամիկան, պարզ չէ, սակայն հատկապես կորոնավիրուսի բերած ճգնաժամը հուշում է, որ հազիվ թե դրանք մոտ ապագայում ունեն քիչ թե շատ բարձր նիշերի վերադառնալու մեծ հավանականություն: Առավել եւս, որ նավթի գնանկումը ներկայիս ճգնաժամի պայմաններում դիտարկվում է համախարհային տնտեսության սնուցման յուրօրինակ միջոց՝ էժան վառելիքի տեսքով: Ըստ այդմ, ներկայում կարող է ձեւավորվել աշխարհքաղաքական յուրօրինակ մոտիվացիոն մի նոր գիծ՝ նավթ չարդյունահանող եւ արդյունահանող երկրների միջեւ, արդեն գոյություն ունեցող ավանդական աշխարհքաղաքական բաժանարար գծերի ու մրցակցության պայմաններում: Դա իհարկե միարժեք գիծ չէ, օրինակ այն իմաստով, որ ԱՄՆ-ն, լինելով խոշոր նավթարդյունահանող, այդուհանդերձ իր տնտեսական կարողությամբ կախված չէ նավթի գնից, ի տարբերություն մյուս խոշոր արդյունահանող երկրներից: ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցում կլինի էական՝ նավթի գնի դինամիկայի, միաժամանակ նաեւ նավթարդյունաբերողների միջեւ փոխհամաձայնության տեսանկյունից: Վաշինգտոնը կխթանի՞ նավթային պատերազմը: Առայժմ կարծես թե դրսեւորվում է դրա հակվածությունը: Այդ ֆոնին Նահանգները կփորձի արդյունավետ առաջ մղել մերձավորարեւելյան անվտանգային սխեմայի իր գաղափարը, որով փորձում են մեծացնել եվրատլանտյան դաշինքի դերն ու ներգրավվածությունը մերձավորարեւելյան անվտանգային համակարգում: Նավթի ցածր գինը այստեղ էապես թուլացնում է Նահանգների հիմնական մրցակիցներից որոշների մրցունակությունը: Հայաստանի համար այդ իրավիճակում առավել հրատապ եւ արդիական է դառնում զարգացումների հանդեպ ոչ միայն ինտենսիվ ուշադրությունը, այլ նաեւ աշխատանքը ներգրավվածության ուղղությամբ: Նավթի գնանկումը Երեւանի համար եւս ունի որոշակի հարաբերական նշանակություն: Մի կողմից տնտեսության համար առավել էժան վառելիքի հեռանկար, միաժամանակ՝ Ադրբեջանի տնտեսական կարողությունների նվազման հանգամանք, ինչը եւս կարեւոր է Հայաստանի համար, մյուս կողմից ռուսական տնտեսությունում անբարենպաստ իրողություններ՝ հաշվի առնելով Հայաստանի կապվածությունն այդ տնտեսությանը: Առնվազն կարճաժամկետ իմաստով դա տնտեսական խնդիր է, թեեւ մյուս կողմից դա ռազմավարական խնդիր է վաղուց եւ Հայաստանից պահանջում է լուծումներ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ինքնիշխանության եւ անվտանգության տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, նավթային շուկայում գնագոյացման ներկայիս գործընթացը խորքում շոշափում է Հայաստանի համար անվտանգային նշանակության բավական լայն համատեսք, Ռուսաստանից մինչեւ Մերձավոր Արեւելք ձգվող անվտանգային կորով, որտեղ Երեւանը ոչ թե սպառող է, այլ անվտանգություն ձեավորող առաջնային սուբյեկտ: Նավթը նվազեցնելու է Ռուսաստանի աշխարհքաղաքական-անվտանգային կարողությունը, եւ Երեւանը պետք է պատրաստ լինի իր համար կարեւոր կորում ուժերի հարաբերակցության տրանսֆորմացիայի: Այդ առումով, կորոնավիրուսի ներկայիս համաճարակով պայմանավորված շփումներում, որ ունենում է օրինակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մերձավորարեւելյան գոտու երկրների հետ, ստանում են ոչ միայն զուտ համաճարակային կանխարգելման տեսանկյունից էական նշանակություն եւ իմաստ: Հետհամաճարակային աշխարհի առանցքային գործընթացներից եւ իրողություններից մեկը լինելու է Մերձավորարեւելյան անվտանգային նոր համակարգը, որի առումով Հայաստանի ձեւավորած կովկասյան անվտանգային ստատուս-քվոն ձեռք է բերելու նոր որակ ու իմաստ, ընդ որում այդ տեսանկյունից՝ մերձավորարեւելյան համակարգի հետ փոխադարձության սկզբունքով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
30-03-2020 11:51