Մի շարք ոլորտների աշխատակիցներին աջակցություն կտրամադրվի. հայտնի է գումարի չափը

30-03-2020 13:08

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառումների ծրագիրը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա վեցերորդ միջոցառման մյուս թիրախն է, բայց սրանով նաև թիրախ ոլորտներ են սահմանված: «Ոլորտներ ենք սահմանում, որոնք համարում ենք խոցելի կամ տուժած ոլորտներ: Եվ այդ ոլորտների աշխատակիցների համար, որոնք աշխատում են այս պահին, սահմանում ենք օժանդակության վճար՝ մոտավորապես միջին աշխատավարձի չափով»,- ասաց փոխվարչապետը: Ոլորտներն են՝ հյուրանոցային, հանրային սնունդ, զբոսաշրջություն, վարսավիրանոցներ, մանրածախ առևտրի ծառայություններ: Բայց սա չի վերաբերում այն մարածախ առևտրին, երբ վաճառվում է դեղորայք, սնունդ, ոգելից խմիչք ու ծխախոտ: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մանրամասնեց ծրագիրը: Աջակցության չափը հաշվել են հետևյալ կերպ: Նշված ոլորտներում վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսների իրենց հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով աջակցություն կտրամադրվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը, ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, այսինքն՝ 136 հազար դրամը: Եթե վերջին երկու ամիսներին աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձից, ապա նրանք կստանան վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար: «Եվ անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանել ենք աջակցություն, նրանց 2019 թվականի չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կհատկացվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը և ոչ ավելի, քան 136 հազար դրամը»,- հավելեց Նաիրի Սարգսյանը: Ըստ նրա՝ այս ճգնաժամից ամենաշատը տուժել են տուրիզմի հետ առնչվող ճյուղերը՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները և հանրային սննդով զբաղվողները: «Շատ կարևոր է ասել, որ մենք աջակցում ենք հենց աշխատողներին, գումարը հենց աշխատողներն են ստանալու, ոչ թե նրանց գործատուները»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս գումարը նպաստի տեսքով է տրամադրվելու, հարկեր չեն գանձվելու: Նաիրի Սարգսյանը նաև հավելեց, որ վարսավիրանոցներին ու ոչ սննդամթերքի մանրածախ վաճառք իրականացնող խանութները ևս թիրախ խումբ են այս ծրագրով: «Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը, և ծրագրի բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը»,- հավելեց նա:

Lragir.am,
30-03-2020 13:08