Չգրանցված աշխատողները կարող են դիմել ՊԵԿ-ին

30-03-2020 13:22

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ կառավարության աջակցության ծրագրերը չեն վերաբերում չգրանցված մաշխատողներին: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք չունենք գործիք իրենց նույնականացնելու համար: Մենք ո՞նց իմանանք՝ մարդը աշխատել է, բայց չի ֆիքսվել: Եթե նույնիսկ որևէ մեկն ասի՝ ես աշխատել եմ, բայց չի ֆիքսվել իմ աշխատանքը, մենք ո՞նց համոզվենք այդ տեղեկատվության հավաստիության մեջ: Քաղաքացիներն իրենք են շահառու, շատերին թվում է՝ կառավարության համար ենք ասում, որ պետք է աշխատատեղերը ֆիքսվեն: Իհարկե, կառավարության համար էլ է դա կարևոր, բայց առաջին հերթին շահառուն քաղաքացին է, և քաղաքացին ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր աշխատանքն արձանագրվի»: Վարչապետն ասաց, որ այս իրավիճակում կա հետևյալ տարբերակը՝ քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանք կորցրած, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, և չի արձանագրվել իրենց աշխատանքը: Եթե քննության արդյունքում պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի ինչ-որ լուծում տալ ու այդ քաղաքացիներին ներառել ծրագրում: «Քանի որ վերջին 2 տարվա մեջ մոտ 87 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, մենք չգիտենք, թե դեռ ինչքան է մնացել ստվերում: Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ն այդ հարցով զբաղվի»,- հավելեց Փաշինյանը:

Lragir.am,
30-03-2020 13:22