Պատգամավորները քննարկում են կորոնավիրուսից մահացածներին չհերձելու հարցը

30-03-2020 13:48

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը: ­«Արմենպրես»ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մարտի 30-ին խորհրդարանում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: «ՀՀ–ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի` չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով»,– ասաց Ավանեսյանը:

Lragir.am,
30-03-2020 13:48