Բաժնետիրական ընկերությունների որոշումները կընդունվեն առցանց

31-03-2020 15:09

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց  կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: ­ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 31-ի նիստում ստացավ 91 կողմ ձայն: Գործող օրենսդրությունը որոշակիորեն բարդացնում է առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը  և առցանց եղանակով քվեարկությունը: Փոփոխություններով ներդրվում է իրական ժամանակում առցանց քվեարկության գաղափարը, այսինքն՝ դա այնպիսի մեթոդ է, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա չեն, բայց քվեարկությունն իրականացնում են նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման  մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում:

Lragir.am,
31-03-2020 15:09