Պարետը չեղարկել է Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ որոշումը

31-03-2020 15:08

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը  նոր որոշում է ընդունել, որով չեղարկել է Չարենցավանում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման հետ կապված «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը․ «Հարգելինե՛րս, հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության: Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն: Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից: Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:

Lragir.am,
31-03-2020 15:08