Նիկոլ Փաշինյանի առաջին տապալումը

Խորհրդարանում մերժվել է վարակակիր քաղաքացիների բջջային հեռախոսազանգերի արձանագրման եւ դրա միջոցով շփման շրջանակը պարզելու կառավարության նախաձեռնությունը: Արտակարգ դրության պարետատունը այն հրատապ բերել էր խորհրդարան, որպեսզի կիրառի կորոնավիրուսի դեմ պայքարում: Նախաձեռնությունը աղմկոտ էր, ընդդիմությունը բարձրացնում էր անհատական տվյալների պաշտպանության, քաղաքացու ազատության սահմանափակման հարցադրումը: Թեեւ առաջին ընթերցմամբ օրենքը անցավ, բայց երկրորդ ընթերցումը տապալվեց, քանի որ ԼՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններն այսպես ասած խաբս տվեցին մեծամասնությանը: Նրանք չմասնակցեցին քվեարկությանն, ու մեծամասնության եղած պատգամավորների ձայները բավարար չէին ընդհանուր գրանցվածների ֆոնին քվորումի համար: Փաստացի, տեղի ունեցածը կառավարության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին խոշոր տապալումն է խորհրդարանում: Համենայն դեպս, թե իրավիճակի, թե դրանում նախաձեռնության բնույթն ու հրատապությունը հիմք են տալիս խոսել այն մասին, որ տապալվել է հակահամաճարակային կարեւոր նախաձեռնություն: Իսկ եթե խոսքը կարեւոր նախաձեռնության մասին է, ապա կնշանակի, որ տապալումն էլ խոշոր է: Իհարկե, այլ հարց է, որ շատ քաղաքացիներ, մասնագետներ, ու նաեւ ընդդիմությունը կասկածի տակ էին դնում մեթոդի էֆեկտիվությունը եւ կասկածում էին, որ կառավարությունն ունի ինչ որ հետին նպատակ: Հետին նպատակի կասկածներն իհարկե իրենց գերակշռող մեծամասնությամբ այնպիսին էին, ինչպիսին օրինակ Խաչիկ Ստամբոլցյանի կասկածները սոցիալական համարանիշ-քարտերի տրամադրման գործընթացում: Բայց, տվյալ պարագայում խնդիրը ոչ այնքան կասկածների ռացիոնալությունն է, որքան օրենքի կարեւորության կառավարության ներկայացրած աստիճանը: Ու քանի որ այն բարձր էր բավականին, ապա ստացվում է, որ խորհրդարանում կառավարությունն այդ բարձրից ընկավ ցած: ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին մեղադրելը միամտություն կլինի, մի շարք առումներով: Ի վերջո, նրանց գործունեության նպատակն է ամեն անգամ կառավարությանը գցել ցած: Մինչդեռ, կառավարությունը խորհրդարանում ունի 88 հոգանոց հսկա պատվանդան, եւ, եթե ընկնում է, ապա կամ ինքն է շատ վատ կանգնում դրա վրա, կամ պատվանդանն է շատ երերուն: Անշուշտ, պետք չէ տեղի ունեցածը վերածել ողբերգության եւ դիտարկել ներքաղաքական ստատուս-քվոյի շուրջ կասկածերի համատեքստում: Բայց անկասկած է, որ խորհրդարանում վարչապետի առաջին լուրջ տապալումը կառավարող մեծամասնության շրջանակում կունենա լուրջ քննարկում, պարզելու համար կառավարող մեծամասնության քաղաքական թեստավորման անհրաժեշտությունը՝ քաղաքական վարակի առկայության կամ բացակակության իմաստով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
31-03-2020 15:12