Ապրելու եմ Արցախում, հնարավորություններիս սահմանում օգտակար կլինեմ մեր հայրենիքին. Բակո Սահակյան

31-03-2020 15:29

Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 13:00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը կնոջ` Անահիտ Սահակյանի հետ: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Սահակյանն ասել է, որ ինքը նպատակ ունի մնալու Արցախում և իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինելու մեր հայրենիքին: Այն հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Բ. Սահակյանը պատասխանել է, որ Արցախը հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելիություն: «Համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն: Այս տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանի էլ ավելի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամ դարձնելուն: Արցախի յուրահատուկ պատկանելիությունը կայանում է նրանում, որ այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին, և այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված էինք արցախցիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով, ֆիզիկական անվտանգությունն ապահովելով: Գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը, և շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողվրդի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,- նշել է Սահակյանը: Արցախի Հանրապետության նախագահի խոսքով՝ այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, կատարվել է հավաքական ներուժի միջոցով: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այդ հաջողությունները արձանագրելու գործում: «Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- ասել է նախագահը:

Lragir.am,
31-03-2020 15:29